Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հին շրջանի հայկական մշակույթի զարգացումը

   Հին շրջանի հայկական մշակույթի զարգացումը:

 Մշակույթի զարգացման պատմական պայմանները: Ք.ա. IX դ. համահայկական Վանի թագավորության ստեղծումով Հայաստանը և հայ ժողովուրդը թևակոխեցին զարգացման որակապես նոր շրջան: Վերջինս բնորոշվում է մի շարք նվաճումներով, որոնց թվում առավել կարևոր են զարգացած պետական կառուցվածքը, գրային համակարգը, տնտեսական կյանքի,ճարտարապետության, ինչպես նաև քաղաքաշինության բարձր մակարդակը, կազմակերպված ոռոգման համակարգը:

 Ճարտարապետություն: Վանի թագավորության հուշարձանների հնագիտական նյութը հնարավորություն է ընձեռում համակցելու այս շրջանի ճարտարապետության և շինարարական տեխնիկայի առանձնահատկությունները: Քաղաքները հիմնականում փռված էին բարձր բլուրների շուրջը, որոնց գագաթներին վեր էին խոյանում պարսպապատ աշտարակներով միջնաբերդերը:Այստեղ կառուցվել են ջրմուղներ, ջրամբարներ, կամուրջներ, այգիներ ու բաղնիքներ, պալատներ և տաճարներ:

   Վանի թագավորությունում կային թագավորա-նիստ, վարչատնտեսական, ռազմական, ինչպես նաև պաշտամունքային նշանակության քաղաքներ: Թագավորանիստ քաղաքների թվին էին պատկանում Արզաշկուն, Տուշպան, Ռուսախինիլին: Քաղաքների հիմնական մասն ուներ վարչատնտեսական նշանակություն: Այդպիսի քաղաքներն իրենց միջնաբերդի շուրջն ունեին մի միասնական տնտեսական միավորում կազմող բազմաթիվ բնակատեղիներ: Ուրարտական վարչատնտեսական խոշոր կենտրոններն էին Արգիշտիխինիլին, Թեյշեբաինին, Օշականը,Արամուսը և այլն: Ռազմական հենակետային քաղաքները ևս կարևոր նշանակություն ունեին քաղաքաշինական համակարգում: Ստեղծվեցին յուրահատուկ կառույցներ՝ զորանոցներ,ախոռներ, լճակներ, բերդեր, ռազմական ճամբարներ: Բերդերն ունեին մինչև 18 մ բարձրության 2-3 շարք պարիսպներ՝ իրենց աշտարակներով և տեղ-տեղ էլ իրենց առջևում արված խրամատներով:

  Հայտնի էին պետության դիցարանի գերագույն երրորդության՝ Խալդիի, Թեյշեբայի և Շիվինիի պաշտամունքային կենտրոնները: Գերագույն աստվածության՝ Խալդիի պաշտամունքային կենտրոնը Մուսասիր քաղաքն էր կամ Արդինին: Թեյշեբա աստվածության պաշտամունքի կենտրոնը Կումենու քաղաքն էր` Վանա լճից հարավ-արևելք: Շիվինիի պաշտամունքի կենտրոնը մայրաքաղաք Տուշպան էր:Վանի թագավորության բնակարանային ճարտարապետության մասին առաջին տեղեկությունները պահպանվել են Մ. Խորենացու մոտ և վերաբերում են Տուշպային: Վերջինս, ըստ Պատմահոր հաղորդումների, բավականին մեծ, բարեկարգ, անառիկ մի բերդաքաղաք էր՝ բազմաթիվ երկհարկ և եռահարկ շենքերով: Բազմաթիվ շենքեր են կառուցվել Կարմիր բլուրի, Արագածի միջնաբերդերում: Սեպագիր արձանագրություններում պալատները հաճախ հիշատակվում են պաշտամունքային կառույցների հետ մեկտեղ:

 Խոշոր տաճարներն ընդարձակ համալիրներ էին, որտեղ պաշտամունքային կառույցները միավորվում էին աշխարհիկ, տնտեսական, արտադրական ու պահեստային շենքերի հետ: Վիմափոր կառույցները կազմել են շինարվեստի մի զգալի մասը: Այս կառույցներն ունեին նույնիսկ իրենց հովանավոր աստվածությունը՝ Աիրաինին: Դրանց թվին են պատկանում ժայռափոր սանդուղքները, խորշերը, պաշտամունքային և դամբարանային կարիքներին նվիրված արհեստական քարայրերը, թունելները և այլն: Վիմափոր կառույցների առավել նշանակալից հուշարձանները Վան քաղաքի միջնաբերդի շրջակայքում էին:

 Ջրանցքաշինությունը կենտրոնական իշխանության հսկողության ներքո էր: Այս իմաստով հատկապես հայտնի են Մենուա և Ռուսա արքաների ջրանցքները, որոնք Հին աշխարհի բացառիկ կոթողներից են:

 Վանի թագավորության շինարվեստը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ փոքրասիական և հատկապես իրանական (աքեմենյան) կառուցողական ավանդույթների վրա:

