Ագաթանգեղոս (հուն. αvγαϑοvς – բարի,αjγγελος – հրեշտակ, լրաբեր) (ծ. և մ. թթ.անհտ), V դարի պատմիչ, հեղինակը հայ պատմագրության ու եկեղեցական մատենագրության հնագույն՝ <<Պատմութիւն Հայոց>> երկի, որը հայտնի է եղել նաև <<Գիրք Ս. Գրիգորիսի>> կամ <<Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի>> անուններով:

 ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ Միջնադարում միջազգային լայն ճանաչման արժանացած եզակի երկասիրություններից է: Կանոնական է համարվել Հայ եկեղեցու կողմից,օգտագործվել իբրև նվիրական, սրբազան մատյան: Առաջաբանում հեղինակը ներկայանում է որպես լատիներեն և հունարեն լեզուների գիտակ հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և Տրդատ Գ հրամանով գրել իր Պատմությունը: Սակայն քիչ հետո Ագաթանգեղոսը հանդես է գալիս իբրև հայ (ուսումնասիրողները նկատել են նաև այլ հակասություններ): Արվել է այն հետևությունը, որ Ագաթանգեղոսը IV դ. Պատմիչ է (հավաստել են Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Սեբեոսը և այլք), նրա գրքի բնագիրը եղել է հունարեն և թարգմանվել հայերեն V դ.՝ հայ գրերի գյուտից հետո: Այս ավանդական տեսակետն անվերապահորեն ընդունվել է մինչև XVIII դ. 2-րդ կեսը: Ագաթանգեղոսի <<Պատմութիւն Հայոց>>-ի բնագիրն առաջին անգամ Գրիգոր Մարզվանեցու ջանքերով լույս է տեսել 1709-ին, Կոստանդնուպոլսում: 1762-ին Հովհ. Ստիլտինգը հրատարակել է Ագաթանգեղոսի երկի հուն. թարգմանության բնագիրը (հետագայում բազմիցս վերահրատարակվել է) և լատ. համառոտ թարգմանությունը: Նա էլ առաջինը կասկածի տակ է առել Ագաթանգեղոսի հաղորդած պատմական շատ փաստերի վավերականությունը: Սկիզբ է դրվել Ագաթանգեղոսի գիտական ուսումնասիրությանը: Պատմության հայերեն բնագրի գիտ. (մի քանի ձեռագրերի համեմատությամբ) առաջին հրատարակությունը Վենետիկում (1835) և հայագիտության զարգացումը խթան հանդիսացան երկի մասին բազում և բազմալեզու ուսումնասիրությունների ի հայտ գալուն: Ագաթանգեղոսի երկի ստեղծման շուրջ կան լուրջ տարակարծություններ: Օտարազգի և հայ մի շարք գիտնականների կարծիքով՝ V դ. երկը կազմել են հայ առաջին թարգմանիչները և այն վերագրել IV դ. ապրած մտացածին հեղինակի (իբր արժանահավատությունը բարձրացնելու միտումով), իսկ Ագաթանգեղոսը ոչ թե անձնանուն է, այլ հունարեն հասարակ անուն, որը թարգմանաբար նշանակում է բարի հրեշտակ, բարի ավետիս, ինչպես՝ evangelia – ավետարան ևն: Ըստ այդմ, <<Ագաթանգեղոսի Պատմություն>> ասելով, պետք է հասկանալ <<Բարի ավետաբերի (այսինքն՝ Գրիգոր Լուսավորչի) Պատմություն: Այլ ուսումնասիրողների կարծիքով՝ բուն երկը շարադրել է IV դ. հեղինակ Ագաթանգեղոս, բայց Vդ. այն զգալիորեն խմբագրել և փոփոխել են հայ առաջին թարգմանիչները (Կորյունը և այլք): Ագաթանգեղոսի ֆրանսերեն թարգմանիչ Վ. Լանգլուան հանգել է այն կարծիքին, որ նա չէր կարող ապրել IV դ. և լինել աշխարհիկ գործիչ (քարտուղար), սակայն չի փորձել ժխտել Ագաթանգեղոսի բնագիրը հուն. գրված լինելու վարկածը: Հ. Ա. Գուտշմիդը տարբեր խմբագրությունների համեմատական ուսումնասիրությամբԱգաթանգեղոս պատմությունհաստատել է, որ Ագաթանգեղոսի բնագիրը հայերեն է, իսկ հունարենը՝ նրա թարգմանությունը: Իշխում է այն տեսակետը, որ Ագաթանգեղոսը հայ պատմագիր է, և նրա երկը գրվել է V դ. 1-ին կեսի հյութեղ ու կենդանի հայերենով: Ագաթանգեղագիտությամբ զբաղվել են նաև Բ. Սարգիսյանը, Ռ. Թոմսոնը, Պոլ դը Լագարդը, Ն. Բյուզանդացին, Թ. Թոռնյանը, Հ.Տաշյանը, Գ. Զարբհանալյանը, Գ. Խալաթյանցը,Գ. Տեր-Մկրտչյանը, Մ. Աբեղյանը, Ն. Ադոնցը, Կ. Մելիք-Օհանջանյանը, Ժ. Գարիտը, Ա. Տեր-Ղևոնդյանը, Պ. Մուրադյանը և ուր.: Ագաթանգեղոսի <<Պատմութիւն Հայոցն>> ընդգրկում է III դ. և IV դ. սկզբիանցքերը՝ Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի գահակալության վերջին տարիները: Այն բաղկացած է առաջաբանից և երեք մասից: Առաջաբանում հեղինակը խոսում է երկի շարադրման շարժառիթների ու նպատակների մասին: Առաջին՝ <<Վարք և պատմութիւն սրբոյն Գրիգորի>> մասում Ագաթանգեղոսը պատմում է պարթև Արշակունիների տապալման և Իրանում գահակալած Սասանյանների, հայ Արշակունիների հանդեպ նրանց թշնամանքի, պարսիկների դեմ Հայոց արքա Խոսրով Ա Մեծի հերոսական կռիվների, նրա դավադրական սպանությունից (259) հետո Հայաստանի նվաճման, այնուհետև մինչև III դ. վերջը Տրդատ Գ Մեծի ու Գրիգոր Ա Լուսավորչի գործունեության, վերջինիս չարչարանքների, Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի վկայաբանության մասին: Երկրորդ՝  <<Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի>> բաժինը ծավալով ավելի ընդարձակ է, քան Պատմության մնացած մասերը միասին վերցրած: Ի տարբերություն Ագաթանգեղոսի բուն պատմության՝ <<Վարդապետութիւնը>> մեզ է հասել միայն հայերեն բնագրով: Հայտնի է միայն նրա վրացերեն մի համառոտ տարբերակը, որը վերագրվել է Հիպողիտես Հռոմայեցուն և կրել <<Վասն հաւատոյ>> խորագիրը: <<Վարդապետութիւնը>> ընդգրկում է Հին և Նոր կտակարանների ողջ բովանդակությունը, որը ներկայացված է հիմն. դրվագներով, աստվածաբան. հարցերում՝  ներհյուսված հեղինակի գաղափարներով ու դատողություններով: Համեմատաբար հանգամանորեն են արծարծված Ս. Երրորդության և Արարչագործության, Մարդեղության, առաքելական քարոզչության, մեռյալների հարության թեմաները: <<Վարդապետութիւնը>> կառուցված է քրիստոնեությանհիմունքները պարունակող բանավոր քարոզի ձևով՝ ուղղված հայ հանրությանը, մասնավորապես Տրդատ Գ թագավորին (առանց անվան հիշատակության) և նրա արքունիքին: Հեղինակը հորդորում է նրանց դարձի գալ, հրաժարվել իրենց ձեռագործ կուռքերից, երկրպագել ճշմարիտ Աստծուն ևն: Վարդապետ., աստվածաբան. խնդիրների քննության մեջ կիրառվել է երկու հիմնական եղանակ՝ ապացույցը և մեկնությունը: Հեղինակն աստվածաբանության այս կամ այն դրույթի փաստարկման հարցում բացարձակ ապացույց է համարել Աստվածաշնչի վկայությունը: Մասնավորապես Աստծո Որդու երկրային գործունեությունը դիտել է՝ որպես վաղուց ի վեր մարգարեություններում կանխատեսված եղելությունների իրականացում:
Հեղինակը մեծ տեղ է հատկացրել մարգարեություններին և հաճախ վկայակոչել դրանք՝ իբրև ապացույց աստվածային կամքի իրականացման: <<Վարդապետութեան>> մեջ գրեթե ողջ աստվածաշնչական նյութը ներկայացվել է մեկնողաբար (ավելի հաճախ՝ հարցուպատասխանիի եղանակով), ուստի <<Վարդապետութիւնը>> կարելի է նաև հայ մեկնողական գրականության նշանակալից գործերից մեկը համարել: Մասնագետների կարծիքով՝ Ագաթանգեղոսը հիմնովին յուրացրել է հայրաբանական գրականությունը, քանզի նրա երկում լայն արձագանք են գտել եկեղեցու հայրերի մշակած բազում տեսական դրույթներ: Ըստ Ռ. Թոմսոնի՝ Ագաթանգեղոսը մեծապես օգտվել է Հովհան Ոսկեբերանի աշխատություններից և Կյուրեղ Երուսաղեմացու <<Կոչումն ընծայութեան>> երկից: Բ. Սարգիսյանն իր հերթին մատնանշել է բազմաթիվ ընդհանրություններՏրդատ<<Վարդապետութեան>> և Բարսեղ Կեսարացու, Եփրեմ Ասորու, Գրիգոր Նազիանզացու, Կյուրեղ Ալեքսանդրացու և հատկապես՝ Հովհան Ոսկեբերանի գործերի միջև: Գրքի երրորդ՝ <<Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան>> մասում Ագաթանգեղոսը հանգամանորեն պատմում է հին հայկ. հեթանոս. տաճարների ու աստվածների անդրիների կործանման, քրմերի կալվածքների ու հարստությունների բռնագրավման, հայ վերնախավերի ու ժողովրդի մկրտության, եկեղեցիների ու վկայարանների հիմնադրման, քրիստոնեության հաստատման, հոգևորականների կարգման և այլ իրադարձությունների մասին: Ագաթանգեղոսը իր Պատմությունը երկասիրել է քրիստոնեական դավանանքի ու եկեղեցու ջատագովության դիրքերից ձգտելով հիմնավորել Հայ եկեղեցու ազգային ինքնուրույնությունը, առաքելական ծագումը և գերապատիվ արժանիքը: Որպես պատմության աղբյուր, այս երկն իր տեսակի մեջ թերևս միակն է, որ տալիս է Հայաստանի դարձը: Ագաթանգեղոսը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի պատմական աշխարհագրության, արքունիքի, պետական գործակալությունների, զինված ուժերի, նախարարական կարգի, հայոց հեթանոսական կրոնի (հատկապես մի շարք կուռքերի ու նրանց տաճարների), երկրի ներքին կյանքին վերաբերող այլևայլ հարցերի մասին: Ագաթանգեղոսի <<Պատմութիւն Հայոցն>> ունի նաև գեղարվեստական արժեք: Այն միջնադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, վրացերեն, հաբեշ., լատիներեն և ունեցել շուրջ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ: Առաջին թարգմանությունը հունականն է (ժամանակը բանասերները համարում են VI դ.), որը վճռական նշանակություն է ունեցել Ագաթանգեղոսի երկասիրության տարածման հարցում: Հունարենից ամենից ավելի թարգմանվել է արաբերեն, հունարենից են առաջացել այլալեզու գրեթե բոլոր խմբագրությունները: Այն ամբողջությամբ հայտնի է միայն մեկ ձեռագրում և գտնվում է Ֆլորենցիայի Լավրենտյան մատենադարանում (Laurentianus, VII, 25): Ագաթանգեղոսի գիրքը նոր ժամանակներում թարգմանվել և հրատարակվել է իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն.: Աշխարհաբար լիակատար թարգմանությամբ (Ա. Տեր-Ղևոնդյան) հրատարակվել է 1983-ին, Երևանում:


 



 Աղբյուրը՝  <<Քրիստոնյա Հայաստան>> հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 11-13:


Տես նաև՝

Պատմութիւն Հայոց, աշխատասիր. Գ. ՏերՄկրտչյանի և Ս. Կանայանի, Տփղիս, 1909:
 
Հայոց պատմություն, Ե., 1983:

Սարգիսյան Բ., Ագաթանգեղոս եւ իւր բազմադարեան գաղտնիքն, Վնտ., 1890

Տաշյան Հ.,Ագաթանգեղոս առ Գէորգայ Ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ագաթանգեղայ գրոց, Վնն.,1891

Զարբհանալյան Գ., Հայկական հին դպրութեան պատմութիւն, Վնտ.,1897

Մառ Ն., Մկրտութիւն հայոց, վրաց, ափխազաց և ալանաց ի սրբոյն Գրիգորէ, Վաղ-պատ, 1911

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 161–213

Մելիք - Օհանջանյան Կ., Ագաթանգեղոսի Պատմությունն ու նրա ժողովրդական բանավոր սկզբնաղբյուրները, <<Մառը և հայագիտության հարցերը>>,[ժող.], Ե., 1968

Տեր - Ղեվոնդյան Ա., Ագաթանգեղոսի արաբական նոր խմբագրությունը (արաբ.,բնագիր և ուսումնասիրություն), Ե., 1968

Մուրադյան Պ., Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները, Ե., 1982 

Տեր - Պետրոսյան Լ.,Դասեր հայ եկեղեցական մատենագրությունից (Եդար), Սոչի, 1993

Gutshmid A., Agathangelos, Lpz., 1877 

Thomson R.W., The Teaching of Saint Gregory. An Early Armenian Catechism. Translation and Commentary, Camb., Massachusetts, 1970.
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am