Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Քարվաճառի (Քելբաջար) ռազմական գործողություն 1993

 Քարվաճառի (Քելբաջար) ռազմական գործողություն 1993: Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի ոչնչացման, բռնազավթված բնակավայրերի ազատագրման և ադրբեջանական բանակի Լաչին-Քելբաջարյան խմբավորման ջախջախման գործողություն: Տեղի է ունեցել 1993-ի մարտի 27-ից ապրիլի 2-ը:

 1993-ի մարտի վերջին իրավիճակը կտրուկ սրվել է հյուսիսարևմտյան ռազմաճակատում: Ադրբեջանական բանակի հրամանատարությունը հյուսիսարևելյան մարտագծում ղարաբաղյան ուժերի ուշադրությունը շեղելու նպատակով Քելբաջարում տեղակայված խմբավորումներին առաջադրանք է տվել թիկունքից հարվածել Մարտակերտի շրջանում տեղաբաշխված ղարաբաղյան ուժերին: Դա ստիպել է պաշտպանության բանակի հրամանատարությանը առժամանակ հետաձգել «Պուշկենյալ» բարձունքի գրոհը և հոգալ ԼՂՀ հյուսիսարևմտյան դարպասների պաշտպանության մասին: Կարճ ժամանակում ավարտելով զինուժի և տեխնիկական միջոցների վերախմբավորումը՝ ռազմաճակատի հյուսիսարևմտյան հատվածում ստեղծվել է պաշտպանական ուժեղ պատնեշ, որն ի չիք է դարձրել ադրբեջանական զինուժի Մարտակերտի շրջանում խորանալու բոլոր փորձերը: Մարտի 27-ին պաշտպանության բանակի ստորաբաժանումները, նախօրոք կանխարգելիչ հետախուզությամբ ուղեկցվող մի շարք հարվածներից հետո, 3 տարբեր ուղղություններով սկսել են Քելբաջարի ռազմական հենակետի ոչնչացման գործողությունը: Հանկարծահաս հարվածներով ղարաբաղյան ուժերին հաջողվել է նույն օրն ազատագրել թշնամու զավթած Աղդաբան, Չարեքտար, Նարեշտար, Թազաքենդ բնակավայրերը և հասնել ԼՂՀ պետական սահմանին: Նպատակ ունենալով ոչնչացնել հակառակորդի կրակակետերը և միաժամանակ ընդլայնել ու վնասազերծել կենսական կարևոր նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը՝ պաշտպանության բանակի զինուժը մարտի 29-ին մտել է Քելբաջարի շրջանի Ենիքենդ և Աղաջաքենդ գյուղերը: Մարտի 30-ին ոչնչացվել են հակառակորդի կրակակետերը Բաղրլու, Քեչիլիղայա, Չորման գյուղերում, որտեղից ամիսներ շարունակ պարբերաբար հրետակոծության են ենթարկվել Մարտակերտի շրջանի արևմտյան տարածքները: Ապրիլի 2-ին ղարաբաղյան զինուժը գրավել է Քելբաջարը Գյանջային (Գանձակ) կապող խաչմերուկը: Շրջափակման մեջ է հայտնվել ադրբեջանական բանակի քելբաջարյան խմբավորումը: Վերջիններիս օգնության հասնելու նպատակով, խաչմերուկի ուղղությամբ շարժվել են հակառակորդի 8 միավոր զրահատեխնիկա և շուրջ 250 հետևակ: Մարտագծի այդ հատվածում գործող ՊԲ-ի 30 զինվորից բաղկացած ջոկատը, իր վրա վերցնելով հարվածը, մտել է անհավասար մարտի մեջ: Ճակատամարտի ընթացքում հայ մարտիկները ոչնչացրել են 3 միավոր զրահատեխնիկա և մոտ 60 զինվոր: Հակառակորդի գործադրած շրջափակումը ճեղքելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցել: Մարտակերտի, Մարտունիի, Շուշիի Պաշտպանական շրջանների և կենտրոնական ենթակայության ուժերի կողմից անցկացված Քելբաջարի  ռազմական գործողությունը ավարտվել է Ադրբեջանի զինուժի Լաչին-քելբաջարյան խմբավորման լիակատար ջախջախմամբ: Արևելյան զորախմբի զորամասերի հետ փոխգործողությամբ զարգացնելով հարձակումը՝ Պաշտպանության բանակի ուժերը ապրիլի 5-ին դուրս են եկել Օմարի լեռնանցք:

 

Ս. Հասրաթյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am