 Մետաղագործություն: Վանի թագավորության մետաղամշակման մասին հիշատակվում է Սարգոն 2-րդի տեքստերում: Նրա զորքերը Մուսասիրում գրավել են 2 տոննա ոսկի, 5 տոննա արծաթ և ավելի քան 100 տոննա պղնձե, երկաթե իրեր: Հուշարձաններից հայտնաբերվել են մեծ քանակությամբ աշխատանքային գործիքներ՝ բահեր, եռաժանիներ, մանգաղներ, մուրճեր,դանակներ, կացիններ և այլն: Կարմիր բլուրի մի կացարանից գտնվել է դռան բրոնզե փական, որի վրա պահպանվել է <<Ռուսա Արգիշտիի որդի, Թեյշեբաինի քաղաքի ամրոց>> սեպագիր արձանագրությունը:

 Մետաղամշակումը լայն կիրառում ուներ նաև զենքի և զինամթերքի արտադրության ասպարեզում: Հարձակողական և պաշտպանական զենքը կազմված էր տարբեր ձևերի նիզակներից, դաշույններից, թրերից, կացիններից, գուրզերից: Գտնվել են նաև ոսկուց և արծաթից օրինակներ:

 Վանի թագավորության բանակի զինվորների զրահը և հանդերձանքը կազմված է եղել մի քանի տեսակներից: Դատելով Բալավաթյան դարպասների վրա եղած պատկերներից՝ Արամե թագավորի զինվորները հանդես են գալիս երկար, մինչև ծնկները հասնող գոտեկապ վերնաշապիկներով, գլխներին՝ կատարավոր սաղավարտներով, փոքրիկ վահաններով, զինված են կարճ թրերով և նետ ու աղեղով: Այս նկարագրությունից պարզորեն նկատվում է, որ այստեղ պատկերված են թեթև հետևակի մարտիկները: Ծանր հետևակի սպառազինությունը կազմված էր նաև տարբեր տիպի զրահաշապիկներից, խոշոր մարտական վահաններից և բրոնզե գոտիներից:Վերջիններս նախշազարդ են. դրանց բազմաթիվ նմուշներ պահվում են Մյունխենի, Նյու Յորքի թանգարաններում: Բացառիկ արժեքավոր է Սարգոն II-ի հաղորդումը, որ նա Մուսասիրում այլ ավարի հետ գրավել է 6 ոսկե վահան՝ յուրաքանչյուրը մոտ 6,5 կգ: Այդ վահանների կենտրոնական ելուստները ունեցել են երախները բաց շան գլուխների տեսք:

  Խեցեգործություն և քարե գտածոներ: Ժամանակի խեցեգործ վարպետները պատրաստել են հազարավոր խեցանոթներ, որոնք ունեն բազմաբնույթ կարմրավուն, սև, դեղնավուն մակերես և կիրառական բազմաբնույթ նշանակություն: Թաղումներից հայտնաբերված անոթների շարքում հանդիպում են սափորների, կարասների,կճուճների խմբեր, որոնք իրենց վրա ունեն անցքեր:

  Քարի մշակումը Ուրարտուում բարձր զարգացման էր հասել: Քարը լայնորեն օգտագործվում էր կենցաղում: Այդ մասին են վկայում բոլոր հուշարձաններում զանգվածաբար հանդիպող տարբեր ձևերի և չափերի աղորիքները, սանդերը և սանդկոթերը, մուրճերը, քարե թասերը, որոնց պատրաստումը որոշակի վարպետություն էր պահանջում: Գետաքարերից ու տուֆից պատրաստվում էին ծակիչներ, քերիչներ և այլ գործիքներ:

  Քարի <<փափուկ>> տեսակից պատրաստում էին տարբեր ձևերի և չափերի տաշտեր, պանիր քամելու խոշոր ձագարներ, խողովակներ և այլն: Քարը լայնորեն օգտագործվում էր մետաղաձուլման ժամանակ. պատրաստվում էին տարբեր ձուլակաղապարներ և գործիքներ:

  Առավել բարդ էր արվեստում քարի օգտագործումը. քարից պատրաստում էին տարբեր քանդակներ: Դրանց թվին են պատկանում տեղական քանդակագործների՝ տուֆից պատրաստած քարե արձանները:

  Առավել հետաքրքիր են կնիքները, որոնց վրա պատկերված են հարուստ տեսարաններ` կենաց ծառեր, սայլեր և մարտակառքեր, թագավորներ և քրմեր, պալատական տեսարաններ, առյուծներ:Ոչ պակաս տարածում ունեն տարբեր ձևերի և չափերի քարե ուլունքները, որոնց գերակշռող մասը գերազանց հղկված է: Դրանց հիմնական մասը պատրաստված է սարդիոնից և ագաթից,հասպիսից, ճարպաքարից, լեռնաբյուրեղից:

  Որմնանկարչություն: Այս շրջանի որմնանկարչությանը բնորոշ է պաշտամունքային, կրոնական և աշխարհիկ բնույթը: Դրանք զարդարել են տաճարների, պալատների և այլ շինությունների պատերը:

  Որմնանկարչությունը հիմնականում ներկայացված է Կարմիր բլուրի, Ոսկեբլուրի և Էրեբունունյութերով: Ինչպես ցույց են տալիս Էրեբունու որմնանկարների պահպանված մնացորդները,պալատի կենտրոնական հատվածի բոլոր պատերի պատկերներն իրենց հորինվածքային կառուցվածքով ունեցել են միասնական եզրազարդ` կազմված մի քանի շերտերից: Դրանց եզրանախշերին վարդյակներ են՝ արմավենիներով, աստիճանավոր աշտարակներ, սրբազան ծառեր` նրանց մոտ կանգնած աստվածներով և պտուղների պատկերով: Սրբազան ծառերի և աստվածությունների պատկերները այդ նկարազարդումներում կատարված են մեծ խնամքով և գեղարվեստական բարձր որակով:

  Ոսկորից գտածոներ: Զարդարական-կիրառական նշանակության այս իրերի զգալի մասը կերտված է փղոսկրից, որը Եգիպտոսի և Ասորիքի տարածքով ներմուծվում էր Նուբիայից:Ուրարտուում փղոսկրի օգտագործման ծավալների մասին է վկայում Սարգոն 2-րդի արձանագրության մեջ Մուսասիրից գրաված ավարի ցանկը, ուր այլ նյութերի հետ նշվում են փղոսկրյա 1 մահճակալ, 139 գավազան, ձողիկներ, զամբյուղներ, թրեր, դաշույններ և այլն:

 Մարդկանց փղոսկրե արձանիկները հիմնականում հայտնի են Վանից: Դրանց լավագույն օրինակները պահվում են Բրիտանական թանգարանում: Վանում գտնված նմուշներից մեկը մարդու մարմին է՝ 25,5 սմ բարձրությամբ, որի վրա պահպանվել է նախշազարդ զգեստը:

 Փայտամշակում: Ուրարտուում փայտամշակումը բարձր զարգացման էր հասել: Ատաղձագործ վարպետները հսկայական դեր էին խաղում շինարարության հետ կապված աշխատանքներում`պալատների, տաճարների և այլ շինությունների տանիքները կառուցելու ընթացքում:

  Կարմիր բլուրի և Արգիշտիխինիլիի պեղումները հնարավորություն են տալիս վերականգնելու ոչ միայն ծածկի ձևերը, այլև այստեղ օգտագործվող ծառատեսակները: Տանիքներն ունեցել են հարթ ծածկի երկու ձև. մի դեպքում գերանները կցված էին իրար, իսկ մյուսում դասավորվում էին վանդակների ձևով և ապա ծածկվում էին ճյուղերով ու եղեգնով, որոնց վրա լցվում էր հողի հաստ շերտ:

  Հայկաբերդի, Էրեբունիի, Արգիշտիխինիլիի, Արագածի և այլ հուշարձանների պեղումների ժամանակ հաճախակի են հանդիպում այրված գերանների, ճյուղերի և հեծանների մնացորդներ,որոնք վկայում են, որ շինությունների ծածկերի ձևերը նման են: Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հաջողվեց որոշել նաև ծառատեսակները` սոճի, բարդի, կաղնի և հաճարենի:

  Ատաղձագործական աշխատանքների ընթացքում դրանցով պատրաստում էին այդ շինությունների դռները, որոնց հետքերը պահպանվել են Արգիշտիխինիլիում և Կարմիր բլուրում:Դրանք Արգիշտիխինիլիում պատրաստված են գերաններից, իսկ Կարմիր բլուրում՝ հաստ տախտակներից և ամրացված են փայտե գամերով:

 Ատաղձագործ վարպետները պատրաստել են նաև վարող և քաշող փոխադրամիջոցների հիմնական մասերը:

  Այս ժամանակաշրջանի կահույքը աչքի է ընկնում ոչ միայն իր բազմազանությամբ, այլև շքեղությամբ: Բացի բրոնզե արձաններով զարդարված արքայական գահերից, Կարմիր բլուրումգտնվել են փայտե կահույքի մասեր, որոնք զարդարված են եղջյուրի շեղանկյուն և շրջանաձև ներդիրներով: Այսպիսի բազմազան կահույք պատրաստելու համար անհրաժեշտ էին նուրբ գործիքներ` սղոցներ, դուրեր, տափակ կացիններ, շաղափներ, ծակիչներ և այլն:

ՍեպագիրՓայտից պատրաստում էին նաև ամենատարբեր կենցաղային, աշխատանքային,զինագործության հետ կապված առարկաներ՝ բահերի, երկժանիների, նիզակների, նետասլաքների կոթեր, թրերի, դաշույնների, դանակների, դուրերի բռնակներ, կապարճներ, փայտե բահեր և այլն:Ինչպես ցույց են տվել Կարմիր բլուրի պեղումները, կենցաղում ևս օգտագործվում էին փայտե իրեր` գդալներ, թիակներ, արձանիկներ և այլն:

 Սեպագիր արձանագրություններում, որոնք պատմում են տաճարների շինարարության և նախատեսվող զոհաբերությունների մասին, Խալդիից հետո հիշատակվում են Թեյշեբա և Շիվինի աստվածները: Նրանք միասին առանձնանում են մյուս աստվածների շարքից և կազմում են աստվածների գերագույն երրորդությունը: Խալդին պատկերվում էր ռազմիկի կերպարանքով: Նա օրհնում էր թագավորին արշավանքի մեկնելիս և օգնում նրան հաղթելու թշնամուն: Խալդի աստծու կինը դիցարանի գլխավոր աստվածուհի Արուբանին էր: Մհերի դռան արձանագրությունում թվարկվում են Վանի թագավորության աստվածների անունները և նրանց մատուցվող զոհաբերությունները (ցուլեր,կովեր, ոչխարներ, այծեր, զենքեր, գինի և այլն):

  Աստվածները պատկերվում էին մարդու կերպարանքով, սակայն կարելի է հանդիպել նաև կենդանիներին ու թռչուններին բնորոշ առանձին բաղադրիչների: Դրանք հին տոտեմական պատկերացումների արտացոլում են:

 Վանի արքաների յուրաքանչյուր արշավանք սկսվում էր արարողությամբ, որի ժամանակ արքան աղոթքով դիմում էր Խալդիին, Թեյշեբային, Շիվինիին և մյուս աստվածություններին՝ բարձրաձայն հայտարարելով արշավանքի ուղղությունը և նպատակը, խնդրելով նրանցից հովանավորություն`գործն իր նպատակին հասցնելու համար: Այնուհետև հնչում էր ռազմակոչը. <<Խալդին զորեղ է,Խալդի աստծո զենքը զորեղ է>>, և բանակը շարժվում էր առաջ, զորքի առջևից տանում էին դրոշ,որը Խալդիին էր ներկայացնում: Արշավանքի ավարտից հետո հաղթանակած բանակը վերադառնում էր Տուշպա: Արքան Խալդի աստծո տաճարում բարձրաձայն զեկուցում էր կատարված արշավանքի արդյունքների մասին և հաղթանակը ձոնում Խալդիին: Արքայի խոսքը արձանագրվում էր քարի վրա. այնուհետև կատարվում էին զոհաբերություններ, տեղի ունենում տոնական հանդիսություններ:

  Երկրագործական–եղանակային և թաղման ծեսերը: Այս ծեսերի կարգի ու անցկացման ժամանակի մասին տվյալներ կան <<Մհերի դռան>> արձանագրությունում: Այստեղ հիշատակված են տարվա ընթացքում կատարվելիք երեք տոնակատարությունները` կապված այգեգործական աշխատանքների համապատասխան փուլերի հետ: Առաջին տոնը անցկացվում էր խաղողուտի էտումից հետո: Խաղողի որթի էտումը Հայաստանում սկսվում է մարտ ամսի վերջին տասնօրյակին և ավարտվում ապրիլ ամսվա առաջին կեսին:

  Այս ժամանակ Հայաստանում նշվում էր Բարեկենդանի տոնը (տոնվում էր մարտ ամսին, տևում էր 1-2 շաբաթ)՝ կապված Նոր տարվա գալստյան հետ:

  <<Արևի (Շիվինիի) ամսին>> կարգադրվում էր զոհեր մատուցել պետության բոլորաստվածություններին ու <<սրբություններին>>: Վանի թագավորության <<Արևի ամիսը>>համապատասխանել է մարտին: Այս առումով ուշագրավ է, որ Բուն հայոց տոմարում ևս մարտ ամիսը ձոնված էր արևին և կոչվում էր Արեգ (<<Արևի ամիսն>>):

  Ժամանակի պատկերացումների համաձայն` մարդու մահվանից հետո նրա հոգին շարունակում է գոյատևել՝ տեղափոխվելով այս աշխարհից մյուսը: Այդ մասին է վկայում <<Հոգիներ տեղափոխող աստծո>> պաշտամունքի գոյությունը պետության դիցարանում:

 Ուրարտուում կար ժայռափոր դամբարաններում մահացածին թաղելու սովորույթ: Նման գերեզմաններում, որոնք կազմված էին լինում մի քանի սրահներից, դրվել են արքաների ու ազնվականների աճյունները՝ իրենց հագուստով, զենքով, զարդերով ու կատարված զոհաբերություններով: Ժայռափոր դամբարաններ են Վանա ժայռին փորված կառույցները:

  Կնիքների վրա կան կենաց ծառի պաշտամունքի հետ կապված արարողությունները պատկերող փորագրություններ: Հետաքրքիր է, որ այդ արարողություններին մասնակցել է նաև արքան՝առյուծի ուղեկցությամբ: Վերջինս, ինչպես ենթադրվում է, պահվել է տաճարներում՝ որպես սուրբ կենդանի:

  Վանի թագավորության գիրը: Վանի թագավորության գիրը նպաստեց գիտելիքների տարածմանը:Հատկապես շինարվեստում կիրառվող բարդ ու ճշգրիտ հաշվարկներն ու չափումները խթանեցին ամրոցների, բերդերի, ջրանցքների, քաղաքների կառուցմանը: Մաթեմատիկական, երկրաչափական, աստղագիտական հաշվարկները լայն տարածում ունեցան Վանի թագավորության տնտեսության մեջ:

 Վանի թագավորության սեպագիր լեզվի (<<ուրարտերենի>> <<բիայներենի>>)ուսումնասիրության համար հիմնական նյութ են ծառայում տեղական արձանագրությունները:Լրացուցիչ տեղեկություններ կարելի է քաղել ասորեստանյան աղբյուրներից, որտեղ զգալի թվով հատուկ անուններ են վկայված: Որոշակի օգնություն են ցույց տալիս խուռիերենի տվյալները:

 Վանի թագավորության դարաշրջանից պահպանվել են ավելի քան 1000 սեպագիր արձանագրություններ, որոնք գրված են քարի, մետաղյա իրերի և կավե սալիկների վրա: Գրում էին ձախից աջ՝ առանց բառանջատման: Սեպագիր արձանագրությունները միատիպ են և մեծ մասամբ հաղորդում են թագավորների ձեռնարկած արշավանքների, շինարարական աշխատանքների, ձոնման ծեսերի մասին:

 Թագավորությունում տարածում ստացած սեպագիր դպրությունը Ք.ա. IX դ. ընդօրինակվել է Ասորեստանից: Ընդ որում՝ ոչ միայն փոխ են առնվել բոլոր նշանները, այլև վերցվածն էլ պարզեցվել է: Մեզ հասած հնագույն արձանագրությունները թվագրվում են Ք.ա. IX դ. 30-ական թվականներով և պատկանում են Սարդուրի 1-ինի կառավարման ժամանակահատվածին: Դրանք կազմված են ասուրերենով: Սակայն արդեն հաջորդ թագավորը` Իշպուինին, և նրա ժառանգներն իրենց վիմագիր հաղորդումները կատարում էին տեղական լեզվով:

 Առանձին սեպագիր նշաններով արտահայտվել են ձայնավորները, երկձայն և եռաձայն վանկերը:Գաղափարագրերն արտահայտել են ամբողջական բառեր ու հասկացություններ: Դրանց մի տարատեսակն են սահմանիչները (դետերմինատիվներ), որոնց շնորհիվ տաոբերակվում են հատուկ անունները: Օրինակ՝ ճշգրտորեն նշվում է՝ <<ժողովո՞ւրդ>>, թե՞ <<երկիր>> է ենթադրվում որոշակի անվան ներքո: Օտար միջավայրից փոխառված լինելու հետևանքով Վանի թագավորության սեպագիր դպրությունը ճշտորեն չի հաղորդել տեղական լեզվի հնչյունական համակարգը: Ուստի դժվար է որոշել, թե իր ժամանակին ինչպես են արտասանել սեպագիր արձանագրություններում վկայված բառերը, ինչը և զգալիորեն դժվարացնում է լեզվի ուսումնասիրությունը:

 Հայտնի են բառապաշարային բնույթի բազմաթիվ ընդհանրություններ և նույնություններ արդի հայերենի հետ (Տուշպա - Տոսպ, Աբիլիանի - Աբեղեանք, Զաբախա - Ջավախք, Ծուլուկի - Ծղուկ,Ծուփա - Ծոփք և այլն):

 Վանի թագավորության գրագիրները թողել են նաև մեհենագրային (հիերոգլիֆային)արձանագրություններ: Մեհենագրային համակարգն ունի բնիկ տեղական ծագում և սերում է Հայաստանի նախնադարյան ժայռապատկերներից: Այն բաղկացած է շուրջ երեք հարյուր նշաններից, որոնք գրվել են աջից ձախ, հորիզոնական գրության դեպքում` վերից վար՝ առանց բառանջատման: Մեզ են հասել ավելի քան 1500 մեհենագրային արձանագրություններ և մենանշաններ: Վերծանության առաջին արդյունքների հիման վրա ենթադրվում է, որ մեհենագրային համակարգի լեզուն եղել է հնագույն հայերենը:

 Վանի թագավորության հզոր և կատարյալ մշակույթն իր բազմաբնույթ ազդեցությունն է տարածել Հայաստանից դուրս՝ հասնելով Իրան, Կովկաս, Հունաստան և այլ երկրներ:

  Հայկազուն-Երվանդունիների ժամանակաշրջանի մշակույթը:

 Քաղաքաշինություն, ճարտարապետություն: Ք.ա. VI-III դարերում սկսվում է Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացման նոր շրջափուլ, որը համապատասխանում է Երվանդունիների արքայատոհմի իշխանության ժամանակաշրջանին: Հայաստանի Ք.ա. VI-IIIդարերի բնակավայրերի ճարտարապետության մասին կարելի է դատողություններ անել Էրեբունիիմիջնաբերդում ծավալված շինարարական գործունեության հիման վրա: Ք.ա. VIII դարի տաճարը հետագայում վերակառուցվել է և վերածվել սյունազարդ դահլիճի: Այն հավանաբար ծառայել է որպես ընդունելությունների սրահ, խորհրդակցությունների և ժողովների վայր: Պալատից արևելք ընկած է աղյուսե մի շինություն, որտեղ հայտնաբերված մոխրի մնացորդները վկայում են, որ այն ծառայել է որպես կրակի տաճար:

  Արմավիր քաղաքը: Արարատյան դաշտի արևմտյան մասում՝ Արաքսի ձախ ափին, ձգվում է հրաբխային ծագում ունեցող բլուրների մի շարք, որոնցից ամենաբարձրը` Արմավիր բլուրը, ունի76 մ բարձրություն և գագաթի 2 հա հարթ տարածություն: Բլուրը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, որն ապացուցվում է թե΄ գրավոր աղբյուրներով, թե΄ հնագիտական պեղումներով:

 Արմավիր քաղաքը, պարսպապատվելով, կառուցապատվելով պալատական, պաշտամունքային,աշխարհիկ և տնտեսական բազմապիսի շինություններով, վեր է ածվել վարչական, տնտեսական և պաշտամունքային նշանակալի կենտրոնի: Ք.ա. VI դարի սկզբներին՝ Վանի թագավորությանանկումից հետո, երկրի արևելյան հատվածում կյանքը չի դադարել: Արմավիրը՝ որպես պաշտամունքային կենտրոն և բնակավայր, պահպանել է իր նշանակությունը, իսկ Ք.ա. IV դարի վերջում դարձել վերականգնված համահայկական երկրորդ թագավորության մայրաքաղաքը:

