Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Զեյթունի 1895-1896 թվականների ապստամբությունը

Տեսարան Զեյթունից Զեյթունի 1895-1896 թվականների ապստամբությունը։ Հայոց ազատագրական պայքարի արծվաբույն Զեյթունն իր հերոսական մաքառման շնորհիվ կարողացել էր պահել ներքին ինքնուրույնությունը, որի հետ համակերպվել չէր կարողանում սուլթանական կառավարությունը; Դեռևս 1880-ական թվականներից գործի էր դրվել Զեյթունը հայաթափելու և հիմնահատակ ավերելու սոցիալ-տնտեսական ու քաղաքական ճնշումների մի ամբողջական համակարգ; Հարկային ծանր լուծը, հարստահարությունները, զեյթունցիների տնտեսական քայքայումը հետապնդող միջոցառումները, պարբերաբար հայատյաց կառավարիչներ նշանակելը, հայ ազդեցիկ գործիչների նկատմամբ հալածանքները ստեղծել էին պայթյունավտանդ վիճակ: Հալեպի անգլիական հյուպատոսը վկայում էր. «Երբ հնչակյան գործիչները հարաբերությունների մեջ մտան զեյթունցիների հետ, պարզվեց, որ իշխանությունները նրանց գործը խիստ հեշտացրել են և ժողովուրդը... պատրաստ է դիմելու ապստամբության»։ Զեյթունը ոտքի հանելու գործում կարևոր դեր խաղացին նաև Սասունի 1894 թ. ապստամբության և հայկական ջարդերի վերաբերյալ լուրերը։

 Դժգոհության պատճառներից էր նաև այն, որ Հալեպի վիլայեթը, որտեղ գտնվում էր Զեյթունը, ներառված չէր Մայիսյան բարենորոգումների ծրագրում նշված շրջանների մեջ։

 Սկզբնապես Հնչակյան կենտրոնը ծրազրել էր մեծ ապրստամբություն բարձրացնել և միաժամանակ ոտքի հանել Զեյթունի, Հաճընի և Դյորթ–3ոլի հայությանը։ Բայց Հաճընը և Դյորթ-Յոլը ոտքի հանելու փորձերը ձախողվեցին։ Ազատության դրոշը պարզեց միայն հպարտ Զեյթունը։

 Լեռնականների պոռթկմանը միասնական, կազմակերպված բնույթ տալու գործումԶեյթունի ինքնապաշտպանությունը (գործ՝ Զուլում Գրիգորյանի) վճռական դեր խաղացին Զեյթուն ժամանած հնչակյան գործիչները՝ Աղասին (Կարապետ Թուր-Սարգիսյան), Մլեհը (Ասատուր Տամղաճյան), Հրաչյա Մարալը (Գրիգոր Ղարիբյան), Ապահը (Պետրոս Գմգմյան), Ջելլաթը (Կարապետ Ղրփանոսյան): Ձգտելով ապստամբությանը տալ համահայկական հնչեղություն՝ նրանք լեռնականների մեջ արմատավորում էին այն գիտակցությունը, որ իրենք պայքարում են ոչ միայն Զեյթունի, այլև ողջ հայության համար։ Այստեղ նրանք ստացան Ենիտունյան իշխանական գերդաստանի, հատկապես Նազարեթ Չավուշի անվերապահ աջակցոթյունը, որն անվիճելի հեղինակություն էր բոլոր զեյթունցիների համար։ Վերջինիս նախաձեռնությամբ Մութ ձոր կոչվող վայրում 1895 թ. հոկտեմբերի 12-ին գումարված ժողովում որոշվեց կենաց ու մահու պայքարի դուրս գալ թուրքական բռնակալության դեմ։ Նույն այդ ժամանակ Բարձրագույն Դուռը հարկադրում է հայոց պատրիարքին՝ հեռագրով պայքարը դադարեցնելու կոչ անել։ Բայց շուտով պարզվեց, որ թուրքերը սոսկ փորձում են ժամանակ շահել։ Արդեն հոկտեմբերի 15-ին բախում տեղի ունեցավ կառավարական զորքերի հետ։ Նույն օրը ապստամբները զրավևցին Զեյթունի կառավարչատունը և շրջապատեցին զորանոցը: Վերջինիս գրավումը խիստ կարևոր էր զինամթերք ձեռք բերելու, թիկունքն ամրապնդելու և ապստամբների մարտական ոգին բարձրացնելու առումով։ Կտրելով արտաքին աշխարհի հետ զորանոցի հաղորդակցության բոլոր կապերը և խափանելով ջրամատակարարումը ՝ ապստամբները գրոհի անցան։ Հոկտեմբերի 18-ի առավոտյան զորանոցը հանձնվեց։ Ամբողջ կայազորը գերվեց։ Զեյթունցիների ձեռքն անցավ մեծ քանակությամբ զենք, զինամթերք, պարեն, դեղամիջոցներ և այլն։ Զորանոցի վրա բարձրացվեց ապստամբների կարմիր դրոշը՝ «Զեյթունի անկախ իշխանություն» մակագրությամբ։ Ստեղծվեց ժամանակավոր հեղափոխական կառավարություն՝ Աղասու նախագահությամբ։

