Յոլյան Էդուարդ Վահանի: Ծնվել է 1926թ. օգոստոսի 20-ին Բաքու քաղաքում: 1938-1944թթ. ապրել է Նորիլսկում, Սվերդլովսկում: Զորակոչվել է զինված ուժեր 1944թ. հունիսի 15-ին: 1944թ. ավարտել է ռազմաօդային ուժերի 11-րդ հատուկ դպրոց (Սվերդլովսկ), 1948թ.` օդաչուների 9-րդ ռազմական ավիադպրոց (Բուգուռուսլան), 1948թ.՝ ռազմական ավիաուսումնարան (Բորիսոգլեբսկ), 1953թ.`  փորձարկող օդաչուների դպրոց, 1960թ.՝ Մոսկվայի Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտի Ժուկովսկի բաժանմունք: 1953-58թթ. եղել է Մ. Գրոմովի անվան Թռիչքա-հետազոտական ինստիտոտի (ք. Ժուկովսկ, Մոսկվայի մարզ) փորձարկող-օդաչու: Կատարել է կործանիչ ինքնաթիռների մի շարք փորձարկումներ, մասնակցել ավիասկաֆանդրների փորձարկումներին: 1958-60թթ. Սուխոյի անվան Միացյալ կոնստրուկտորական բյուրոյի փորձարկող օդաչու: Կատարել է Ս-1-ի դիմացկունության փորձարկում, մասնակցել է Տ-3, ՊՏ-8, Տ-49, Տ-5, Պ-1, Սու-7 գերձայնային կործանիչների փորձարկումներին: 1960-82թթ. Ա. Տուպոլևի անվան Միացյալ կոնստրուկտորական բյուրոյի փորձարկող օդաչու: 1968թ. դեկտեմբերի 31-ին փորձարկել է աշխարհում առաջին գերձայնային ուղևորատար ՏՈւ-144 ինքնաթիռը: Մասնակցել է ՏՈւ-22 ռմբակոծիչի, ՏՈւ-124, ՏՈւ-134, ՏՈւ-154 ուղևորատար ինքնաթիռների և նրանց մոդիֆիկացիաների փորձարկումներին: Յուրացրել է 90 տիպի ինքնաթիռ և ուղղաթիռ: Նոր ավիատեխնիկայի փորձարկման ժամանակ ցուցաբերած արիության և հերոսության համար Ա. Տուպոլևի անվան Միացյալ կոնստրուկտորական բյուրոյի փորձարկող օդաչու գնդապետ Է. Յոլյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1971թ. ապրիլի 26-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով  և «Ոսկե աստղ» մեդալով: 1982թ.-ից պահեստազորում է: Մինչև 1996թ. աշխատել է Ա. Միկոյանի անվան Միացյալ կոնստրուկտորական բյուրոյում ճարտարագետ: Ապրել է Ժուկովսկում, ապա` Մոսկվայում, կյանքի վերջում` Դոնի-Ռոստովում: Մահացել է 2009թ. ապրիլի 6-ին: ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու (1967): Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով, «Մարտական վաստակի համար» մեդալով: Նրա մասին է նկարահանվել «Գերձայնայինի հրամանատարը» վավերագրական կինոնկարը (1971):

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր» կենսագրակայն հանրագիտարան, հատոր Բ, Երևան 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am