Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Գիտությունը ուշ միջնադարյան Հայաստանում

 Գիտությունը ուշ միջնադարյան Հայաստանում: Գիտության բնագավառում ևս XV-XVI դդ. անկմանն ու վայրէջքին հաջորդեց զարթոնքի շրջանը, որր նկատելի դարձավ XVII դ. սկզբին: Գիտության, մասնավորապես փիլիսոփայության նկատմամբ հետաքրքրության արթնացման գործում անգնահատելի դեր կատարեցին Բաղեշի, Սյունյաց Մեծ անապատի, Էջմիածնի դպրոցների նշանավոր ուսուցիչները՝ Բարսեղ Գավառեցին, Ներսես Մոկացին, Մելիքսեթ Վժանեցին:

  XV-XVI դարերում նախորդ ժամանակաշրջանի մեծարժեք ու ընդգրկուն պատմական երկերի փոխարեն շարադրվում էին մանր ժամանակագրություններ ու կրթական համեստ կարողություն ունեցող գրիչների հիշատակարաններ: Քիչ թե շատ աչքի ընկնող երկը Թովմա Մեծոփեցու «Լանկ-Թամուրի և նրա հաջորդների պատմությունը» աշխատությունն է, ուր հեղինակն արժեքավոր տեղեկություններ է հաղորդում XIV դարի վերջի-XV դարի առաջին կեսի Հայաստանի և հարևան երկրների պատմության վերաբերյալ: Ձեռագրում, «Պատմությանը» կից, տեղ է գտել նաև Թովմա Մեծոփեցու հիշատակարանը, որտեղ ներկայացվում են կաթողիկոսական աթոռը Սսից Էջմիածին տեղափոխելու կարևոր անցուդարձերը:

 XVII դ. աոաջին կեսի մշակութային կյանքի աշխուժացման պայմաններում սկսվում է հայ պատմագրական մտքի վերելքը: Ասպարեզում հայտնվում են նոր պատմագրական ձևեր՝ հուշագրություններ, օրագրություններ, ուղեգրություններ, տեղագրական բնույթի երկեր: Հայ հեղինակներն առաջին անգամ սկսում են ծավալուն տեղեկություններ հաղորդել արտերկրի հայկական համայնքների կյանքի բազմազան կողմերի վերաբերյալ:
  Գրիգոր Դարանաղցին (1576-1643) իր կյանքի մեծ մասն անց է կացրել հայկական ազգային ու մշակութային նշանավոր կենտրոններում, երկար տարիներ եղել է Ռոդոսթոյի հայերի հոգևոր առաջնորդը: Նրա «ժամանակագրություն» ծավալուն երկի աոաջին մասը համառոտ տարեգրության բնույթ ունի, իսկ երկրորդ մասը բովանդակում է XVI դարի երկրորդ կեսից-XVII դարի առաջին տասնամյակների իրադարձությունների մանրամասն նկարագրությունը: Աշխատությունում տրված են նաև ժամանակի հոգևորականության ու վաճառականության վարքն ու բարքերը, հայկական գաղթօջախների կյանքի պատկերը:
  XV-XVIII դարերում զգալիորեն ընդարձակվում է հայ հասարակության մտահորիզոնը, աննախադեպ ընդլայնվում են աշխարհի մասին պատկերացումները, ստեղծվում է ուղեգրական հարուստ գրականություն: XV դ. երկրորդ կեսին Մարտիրոս Երզնկացին այցելում է եվրոպական մի շարք երկրներ և գրի առնում իր ճանապարհորդական տպավորությունները: Մեկ դար հետո այդ երկրներում լինում է մեկ այլ հայ ուղեգրող՝ Սարգիս Աբեղան: Ուղեգրություններն ավելի ընդգրկուն ու մանրապատում են դառնում XVII դարում, որոնց հեղինակներն ուշագրավ տեղեկություններ են հաղորդում այցելած երկրների բնության, նշանավոր սրբավայրերի ու անցյալի մասին; XVII դ. հայ ուղեգիրների շարքում առանձնանում է Սիմեոն Լեհացին (1584- 1637), որը ճանապարհորդել է եվրոպական ու արևելյան մի շարք երկրներում և թողել բացառիկ արժեք ներկայացնող ճանապարհորդական նոթեր:
 Քաղաքական ու տնտեսական անապահով պայմաններում անգամ Հայաստանում չմարեց բնագիտական միտքը: Գրիգոր Տաթևացու մահից հետո նրա գիտական ավանդույթները շարունակեց Մատթեոս Ջուղայեցին: Տոմարագիտական-բնագիտական աշխատություններով հայ գիտական միտքը հարստացրեց Հակոբ Ղրիմեցին, որը Մեծոփի դպրոցի ականավոր ուսուցչապետներից էր:
   XV դ. հայ բժշկագիտության ամենանշանավոր դեմքը Ամիրդովլաթ Ամասիացին էր՝ թուրքական սուլթանի անձնական բժիշկը, բազմաթիվ աշխատությունների հեղինակ: Հատկապես արժեքավոր են նրա դեղագիտական ուսումնասիրությունները («Անդիտաց անպետ» և այլն), որտեղ նկարագրվում են բուժիչ բույսերը, հանքանյութերը, դրանց հայթայթման վայրերը, դեղանյութերի ազդեցության աստիճանը և այլն: Ամիրդովլաթ Ամասիացին իր երկերը ստեղծել է օգտվելով հիմնականում արևելյան լեզուներով շարադրված բժշկական ձեռագրերից՝ այդ նյութերի և իր գործնական փորձի համադրման հիման վրա: Իր գրքերն «ամենայն մարդու» դյուրամատչելի դարձնելու նպատակով դրանք շարադրել է խոսակցական լեզվով:
 
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 189-191

 

 

 

 

  
                                                                                           Մարգարյան Հ.
 
 
Տես նաև՝
 
 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am