 Զորանոցի անկման լուրը մեծագույն անհանգստությամբ ընդունվեց Կ. Պոլսում։ Զեյթունի դեմ կռվող ուժերի հրամանատարությունը դրվեց չերքեզ Մուստաֆա Ռեմզի փաշայի վրա։ Նրա գլխավորած արևելման բանակը Մարաշից, իսկ Ալի Բեյի գլխավորած արևմտյան բանակը Ադանայի կողմից շարժվեցին դեպի Զեյթուն՝ իրենց կազմում ունենալով երեսուն հազար զինվոր և նույնքան անկանոն զորամասեր, ինչպես նաև լեռնային հրետանի։ Նրանց դեմ կանգնած էին հինգ հազար զինված զեյթունցիներ։ Զեյթունի դեմ դուրս բերվեց նաև գավառի մահմեդական բնակչությունը։ Քանի դեռ կանոնավոր բանակները չէին հասել, ապստամբների ղեկավարներին հաջողվեց թիկունքն ամրապնդել և անհրաժեշտ պաշարներ հավաքել։ Այդ ընթացքում հատկապես մեծ արձագանք ստացավ հարավից Զեյթունին սահմանակից Անդրուն գավառակի և համանուն գյուղաքաղաքի գրավումը։

 Նոյեմբերի վերջին թուրքական բանակները Զեյթունի մատույցներում էին։ Նախքան hարձակումը սկսելը Ռեմզի փաշան Զեյթուն է ուղարկում Մարաշի հայերից կազմված մի պատվիրակություն՝ անձնատուր լինելու առաջարկով։ Պահանջվում էր հանձնել ապստամբության ղեկավարներին, վերադարձնել գրավված զենքն ու զինամթերքը և գերիներին։ Պահանջները մերժվեցին և թուրքական բանակները դեկտեմբերի 2-ին հարձակման անցան:

 Թուրքական զորամասերից մեկի հրամանատար Ալի բեյը նախ գրավեց ու ավերեց գավառի հայաբնակ խոշոր գյուղերից մեկը՝ Ֆռնուզը։ Դա մեկ անդամ ևս ցույց տվեց, որ թուրքական բանակի խնդիրը գավառի դատարկումն է հայերից, և որ Զեյթունին ևս վիճակված է նույն ճակատագիրը։

 Դեկտեմբերի 3-ին հակառակորդը երեք հիմնական ուղղություններով շարժվեց Զեյթուն և սկզբում զգալի հաջողություններ ունեցավ։ Սակայն վճռորոշ պահին 75-ամյա իշխան Կարապետ Բասիլոսյանը, որը սկզբում ընդդիմացել էր ապրստամբությանը, նժույգով դուրս եկավ զորանոցից և նետվեց դեպի թշնամին։ Դա ցնցեց լեռնականներին, որոնք հետևելով ծերունազարդ իշխանին՝ խելահեղ հարձակման նետվեցին։ Կատաղի մարտերում թուրքերը մեծ կորուստներ կրեցին՝ տալով մեծ թվով սպանվածներ և վիրավորներ։ Այդ կռիվները հսկայական նշանակություն ունեցան ապստամբության համար։ Ձախողվեց հուժկու հարձակմամբ Զեյթունը գրավելու Ռեմզի փաշայի ծրագիրը։

