Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Արցախի թեմը Ղարաբաղյան պատերազմում

 Արցախի թեմը Ղարաբաղյան պատերազմում: 1989 թվականին թեմը իր գործունեությունն է վերսկսել Վարագա Խաչի տոնին՝ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաբացումով։ Թեմի հոգևորականները Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ ու օրհնությամբ գործուն մասնակցություն են ունեցել ազգային-ազատագրական պայքարին։ 1989-1992 թվականներին այն ծավալել է բարեգործական-մարդասիրական գործունեություն՝ առաքել է սննդամթերք, հանդերձանք, դեղորայք, վառելանյութ, հիմնադրել երկու հոսպիտալ՝ 600 մահճակալով, բանակի ու հոսպիտալների համար ձեռք բերել ճապոնական արտադրության 25 շարժական էլեկտարկայաններ։ 1992-1994 թվականներին ղեկավարվելով Եղիշեի (5-րդ դար) «քաջ զինվորներին մահակից լինելու» պատգամով՝ թեմից ռազմական գործողություններին մասնակցել են Վ. Բալայանի ջոկատի նռնակաձիգ սարկավագ Գ. Խաչատրյանը (զոհվել է Ծամձորի ազատագրման ժամանակ), դպիր Ա. Թովմասյանը (զոհվել է 1994 թվականին), «Արծիվ-մահապարտներ» գնդի կազմում՝ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, «26-ի» դիրքերում քահանա Գ. Մարկոսյանը, սարկավագ Կ. Ապրեսյանը, Շահումյանի ու Գանձասարի պաշտպանությանը՝ քահանա Կ. Կարապետյանը, Կրկժանի և Խոջալուի ազատագրմանը՝ Ս. Հակոբյանը, Ամարասի և Գանձասարի պաշտպանության դիրքերում՝ հայր Վ. Աբրահամյանը, սարկավագ Վ. Գրիգորյանը և քահանա Ա. Թավադյանը։ 1988-1994 թվականներին թեմի հոգևորականները «աշխատակից ու աջակից» են եղել ազատամարտիկներին՝ նրանց մկրտելով ու օրհնելով։

Մ. Հարությունյան, Հ. Խաչատրյան

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am