Ականց անապատ: Ակներ վանք, Կիլիկյան Հայաստանի գլխավոր վանքերից, գրչության, մանրանկարչության և գիտության խոշոր կենտրոն: Գտնվել է Ցախուտ և Բարձրբերդ գավառների սահմանագլխին, Բարձրբերդ բերդի մերձակայքում, Ակներ գյուղի շրջակայքում, աղբյուրաշատ վայրում: Անվանումը ծագել է ակն, ակներ, ակունք բառերից: Վանքը կառուցել է Լևոն Բ թագավորը ԱԿԱՆՑ ԱՆԱՊԱՏ1198–1203-ին, օծել է Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը: Գործելով Կիլիկիայի Հայկական թագավորության քաղաքական և ռազմական հզորության ժամանակաշրջանում՝ վանքը եղել է նաև պետության դիվանագիտական ու հոգևոր գործերի խորհրդարան: Ականց անապատի մասին վկայություններ են թողել Սամուել Անեցին (XII դ.), Կիրակոս Գանձակեցին (XIII դ.), Վահրամ Րաբունին (XIII դ.), Հեթում Պատմիչը (XIV դ.), Դավիթ Բաղիշեցին (XVIIդ.): Համակառույցի կազմում հիշատակվում եներեք եկեղեցիներ՝ Ս. Աստվածածին, Ս. Հակոբ (կամ Ս. Նշան) և Ս. Առաքելոց: Ականց անապատն իր գոյության համեմատաբար կարճ ժամանակամիջոցում համահայկական հռչակ է վայելել գրչության արվեստով: Վկայություններ կան նաև Արլ. Հայաստանի հետ կապերի մասին: Գրչության դպրոցից մեզ հասած ամենահին ձեռագիրը 1215-ից է, ամենաուշը՝ 1342-ից: Վանքում ընդօրինակվել են բազմաթիվ հոգևոր ճառերի ժողովածուներ, Ժամանակագրություններ, Ավետարաններ, Մաշտոց, Նարեկ, Շարակնոց, Ագաթանգեղոսի Պատմությունը, մեկնություններ ևն (մեզ է հասել շուրջ 30 ձեռագիր), որոնց հիշատակարաններում տեղեկություններկան ժամանակի դեպքերի, պատմական անձերի մասին: Գրչության բարձր արվեստով նշանավորեն Պետրոսի, Դավթի, Բարսեղի, Ղազարի,Վարդանի, ԱԿԱՆՑ ԱՆԱՊԱՏՆերսեսի, նրա որդի Սերովբեի և այլոց ձեռագրերը: Ականց անապատի միաբաններից էր պատմիչ Գրիգոր Ակներցին: Նա, 1273-ին կատարելությամբ ընդօրինակելով Միքայել Ասորու <<Ժամանակագրութիւն>>-ը, գրել է նաև <<Պատմութիւն վասն ազգին նետողաց>> աշխատությունը: Ականց անապատը եղել է XIII դ. կիլիկյան մանրանկարչության վերելքի շրջանի ինքնատիպ կենտրոններից մեկը, Գռների և Բարձրբերդի գրչատների հետ կազմել Հովհաննես Արքա եղբայր րաբունապետի մանրանկարչական <<դպրոցը>>, որտեղ մշակվել է գրքի գեղ. ձևավորման մի ոճ, որի առանձնահատուկ կողմերն են՝ մարդկային մարմնի համաչափությունների և զարդապատկերների առանձին դրվագների ճիշտ վերարտադրությունը, պատկերագրական որոշ կանոնների ինքնատիպ լուծման ձգտումը, կատարման յուրահատուկ գրաֆիկական տեխնիկայի կիրառումը: Ականց անապատում ընդօրինակված ևպատկերազարդված ձեռագրերից նշանավոր են 1287-ի Ավետարանը, <<Վասակ իշխանի Ավետարանը>., որոնց նախատիպն է եղել <<Կեռան թագուհու Ավետարանը>> (1272)՝ նվիրված <<Իվանս որ կոչի Ակներ>>: Ականց անապատում են գործել Պողոս, Գրիգոր, Կարապետ, Հովհաննես ծաղկողները, Ըռուբեն, Բարսեղ քահանա կազմողները և ուրիշներ: Ականց անապատի միաբանությունը եռանդուն մասնակցություն է ունեցել Կիլիկյան Հայաստանի կրոնաեկեղեցական գործերին: Հայոց Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսը 1306-ին Հեթում Բ-ին ուղղած մի թղթում հիշում է Ականց անապատի միաբանությունը՝ որպես պարկեշտ, կատարյալ և խելոք մարդկանցից կազմված հաստատություն: 1307-ի Սսի եկեղեցական ժողովին մասնակցել են նաև Ակների պատգամավորները՝ հանձին Վարդան վարդապետի և Սարգիս վանահոր: Գահից հրաժարվելուց հետո Ականց անապատում է առանձնացել Հեթում Ա թագավորը (1226–70): Այնտեղ է թաղված Լևոն Բ թագավորի սիրտը, ինչպես և Պաղտին մարաջախտը, իշխաններ, հոգևորականներ: XIV դարից հետո Ականց անապատի անունն այլևս չի հիշատակվում (հավանաբար ավերել են եգիպտական զորքերը՝ 1375-ին Սիսը պաշարելու ժամանակ):


 

 

Աղբյուրը՝ <<Քրիստոնյա Հայաստան>> հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ. Երևան, 2002, էջ 28-29:

 

 Տես նաև

 Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:

Ակինյան Ն., <<Ականց կամ Ակների վանքը>>, տես նրա Մատենագրական հետազոտություններ, հ. 5, Վնն., 1953: 

Ազարյան Լ., Կիլիկյան մանրանկարչությունըXII–XIII դդ., Ե., 1964, էջ 76–88: 

 

Մելիք -Բախշյան Ս., Ակների գրչության դպրոցը, ԲԵՀ, 1968, դ 3:

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am