 Թուրքական գրոհները շարունակվեցին նաև հաջորդ օրերին՝ հատկապես կատաղի բնույթ ընդունելով Զեյթունին Ալի բեյի բանակի մոտենալուց հետո։ Թեև դեկտեմբերի 23-24-ի կռիվների ընթացքում թուրքերին հաջողվեց գրավել զորանոցը, բայց նրանց հաջողություններն, ըստ էության, դրանով էլ ավարտվեցին։ Թուրքերը մեծ դժվարություններ ունեին նաև՝ կապված դեկտեմբերյան սառնամանիքի և բանակում սկսված հիվանդությունների հետ։ Ընդհանուր առմամբ նրանց կորուստները հասնում էին շուրջ քսան հազար մարդու։ Կատաղի մարտերից մեկի ժամանակ վիրավորվեց ինքը՝ Ռեմզի փաշան: Անհաջողությունից կատաղած ու հուսահատ՝ նա հեռագիր հղեց Կ. Պոլիս՝ նոր ուժեր խնդրելով Զեյթունը գրավելու համար։ Ռեմզի փաշայի դանդաղկոտությունից զայրացած սուլթանր պաշտոնանկ արեց նրան՝ բանակի հրամանատարությունը հանձնելով Հալեպի Էդհեմ փաշային։ Վերջինիս հարձակողական ձեռնարկները նույնպես անարդյունք անցան։ Չնայած կատաղի ռմբակոծություններին՝ Զեյթունը մնում էր անառիկ։

 Զեյթունի իրադարձությունները գնալով ավելի մեծ հնչեղություն էին ստանում՝ Բարձր Դռան համար անհետաձգելի դարձնելով հարցի կարգավորումը։ Վախենալով հայոց համազգային ապըստամբության առաջացման վտանգից և աշխատելով կանխել միջազգային ազդու միջամտությունը՝ սուլթանական կառավարությունը ստիպված համաձայնվեց, որ մեծ տերությունները միջնորդի դեր ստանձնեն Զեյթունի ապստամբների և կառավարության միջև վարվող բանակցություններում։

 Դեկտեմբերի 25-ին զեյթունցիներին հանձնվեց մեծ տերությունների՝ Հալեպում հավատարմագրված հյուպատոսների հեռագիրը։ Ուշագրավ է, որ այդ հեռագիրը ուրախությամբ ընդունվեց թուրքական բանակի կողմից։ Այն ոգևորությամբ ընդունեցին նաև զեյթունցիները՝ հյուպատոսների միջամտության փաստը մեկնաբանելով որպես կառավարության դեմ տարած հաղթանակ։ Այսպիսով, զենքի ուժով լեռնականների ապստամբությունը խեղդելու և Զեյթունը գրավելու փորձերր ձախողվեցին, թուրքական կողմն, ի վերջո, ստիպված ինքն էր հաշտություն խնդրում։

 1896 թ. հունվարի 22-30-ը եվրոպական տերությունների հյուպատոսների միջնորդությամբ թուրքական բանակատեղում տեղի ունեցան հաշտության բանակցություններ։ Թուրքական կողմը պահանջեց վերադարձնել խլված զենքերը, վերականգնել զորանոցն ու ամրությունները և ռազմական ատյանին հանձնել ապստամբության կազմակերպիչներին։ Այս ամենի դիմաց զեյթունցիներին ներում էին խոստանում։ Թուրքական պայմանները զեյթունցիները վճռականորեն մերժեցին՝ հայտարարելով, որ ներում ստանալու համար չեն ապստամբել և որ իրենց համար գերադասելի է մեռնել կռվելով, զենքը ձեռքներին։ Որպես հաղթողներ, նրանք առաջադրեցին իրենց պայմանները։ Սուլթանն, ի վերջո, ստիպված էր տեղի տալ ՝ հիմնականում ընդունելով զեյթունցիների պայմանները։ 1896 թ. հունվարի 30-ին Բարձր Դռան և Զեյթունի ապստամբների միջև, մեծ տերությունների միջնորդությամբ, ստորագրվում է հինգ կետից բաղկացած հետևյալ համաձայնագիրը.

