Նորություններ
Տպել

 

Անդին ամսագրի աջակցությամբ մայիսի 29-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ պատմաբան Արտակ Մովսիսյանի «Արարատ-Ուրարտու թագավորությունը» գիտահանրամատչելի ֆիլմի հայերեն տարբերակի ցուցադրությունը:

 Երկու ժամ տևողությամբ ֆիլմը ներկայացնում է Ուրարտու պետության ստեղծման պատմությունը, երկրանվան հիշատակման սկզբնաղբյուրները, ուրարտական արքաների նվաճողական քաղաքականության սահմանները` այդ ամենը զուգահեռելով հնագիտական փաստերով, ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գիտնականների մեկնաբանություններով:

 Հեղինակը ֆիլմում անդրադարնում է ուրարտերեն սեպագրին, դիցաբանական-հավատալիքային համակարգին, ինչպես նաև թագավորության շրջանում ստեղծված արվեստի գործերին: Անիմացիոն քարտեզներով ներկայացվեց նաև Ուրարտու պետության սահմանները, ուրարտացի արքաների արշավանքների ուղղությունները, ռազմավարական նշանակության ամրոցների տեղաբաշխվածությունը և այլն:

 Ֆիլմի երաժշտության հեղինակը Վահան Արծրունին է: Նկարահանումներն իրականացվել են  շուրջ ինը տարի Հայաստանում, Արևմտյան Հայաստանում և Իրանի շուրջ երեսուն հնավայրերում: Նկարահանումներ են կատարվել նաև Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Ուրմիա քաղաքի հնագիտական թանգարանում և «Բեհիսթուն» հնավայր-արգելոցում, Հայաստանի պատմության պետական թանգարանում, Երևանի պատմության թանգարանում, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

 Ֆիլմում ներկայացվում են հարցազրույցներ ՀՀ, ԱՄՆ, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իրանի և Թուրքիայի 16 մասնագետների հետ, որոնք ներկայացնում են Արարատ-Ուրարտու թագավորության տեղն ու դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ:

 Նշենք, որ ֆիլմը ունենալու է ռուսերեն, անգլերեն, թուրքերեն ու պարսկերեն տարբերակներ, որոնք շուտով պատրաստ կլինեն: «Արարատ-Ուրարտու թագավորությունը» գիտահանրամատչելի ֆիլմի ցուցադրությունը նախատեսվում է նաև հեռուստատեսությամբ, ինչպես նաև հասանելի կլինի համացանցում:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am