Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Զաքարյաննրի իշխանապետությունը

 Զաքարյանների իշխանապետությունը: XII դարում քայքայվող սելջուկյան տիրակալության դեմ Վրաստանում և Հայաստանում ծավալվեց ազատագրական պայքար, որը գլխավորում էին վրաց Բագրատունիների շուրջ համախմբված Օրբելյանները և Արծրունի-Զաքարյանները: Վերջիններիս նախնի Խոսրով Արծրունին XI դարի երկրորդ կեսին, խուսափելով սելջուկյան նվաճողների բռնություններից, իր րնտանիքով տեղափոխվել էր Գուգարք և ծառայության մտել Տաշիր-Ձորագետի Բագրատունյաց արքունիքում; Վասալական ծառայության դիմաց Կյուրիկե I Բագրատունին ( 1048-մոտ 1090) Խոսրով Արծրունուն և նրա որդի Զաքարիային շնորհել էր Խոժոռնի բերդը և շըջակա հողերը: Մեծ հեղինակություն ձեոք բերած Զաքարիայի անունով էլ Խոժոռնու Արծրունյաց իշխանատունն այնուհետև կոչվեց Զաքարյան, թեև նրա թոռները՝ Սարգիս Մեծի որդիներ Զաքւսրեն ե. Իվանեն Ամբերդի արաբաւոառ արձանագրության մեջ հիշատակված են նաև «Արծրունիներ»:

  XI դարի երկրորդ կեսին Արծրունյաց տոհմի մի ուրիշ իշխան՝ Վահրամը, նույնպես իր րնտանիքով հաստատվել էր Գուգարքի Ջորափոր գավառում և վասալական ծառայության դիմաց Կյուրիկե I Բագրատունուց ստացել Մահկանաբերդ և Կայան բերդերը՝ շրջակա հողերով հանդերձ: 1118 թ, երբ Վրաստանին միացվեց Կյուրիկյանների թագավորության տարածքի զգալի մասը և վրաց Բագրատունիները այն շնորհեցին Օրբելյաններին, Զաքարյան-Արծրունի իշխանատները դարձան Օրբելյանների վասալներ:
 Վրաց թաղավոր Դեմետրե 1-ի օրով ( 1125-1156) Վահրամի որդի Վասակ Արծրունին կարգվեց Թփղիս քաղաքի շահապ (քաղաքազլուխ), որին 1170-ական թթ. հաջորդեց եղրայրը՝ Ամիր Քուրդ Արծրունին: Վերջինիս քույր Սահակադուխտն ամուսնացել էր Զաքարիայի որդի Սարգիս Մեծի հետ: Նրանց որդիներն էին Զաքարյան տոհմի նշանավոր ներկայացուցիչներ Զաքարեն ու Իվանեն: Գեորգի III թագավորր 1161-1165 թթ. Շադդադյան ամիրայությունից ազատագրված Անի քաղաքի կառավարիչ կարգեց Իվանե Օրբելյանին, իսկ օգնական՝ Սարգիս Մեծ Զաքարյանին; Նույն պաշտոնները նրանք վարեցին նաև 1174-1178 թթ., երբ Անին վերստին ազատագրվեց Շադդադյաններից:
 1177-1178 թթ. Գեորգի III թագավորի դեմ ծավալված գահակալական կռիվների ժամանակ հայ-վրացական զորքերի ամիրսպասալար Իվանե Օրբելյանը պաշտպանեց իր փեսային՝ գահի հավակնորդ Դեմետրեին: Սակայն հայկական զորքերի հրամանատար Սարգիս Մեծ Զաքարյանի աջակցությամբ հաղթանակր շահեց Գեորգի III-ը: Պարտված Օրբելյանների տոհմը սրատվեց, փրկվածներն ապաստանեցին Սյունիքում: Վրաց Բագրատունիների արքունիքում խիստ բարձրացավ Զաքարյանների հեղինակությունը, և նրանք դասվեցին վրաց խոշոր ավատաոուների կարգը:
 1185 թ. Թամար թագուհին Սարգիս Մեծին շնորհեց հայ-վրացական զորքերի գերագույն հրամանատարի՝ ամիրսպասալարի պաշտոնը, ինչպես նաև Օրբելյանների նախկին այն տիրույթները, որոնք վրացական աղբյուրներում հիշատակվում են Սոմխեթ (Հայաստան) անվանումով: Սարգիս Մեծի մահից (1187 թ.) հետո Զաքարեն կարգվեց հայ-վրացական զինված ուժերի ամիրսպասալար, իսկ Իվանեն՝ վրաց արքունի մեծ վեզիր: Ամիր Քուրդ Արծրունին նշանակվեց Քարթլիի և Թփղիսի էրիսթավների էրիսթավ, ինչպես նաև վրաց արքունի գանձապետ: Վահրամ Զաքարյանի (Սարգիս Մեծի եղրայրը) ավագ որդի Զաքարեին շնորհվեց Գագ ամրոցը և մերձակա հողերր, իսկ կրտսեր որդի Սարգսին՝ Թմբուկ (Թմոդվի) բերդր և շրջակա գավառը: Հայ-վրացական սերտ համագործակցության արդյունքում ոչ միայն ամրապնդվեց և հզորացավ վրաց Բագրատունյաց թագավորությունը, այլև սելջուկյան նվաճողներից շուտով ազատագրվեցին Հայաստանի հյուսիսային, հյուսիսարևելյան և կենտրոնական նահանգները:
 1195 թ. Ատրպատականի աթաբեկության զորքերը ներխուժեցին Հայաստան՝ նպատակ ունենալով կանխել հայ-վրացական ուժերի առաջխաղացումը և ամրապնդել իրենց տիրապետությունը: Սակայն Շամքորի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում Զաքարյանները գլխովին ջախջախեցին և ետ շպրտեցին թշնամուն: Զարգացնելով հաջողությունը Զաքարյանները 1196-1211 թթ. հաղթարշավով ազատագրեցին Ամբերդը, Անին, Բջնին, Դվինը, Կարսը, Մանազկերտր, Արճեշը, Բագրևանդ գավառր, Տուրուբերան նահանգի մեծ մասը, Սյունիքը և Վասպուրականի հյուսիսարևեյան որոշ գավառներ:
 Ազատագրված հայկական հողերի կառավարումն անցավ Զաքարյաններին և նրանց վասալ հայ իշխաններին: 1212 թ. Զաքարյանների տիրույթները Հայաստանում ընդգրկում էին Գուգարք, Այրարատ, Արցախ և Սյունիք նահանգները, Տուրուբերանի մեծ մասը, Ուտիքի արևմտյան և Վասպուրականի հյուսիս-արևելյան գավառները:
 Իրենց գերիշխանությունը հաստատելով Հայաստանի մեծագույն մասում՝ Զաքարյանները հռչակվեցին հայ Բագրատունիների օրինական իրավահաջորդներ և սեփականացրին նրանց «շահնշահ» տիտղոսը: Ազատագրված Հայաստանը Զաքարյանները տնօրինում էին որպես «սեփական ժառանգութիւն նախնեաց»: Սկզբնաղբյուրներում Զաքարյանների իշխանատիրությունը հիշատակվում է «աշխարհակալ տերություն», «պետություն», «պետական իշխանություն», «թագավորություն» և այլն:
  Հայկական նորակերտ պետությունր վարչատարածքային առումով կազմված էր երեք խոշոր միավորումից, որոնք կառավարում էին Զաքարյանների իշխանաճյուղերը: Ամիրսպասալար Զաքարեն և նրա ժառանգները իշխում էին Գուգարքի մի մասում, Շիրակում և մինչև Բասեն ընկած գավառներում: Նրանց իշխանանիստ կենտրոնն էր Անի քաղաքը: Իվանե աթաբեկը և նրա ժառանգն երբ իշխում էին Գուգարքի մնացած հատվածում, Այրարատ նահանգի արևելյան մասում, Սևանի ամբողջ ավազանում և Սյունիքի Հյուսիս-արևելյան գավառներում; Նրանց իշխանանիստ կենտրոնն էր նախ Բջնին, ապա Դվինը: Վահրամյան ճյուղն իշխում էր Տավուշ, Փառիսոս և Գարգման գավառներում: Իշխանանիստ կենտրոնն էր Գագ ամրոցը:
 Ազատագրված Հայաստանում գոյատևող մյուս բոլոր իշխանական տոհմերը դարձել էին Զաքարյանների ավատառու վասալները, որոնք ունեին իրենց տոհմատիրույթները և ներգրավված էին պետական կառավարման համակարգում: Այսպես, այդ իշխանատներից Վաչուտյաններն իշխում էին Արագածոտնի արևելյան մասում և Նիգ գավառում, Պահլավունիները՝ Մարմաշենում, Բագնայրում և Լմրատում, Օրբելյանները՝ Սյունիքում, Խաղրակյանները՝ Վայոց ձորի արևելյան մասում, Դոփյանները՝ Վերին Խաչենում, Սոդքում և Գեղարքունիքի հարավ-արևելյան մասում, Հասան-Ջալալյանները` Տրտուի և Խաչենագետի միջին հոսանքների շրջանում, Համազասպյան-Մամիկոնյանները` Դսեղում, Արծրունիները` Մահկանաբերդում, Կյուրիկյանները՝ Մածնաբերդում, Սևադյանները` Ձորագետում և այլն:
 Զաքարյանների երեք խոշոր իշխանաճյուղերր թեև իրենց տիրույթների ներքին գործերր վարում էին ինքնուրույն, կառավարման մարմինների տեղական համակարգով և վասալ իշխանների ցանցով, սակայն երկրի ընդհանուր կառավարումն իրականացվում էր միասնաբար՝ գերամեծար իշխանապետի և «շահնշահի» գլխավորությամբ, որը կոչվում էր «գլուխ իշխեցող և հրամանատար ամենայն իշխեցողաց և գլխաւորաց տան թագաւորութեան տեառն խրոյ»: Նա էր որոշում պատերազմի և խաղաղության հարցերը, կայացնում դատական գերագույն վճիռները, հաստատում բարձր պաշտոնները: Իշխանապետից հետո բարձրագույն կառավարման մարմին էր վեզիրը: Սպարապետության գործակալությունը և կողմնակալ կուսակալի պաշտոնը վարում էին Անիի Խաղբակյանները: Կուսակալներ էին նաև Օրբեյանները և «իշխանաց իշխանի» տիտղոսով մեծարվող Վաչուտյանները: Պահլավունիները վարում էին Անիի քաղաքապետի և Շիրակի եպիսկոպոսության առաջնորդի պաշտոնները: Ամիրայության գործակալությունը վերահսկում էր երկրի ներքին կյանքը, կազմակերպում հարկերի գանձումը, զորահավաքը և այլն: Կառավարման մարմիններ էին նաև կենտրոնական և տեղական դատարանները, որոնք բաղկացած էին պետական և հոգևոր-եկեղեցական ատյաններից:
 Հայաստանի ամբողջական ազատագրումը և պետական կյանքի հետագա վերելքը խաթարվեց XIII դարի առաջին կեսին մոնղոլ-թաթարական հորդաների արշավանքներով և նրանց տիրապետության հաստատմամբ: Շահնշահ, Ավագ և Վահրամ Զաքարյանները, Էլիկում Օրբելյանը, Հասան ֊Զալալ Դոլան և ուրիշ հայ իշխաններ որոշ դիմադրությունից հետո ստիպված եղան հպատակվել հզոր նվաճողներին: Հայաստանը նվաճողները երկիրը տրոհեցին երկու նորաստեղծ վարչատարածքային բաժանումների՝ վիլայեթների: Հարավարևմտյան նահանգներր ներառվեցին Մեծ Հայքի վիլայեթի, իսկ Այրարատը, Սյունիքը, Արցախը և Գուգարքը՝ Գյուրջիստանի վիլայեթի կազմում: Զաքարյան իշխանաճյուղերը կառավարիչներ ճանաչվեցին իրենց նախկին տիրույթներում, Օրբելյանները՝ Սյունիքում, Հասան-Զալալյանները` Արցախում:
 Գյուրջիստանի վիլայեթի հայկական իչխանություններն իրենց ներքին ինքնավարությունը պահպանեցին մինչև XIV դարի առաջին կեսը: Զաքարյանները նախկինի նման վրաց Բագրատունիների արքունիքում շարունակում էին վարել բարձր պաշտոններ՝ հայկական մյուս իշխանությունների նկատմամբ ձևականորեն պահպանելով իրենց գերիշխանական իրավունքը: Մեծ Հայքի վիլայեթում հայկական իշխանությունները գրեթե ոչնչացվեցին, իսկ նրանց կալվածներն անցան նվաճողներին: Հայկական մի քանի մանր իշխանություններ գոյատևեցին Վասպուրականում (Վան, Ռշտունիք), Մոկսում և Աղձնիքում (Սասուն, Սավուր, Իսյան);
 
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 106-110
 
  Տե´ս նաև`

Ա. Սիմոնյան, Հայոց պատմություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.

 

Կատվալյան Մ.
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am