  Երվանդունյաց շրջանի նյութական մշակույթի մասին մեր գիտելիքները զգալիորեն լրացվում են Աստղի բլուր հնավայրի ուսումնասիրության շնորհիվ: Իջևանի շրջանի Ենոքավան գյուղի հյուսիսարևելյան ծայրամասում՝ Աստղի բլուր կոչվող ժայռոտ տափարակի վրա, տեղակայված է ամրոց–բնակավայր: Այն զբաղեցնում է 2 հա տարածություն և շրջափակված է 3 մ լայնությամբ պարիսպներով: Պատերը պահպանվել են մինչև 3 մ բարձրությամբ:

   Պեղումների ժամանակ բացվել են տաճարային և նրան կից այլ շինություններ: Տաճարը ուղղանկյուն է, տեղադրված է ամրոցի ամենաբարձր մասում: Պատերը պահպ անվել են 0,3-0,8 մ բարձրությամբ, շարված են խոշոր քարերից, կավե շաղախով:

  Գյուղական բնակավայրեր: Դարաշրջանի գյուղական բնակարանների պատկերավոր նկարագրությունը թողել է հույն զորավար և պատմիչ Քսենոփոնը, որը Ք.ա. 401 թ. անցել է Հայաստանով: Հարավային Հայաստանի տները, ի տարբերություն կենտրոնական շրջանների բնակարանների, աշտարակավոր էին: Դա պայմանավորված էր պաշտպանական նպատակներով: Այլ էր Հայաստանի կենտրոնի և հյուսիսի գյուղական բնակավայրե- րի համայնապատկերը: Այս շրջանների բնակավայրերը կիսագետնափոր էին և ունեին երկու մուտք:Մեկով իջնում էին մարդիկ, իսկ երկրորդը նախատեսված էր անասունների համար: Այդ տիպի տները հայկական ժողովրդական բնակարանի` գլխատան նախատիպն են:

 Նյութական մշակույթ, առևտուր: Պատմաշրջանի նյութական մշակույթը բնութագրում են պեղումներից հայտնաբերված նյութերը: Խեցեգործությունը ներկայացված է սափորներով,անոթներով և ըմպանակներով, որոնք իրենց զուգահեռներն ունեն Հայաստանին հարակից ընդարձակ տարածաշրջանում (Փոքր Ասիա, Այսրկովկաս, Իրան) ու կապող օղակ են Վանի թագավորության և հելլենիստական դարաշրջանի կավագործական արտադրանքի միջև:Մետաղագործությունը ներկայացված է զինագործական արտադրանքով և հասարակական զարդերով: Հայաստանում գտնվել են նաև արծաթյա ամանեղենի բազմաթիվ նմուշներ,մասնավորապես այս ժամանակաշրջանում լայն տարածում ստացած պտյակներ (ռիտոններ):Դրանք եղջյուր հիշեցնող անոթներ են, որոնք ներքևի մասում կենդանակերպ են:

 Արհեստագործական արտադրանքի նյութական ձևերը, որոնք հանդիպում են երկրով մեկ, թույլ են տալիս խոսելու զարգացած առևտրական կապերի մասին: Շրջանառության մեջ էին հիմնականում շարքային առարկաները` զենքը, զրահը, խեցեղենի որոշ տեսակներ, զարդեր:

 Որոշ տվյալներ կան նաև Ք.ա. VI-III դդ., թեև թույլ զարգացած, դրամական շրջանառության վերաբերյալ: Այդ երևույթի իրեղեն ապացույցներն են աքեմենյան սիկղը՝ գտնված նախկին Երևանի նահանգում, Սիսիանի Ք.ա.VI-III դդ. ատտիկյան չորեքդրամյանը և Էրեբունիում հայտնաբերված Ք.ա. V դարով թվագրվող միլեթյան դրամները:

  Հայաստանի արևմտյան մասերն այդ դարերում ընդգրկված էին տարածաշրջանային առևտրի ոլորտը և ավանդական առևտրական ուղիներով կապված էին Միջագետքի և փոքրասիական շուկաների հետ: Առևտրական կապերի լրացուցիչ վկայությունն է Հերոդոտոսի հաղորդումըՀայաստանից գինի արտահանելու մասին:

 Հայոց հին հավատալիքները: Հնագույն ժամանակներից են սկզբնավորվում բնության անշունչ առարկաների և երևույթների ոգեղենացումը, դրանց և մարդու, ինչպես նաև կենդանիների միջև պատկերացվող խորհրդավոր կապերի, փոխադարձ կերպարանափոխումների հավատալիքը: Այդ շրջանին են վերաբերում հայոց մեջ գոյատևող լեռների, ժայռերի, ջրի, հրի, երկնքի ու երկնային լուսատուների, մթնոլորտային երևույթների անձնավորման, կենդանիներին ու թռչուններին մարդկային հատկանիշների վերագրման, դրանց պաշտամունքի փաստերը հավաստող առասպելական զրույցներն ու հավատալիքները: Հայոց լեռներն անձնավորվել են եղբայրների,Մասիսն ու Արագածը` քույրերի, Անդոկը, Մարութասարը, Մռավ լեռը` մարդակերպ հսկաների,Տավրոսն ու Զագրոսը` ցլի և վիշապի կերպարներում:

 Արևը պատկերացվել է կտուցին օղ բռնած թռչունի կամ զույգ թռչունների, հրեղեն աղջկա, մանկան կամ պատանու (արևամանուկ), աչքի, լուսինը` ծնվող, մեռնող և հառնող մանկան կամ նորափեսայի, աստղերն ու համաստեղությունները` տարբեր անձանց ու կենդանիների կամ նրանց թողած հետքերի (Ծիր Կաթինը՝ իբրև կաթի կամ հարդագողի հետք), կայծ ակնացայտ ամպը` այծի,կովի, կնոջ, ամպրոպային պտուտահողմն ու փոթորիկը` աշխարհակործան վիշապի, ամպրոպն ու որոտը` տիեզերական կռվի և անհաշտ պայքարի կերպավորումներով:

 Հայոց մեջ տոտեմական հավատալիքների ու տոտեմական նախնիների պաշտամունքի վերապրուկներն են Երվանդի և Երվազի ցլային, Սանասարի և Բաղդասարի ջրային, Արծրունիների արծվային սերման մասին առասպելական զրույցները: Դրանով էլ պիտի բացատրել մեզանում կենդանական ծագմամբ անձնանունները՝ Եզնիկ, Ցլիկ, Արջուկ, Առյուծ, Կորյուն, Ընձակ, Գառնիկ,Այծեմնիկ և այլն: Ըստ հայոց նախնական աշխարհայացքի` լեռները, կենդանիները, բույսերը և բնության շատ առարկաներ նախկինում եղել են մարդիկ, հետագայում միայն որևէ կարգազանցության պատճառով գերբնական զորությամբ ենթարկվել են կերպարանափոխության:

  Բնության տարրերից հայոց մեջ հատուկ պաշտամունքի առարկաներ են եղել կրակը, ջուրը,ժայռերը, բուսյերիցերից՝ որոշ ծառեր ու ծաղկատեսակներ, որոնց պաշտամունքի հիշատակը պահպանվել է անգամ ուշ ավանդության մեջ: Կրակը համարվել է սուրբ, չարահալած, երդվել են կրակով, այն հետագայում կապել են տան, ընտանիքի, օջախի պաշտամունքին: Օջախը հենց տան կրակարանն է (ընտանիքի խորհրդանիշ)` թոնիրը, ուր մշտավառ, անթեղված էր պահվում կրակը: Թոնիրն ընտանիքի մեծագույն սրբավայրն էր, նրա կողքին էին կատարվում ծիսաընտանեկան արարողությունն երը (կնունք, ամուսնություն): Առավել ուշ շրջանում կրակի պաշտամունքը մտնում է պաշտոնական կրոնական համակարգի մեջ, դառնում հայ հեթանոսական կրոնի կարևոր բաղադրիչ: Կրակի պաշտամունքատեղին` բագինը, կոչվում էր հուրբակ, դրա վերապրուկներից են Մեհեկան (արդի փետրվար) ամսի կեսերին Տրնդեզի ծիսական խարույկը վառելու և դրան առնչվող սրբազան արարողությունները:

 Ջրի պաշտամունքի հետքերը պահպանվել են հրաշագործ ձկների մասին պատմվող առասպելական զրույցներում: Ջրակունքների կամ արհեստական ոռոգման առուների մոտ կանգնեցվել են ձկնակերպ <<Վիշապ>> քարակոթողներ: Ջրի հետ է կապվում նաև բույսերի,հատկապես ծառերի, բուժիչ խոտերի ու ծաղիկների, ինչպես նաև հացաբույսերի պաշտամունքը: Պաշտվող ծառերից են սոսին, որի սաղարթների սոսափյունից հնում Արմավիրի քրմերը գուշակություններ էին կատարում: Ծառերն ունեցել են իրենց հատուկ նվիրական օրը՝ Ծաղկազարդը (ժող. լեզվում` Ծաղկազարդար), իսկ ջուրն ու ծաղիկները` իրենց տոնը` Համբարձումը (ժող.լեզվում` Ծաղկամոր տոն), որոնք երկուսն էլ հետագայում հարմարեցվեցին քրիստոնեական տոնացույցին:

 Առասպելները: Պատմաշրջանի հոգևոր մշակույթի կարևոր բաղադրիչներից են առասպելները, հին հայկական ժողովրդական վեպը և հնագույն հավատալիքները:

 Առասպելներն արտացոլում են ժողովրդի նախնական աշխարհայացքը, պատկերացումները բության, հասարակության մասին և հնագույն գրականության ուշագրավ տեսակներից են:

  Հայկական ամենանշանավոր առասպելներից է Հայկի և Բելի մասին զրույցը: Որոշ տարբերություններով այն ավանդված է Մ. Խորենացու <<Հայոց պատմությունում>> և Անանուն պատմիչի երկում, որը՝ որպես ներածություն, կցված է Սեբեոսի <<Պատմությանը>>: Նրա արձագանքներն առկա են նաև Անանիա Շիրակացու աշխատություններում: Այստեղ Հայկը հանդես է գալիս որպես ազատասեր ու ըմբոստ հսկա, որը մերժում է հնազանդվել բռնակալ Բելին և հեռանալով Բաբելոնից` հաստատվում է Հայքում: Ճակատամարտում սպանելով իր դեմ արշաված Բելին` Հայկը հաստատում է իր երկրի անկախությունը: Հայկի անունից երկիրը կոչվում է Հայք:

