Սարիբեկյան Իշխան Սարիբեկյան Իշխան Բարսեղի: Ծնվել է 1912թ. նոյեմբերի 7-ին Ղոշղոթա գյուղի (Իջևանի շրջան, Տավուշի մարզ, ՀՀ): Ավարտել է Երևանի պտուղ-բանջարեղենի տեխնիկումը: Զորակոչվել է զինված ուժեր  1941թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի շրջանային զինկոմիսարիատի կողմից: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է  1941թ. հունիսի 22-ից: Մասնակցել է Դոնեցկի և Զապորոժիեի մարզերի, Մերձբալթիկայի ազատագրման մարտերին: 1944թ. մայիսի 7-ին Սապուն-գորա բարձունքի (Սևաստոպոլ) գրոհի ժամանակ Սարիբեկյանը գնդացրային հաշվարկը 9 ժամյա մարտի ընթացքում ճնշել է հակառակորդի 5 կրակակետ և ոչնչացրել ավելի քան 50 զինվոր ու սպա: Մարտում փոխարինել է նշանառուին և ցրել հակառակորդի ավտոմատավորների դասակը: Ձեռքից վիրավորվել է, բայց նռնակով նետվել առաջ: Իր ետևից տանելով զինվորներին, նա առաջինն է մտել հակառակորդի հաջորդ դիրքը: Սարիբեկյանը սողալով մոտեցել է հրակնատին և նռնակներով ոչնչացրել հակառակորդի կրակակետը: Օգտվելով դրանից, Սարիբեկյանի հաշվարկը սրընթաց առաջ է գնացել և գրավել հակառակորդի հերթական պաշտպանական գիծը: Սապուն-գորայի ազատագրմանը մասնակցելու, արիության և հերոսության համար 2-րդ գնդացրային վաշտի գնդացրային հաշվարկի հրամանատար ավագ սերժանտ Իշխան Սարիբեկյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1945թ. մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Հայրենական մեծ պատերազմի մարտերում վիրավորվել է թեթև 5, ծանր 2 անգամ: Ավագ Սարիբեկյանը զորացրվել է 1945թ.: Ապրել է Կուրսկոյե գյուղում (Եսիլյան շրջան, Տուրգայսկյան մարզ, Ղազախստան): Մահացել է 1990թ. մայիսի 6-ին: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Փառքի 3-րդ աստիճանի շքանշաններով, «Մարտական վաստակի համար» մեդալով: Անունը հավերժացված է Սապուն-գորայի հուշահամալիրում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am