Լ Զեյթունցիները և գավառի մահմեդականները հանձնում են պատերազմական զենքերը, սակայն պահելով որսորդական զենքերը և հին տիպի հրացաններն ու ատրճանակները։

2.Հայտարարվում էր համընդհանուր ներում, իսկ դրսեկ Հնչակյան գործիչները պետության ծախսերով պետք է հեռանային կայսրության տարածքից։

3.Բավարարվում էր «միրի» հարկի կրճատման և նախկին տուրքերը չեղյալ հայտարարելու մասին զեյթունցիների աոաջարկը։ Զորանոցը վերականգնվում էր պետության միջոցներով։

4.Զեյթունում նշանակվելու էր քրիստոնյա կառավարիչ ( գայմագամ ):

5.Չէր ընդունվում Զեյթունում թուրքական կայազորի վերացման առաջարկը։ Դրանով հանդերձ, թուրքական բանակը զենքերը ստանալուց հետո պետք է հեռանար Զեյթունից՝ այնտեղ թողնելով միայն մեկ զորամաս։

 1896 թ. փետրվարի 3-ին ստորագրված հատուկ փաստաթղթով Էդհեմ փաշան և հյուպատոսները հանդես էին գալիս որպես Զեյթունում հավաքված գաղթականության անվտանգության երաշխավորներ՝ իրենց վրա վերցնելով նրանց տեղավորման խնդիրը։ Վերը նշված պայմանների գործադրման հսկողությունը դրվում էր մեծ տերությունների հյուպատոսների վրա։ Հետագա ամիսների ընթացքում տերությունների ճնշման ներքո թուրքական իշխանությունները դժկամությամբ, բայց, այնուհանդերձ, կատարեցին համաձայնագրի հիմնական պայմանները։ Զեյթունում կառավարիչ նանակվեց ազգությամբ hույն Ցուվանակին;

 Համաձայնագրի ստորագրումը զեյթունցիների փայլուն hաղթանակն էր։ Օսմանյան կայսրությունը ստիպված էր սեփական հպատակների հետ ստորագրել մի համաձայնագիր, որով փաստացի ճանաչում էր նրանց որոշակի իրավունքները։ Զեյթունցիների հաղթանակը հայ զինյալ ազատամարտի կենսունակության վկայությունն էր, թեև Զեյթունի իրադարձությունները նաև պարզորոշ ցույց տվեցին նույն ազատամարտի թույլ կողմերը։ Ապստամբության ողջ ընթացքում Զեյթունը գործնականում մնաց միայնակ՝ չստանալով հայաբնակ այլ վայրերի աջակցությունը և անգամ ռազմական, նյութական ու դրամական այն օժանդակությունը, որն ակնկալվում էր և որը նրան խոստացել էին։

 Զեյթունի հերոսական ապստամբությունն ամբողջ մերկությամբ ցուցադրում էր այն վնասը, որ աղատադրական շարժմանը հասցնում էին թուրքական բռնապետության դեմ պայքարում ներգրավված կուսակցությունների անմիաբան գործողությունները՝ միասնական ղեկավար կենտրոնի բացակայության պատճառով։

 Հատկապես ակնհայտ դարձավ ազատագրական պայքարը ղեկավարելու հնչակյան կենտրոնի անկարողությունը, որի մասին կասկածի առաջին լուրջ նշաններն առաջացել էին ղեռես Սասունի ապստամբության օրերին։ Երկրում աշխատող Հնչակյան գործիչների և Հնչակյան կենտրոնի միջև առաջացած հակամարտության հետևանքով 1896 թ. Լոնդոնում կայացած համագումարում Հնչակյան կուսակցությունը պառակտվեց, գնալով թուլացավ և կորցրեց իր ղեկավար դերը Հայոց ազատամարտում։ Սակայն ազատագրական պայքարը շարունակվում էր։ Հերոսական մաքառումի հերթական արարի ասպարեզ դարձան Վանն ու Վասպուրականը։

 

Գրականության ցանկ

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 406-412

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am