 Վերոհիշյալ պատմական երկերում ամբողջական ձևով պատմվում է նաև Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելը: Այն այնպիսի լայն տարածում է ունեցել, որ նրա որոշ հատվածներ արտացոլվել են նաև անտիկ հեղինակների երկերում, մասնավորապես նշանավոր Պլատոնի<<Հանրապետություն>> աշխատությունում: Մ. Խորենացին ավանդել է նաև Արամի, Տորք Անգեղի առասպելները:

 Հին ընդհանուր հնդեվրոպական և ցեղային աստվածությունները շարունակում են գոյատևել ազգային ավանդության մեջ նոր մակարդակով՝ իբրև յուրային վիպականացած պատմական հերոսներ, ցեղային նախնիներ (Թորգոմ, Տորք, Հայկ, Արամ, Արա, Երվանդ և Երվազ, Տիգրան Երվանդյան), իսկ նրանց դիվական հակառակորդները` իբրև օտար բռնակալներ (Բել, Նեբրովթ,Շամիրամ, Աժդահակ):

 Հայոց պատմության հնագույն դրվագները ներկայացված են հին հայկական ժողովրդական վեպում: Այն պատմում է պատմական անցուդարձի մասին, սակայն ժամանակագրական մեծ շեղումներով և հաճախ միահյուսված առասպելների հետ: Հնագույններից է Տիգրան Երվանդյանի և Աժդահակի վեպը, որը առասպելախառն հիշողություն է հայերի ու մարերի փոխհարաբերությունների մասին:

 Դիցարանը: Առասպելներն ու վիպական գրվածքներն արժեքավոր աղբյուր են հայերի վաղնջական հավատալիքները և հնագույն աստվածների դիցարանը հետազոտելու համար:

Հայկական դիցարանը զարգացման, համակարգման, աստվածությունների պաշտամունքի կանոնարկման նոր աստիճան է թևակոխում համահայկական պետականությունների ամրապնդման ժամանակաշրջանում:

  Հայոց հնագույն աստվածը Հայկն էր, որի պաշտամունքի արմատները հասնում են մինչևտոհմատիրական հասարակության ժամանակները: Հայկը նախապես հանդես է եկել որպես հսկաորսորդ: Նրա անունով էլ կոչվեց Օրիոնի համաստեղությունը: Հայկը խորհրդանշել է հայ ժողովրդիպայքարը օտար բռնակալության դեմ` հանուն իր ազատության և անկախության:

 Հայերի Տորք աստծո պաշտամունքը տարածված է եղել նաև փոքրասիական մի շարքժողովուրդների շրջանում: Խեթական թագավորությունում նա հայտնի էր Տարքու անունով ևկարևոր տեղ էր զբաղեցնում դիցարանում: Մ. Խորենացու ավանդած առասպելում Տորքը կոչվում է Անգեղ, այսինքն` <<Տգեղ>>, բայց <<Անգեղյա>> հնագույն ժամանակներում նշանակել է <<Անգեղի սերնդից>>, Անգեղտուն գավառից: Անգեղը ևս հայկական հնագույն աստվածների թվինէ պատկանում, իսկ նրա անունը տոտեմական ծագում ունի և կապված է անգղ թռչունի հետ:

 Արան տեղական ծագում ունեցող հնագույն աստված է: Նախապես նրա պաշտամունքն աղերսվելէ երկրագործության, ցանքի և գարնան աճող բուսականության հետ: Մեռնող ու հարություն առնողաստվածների պաշտամունքը լայնորեն տարածված էր Հին Արևելքում, և Արայի կերպարն իրզուգահեռներն ունի հնագույն շատ ժողովուրդների դիցարանում: Հինարևելյան ազդեցության ներքոԱրան սկսում է հանդես գալ նրանց հետ միասին: Շամիրամն ասորեստանյան դիցարանիպտղաբերության և սիրո աստվածուհին էր ու աչքի էր ընկնում իր վավաշոտությամբ: Նրա պաշտամունքը բազմաթիվ հետևորդներ էր ձեռք բերել Հայաստանում, իսկ կերպարը կապակցվել էր Արայի հետ: Արայի և Շամիրամի հետ Հայաստանում պաշտվում էին նաև արալեզներ կոչվողոգիները: Նրանք համարվում էին շներից սերված և հնագույն հավատալիքների համաձայն՝ լիզումէին հերոսների վերքերն ու հարություն տալիս նրանց:

 Ուրարտուի արձանագրություններում առաջին անգամ հիշատակվում է աշտիուզի բառը <<կուռք,աստված>> իմաստով, որն իրավամբ նույնացնում են արդի հայերեն <<աստված>> բառին:Պետության դիցարանում արձանագրված Արծիբեդինին նույնանում է արծվի, Զիուկունին՝ ձկան,Ծինուիարդին՝ ծննդի հետ և այլն:

 Հայկական ցեղային միությունների նախկին կենտրոններն իրենց պաշտամունքատեղիներովշարունակում են գոյատևել համապետական կրոնական նոր համակարգում՝ իբnև տարբերաստվածությունների պաշտամունքային սրբավայրեր (Անի-Կամախը, Երիզան, Թորդանը, Բագառիճը` Բարձր Հայքում, Աշտիշատը և մերձակա Քարքե լեռը` Տարոնում, Բագավանը՝Բագրևանդում, Արմավիրը, Արտաշատը, Բագարանը` Արարատյան դաշտում և մերձակայքում,Դարբնաց քարը` Վանա լճի հարավ-արևելքում: 

 

 

 


   Դանիելյան Է.

 

 

 

 

 

 

 

 

 


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am