Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Մեծ Հայքի թագավորության վերելքը Տրդատ 3-րդ Մեծի օրոք

  Մեծ Հայքի թագավորության վերելքը Տրդատ 3-րդ Մեծի օրոք: Տրդատ III-իՏրդատ 3-րդ օրոք հզորանում են կենտրոնական իշխանությունը և բանակը: Բարձրացվում է պետական վարչությունների՝ գործակալությունների դերը երկրի կառավարման և պաշտպանության գործում: Տրդատ III-ը Օտա Ամատունուն նշանակում է հազարապետ, իսկ Արտավազդ Մանդակունուն՝ սպարապետ: Երկրի տնտեսությունը վերելք է ապրում: Քաղաքական և տնտեսական դրության կայունացմանը զուգընթաց նոր թափ է ստանում առևտուրը, որի գլխավոր կենտրոններն էին Արտաշատը՝ Մեծ Հայքում և Մծբինը՝ Հյուսիսային Միջագետքում:

 Տրդատ III-ը քայլեր է ձեռնարկում Հայ եկեղեցուն տնտեսապես ապահովելու նպատակով` գյուղական եկեղեցիների քահանաներին բոլոր ագարակներում տալով չորսական, իսկ ավաններում՝ յոթական ծխի (<<հող երդոյ>>) հողաբաժին: Հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ թագավորը ձեռնամուխ են լինում կրթության գործին: Հայաստանի զանազան գավառներից հավաքված մանուկների մի մասին տալիս են ասորի դպրության, մյուսներին՝ հելլենական: Նրանց նպատակը հայերենի հմուտ թարգմանիչներ պատրաստելն էր՝ Ավետարանի խոսքը հայերեն բանավոր թարգմանությամբ ժողովրդին մատչելի դարձնելու, ինչպես նաև պետական գործավարության խնդիրը դյուրացնելու համար:

  313 թ. Կոստանդիանոս I Մեծ կայսեր համաձայնությամբ ընդունվում է Միլանի <<Էդիկտը>>՝ հրովարտակը, ըստ որի` քրիստոնեությունը Հռոմեական կայսրությունում հռչակվում է որպես ազատ և մյուս կրոններին իրավահավասար կրոն: Մեծ Հայքի թագավորությունը և Հռոմեական կայսրությունը դառնում են դավանակից երկրներ, նրանց միջև հաստատվում են բարիդրացիական հարաբերություններ:

 Սուրբ Գրիգորն Սուրբ Գրիգոր Լուսավորիչաշխարհիկ կյանքից առանձնացել և ճգնավորի կյանքով ապրում էր Բարձր Հայքի Դարանաղի գավառի Սեպուհ լեռան Մանյա Այրք քարայրում: Տրդատ արքան Գրիգորի որդիների՝ Վրթանեսի և Արիստակեսի հետ գնում է այնտեղ: Արքայի խնդրանքով Գրիգորն Արիստակեսին եպիսկոպոս է ձեռնադրում:Վերջինս մասնակցում է 325 թ. Նիկեայի առաջին տիեզերական ժողովին, որը սահմանում է <<Հավատո հանգանակը>>: Արիստակեսը, վերադառնալով Հայաստան, բերում է Նիկեական կանոնները: Սուրբ Գրիգորն այդ կանոններին ավելացնում է իր կանոնախումբը:

  Մեծ Հայքի Փայտակարան աշխարհի նույնանուն քաղաքի վերակացուների խնդրանքով Տրդատ թագավորն այդ կողմերի եպիսկոպոս է ձեռնադրում Վրթանեսի որդուն` Գրիգորիսին: Նրա հոգևոր իշխանության տակ էին Հայոց Արևելից կողմերը՝ Արցախը, Ուտիքը և Փայտակարանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն ենթակա Վիրքի ու Աղվանքի եպիսկոպոսությունները: Գրիգորիսը քրիստոնեական քարոզչության ժամանակ դաժանորեն սպանվում է Կասպից ծովի արևմտյան ափին գտնվող մազքթաց երկրի թագավոր Սանեսանի հրամանով: Սուրբ Գրիգորիսի մարմինը նրա հավատակիցները բերում և հողին են հանձնում Արցախի Ամարաս գյուղում՝ իր պապի` սուրբ Գրիգոր Լուսավորչի կառուցած եկեղեցում:

    

   Դանիելյան Է.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am