Երվանդունիների (Հայկազյան) թագավորությունը: Ք.ա. VI դարի 70-ական թթ. Հայոց թագավորությունը բախվելով Իրանում մեծ հզորության հասած և Մերձավոր Արևելքում ահեղ ուժ դարձած մարա-պարսկական տերությանը` հարկադրված եղավ ճանաչել նրա գերիշխանությունը` տարեկան որոշ հարկագումար վճարելու և պատերազմի ժամանակ զորամասեր տրամադրելու պայմանով: Սակայն Հայաստանը լիովին պահպանում էր իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում: Հայաստանի պետական տարածքները համընկնում էին Արարատյան տերության և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին:
Ք. ա. V դ. հույն պատմագիր
Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլետացու «Աշխարհագրությունը», Ք.ա. VI-V դդ. Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայությամբ բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում հասնում էին մինչև Փոքր Զավ գետի ակունքները և Մարաստան, հարավում` մինչև Ադիաբենե, հյուսիս-արևմուտքում` մինչև Պոնտոս, արևմուտքում` Կապադովկիա, հարավ-արևմուտքում` Կիլիկիա: Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամաս է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է հին պարսկական արձանագրություններում նշված Կատպատուկա և հին հայկական աղբյուրներում հիշատակվող Կապուտկող, ավելի ուշ` Փոքր Հայք երկրամասին: Այլ խոսքով, Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը:

Ուստի պատահական չպետք է համարել Ք. ա. V-IV դարերի հույն պատմագիր Քսենոփոնի խոսքերը, թե «Արմենիան մեծ է ու բարեկեցիկ»: Հատկանշական է, որ Ք. հ. I դ. հույն պատմագիր Պլինիոս Ավագը անդրադառնալով Մեծ Հայքի սահմաններին նշել է, որ դրանք արևմուտքից դեպի արևելք ձգվել են 1950 կմ, իսկ հարավից մինչև հյուսիս` 975 կմ: Ինչպես տեսնում ենք, 500 տարվա ընթացքում Մեծ Հայքի տարածքը մնացել է գրեթե անփոփոխ:
Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնյաց պատմության»-ը, որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է Մովսես Խորենացին,

Երվանդ I-ին հաջորդել է որդին` Տիգրան Հայկազյանը (մոտ 560-530-ական թթ.), որի մասին գովեստով է խոսում հույն պատմագիր Քսենոփոնը, իսկ Մովսես Խորենացին նրան անվանում է մեծ բարենորոգիչ և երկրորդ մեծազոր արքա` Արամից հետո: Ըստ նույն պատմագիրների Տիգրան Հայկազյանը Պարսից Աքեմենյան արքա Կյուրոս II Մեծի հետ Ք.ա. 550 թ. մասնակցել է Մարաստանի, իսկ Ք.ա. 538 կամ 537 թ.` Բաբելոնիայի թագավորությունների կործանմանը: Տիգրանի գահակալման վերջին տարիներին կամ նրա մահից հետո Կյուրոս II Մեծը Հայաստանը դարձրել էր Աքեմենյան աշխարհակալության ենթակա փոխարքայություն (սատրապություն)` իր որդի Թանաոք-սարեսին հռչակելով Հայաստանի և Մարաստանի սատրապ:
Աքեմենյանների գերիշխանությունը Հայաստանում արտահայտվել է տարեկան սահմանված հարկերի գանձմամբ և պատերազմների ժամանակ որոշակի քանակությամբ ռազմական ուժերի զորահանությամբ: Ներքին բոլոր հարցերում Հայոց թագավորությունը պահպանել է իր ինքնավարությունը: Ավանդական պատմության համաձայն Տիգրան Հայկազյանին հաջորդել է նրա որդի Վահագնը (մոտ 530-520): Ք.ա. 522-521 թթ., Աքեմենյան տիրակալությանը հպատակ բազմաթիվ երկրների հետ միաժամանակ, Հայաստանը նույնպես ապստամբել է Դարեհ I-ի դեմ, որը դավադրաբար սպանել էր Կյուրոս II-ի կրտսեր որդուն` օրինական գահաժառանգ Բարդիային, և զավթել գահը: Պարսից պատժիչ զորքերի դեմ հայկական զորքերը տվել են հինգ ճակատամարտ, որոնց մասին Դարեհ I-ը պատմում է Բագաստանայի (Բեհիստուն) ժայռին քանդակած իր եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն և աքադերեն) տարեգրությունում:

Ք.ա. VI դարի վերջից մինչև V դարի վերջը Հայաստանի սատրապ-թագավորներ են հիշատակվում Հյուդարնես I-ը, Հյուդարնես II-ը, Հյուդարնես III-ը և Արտաշիրը: Վերջինիս հաջորդել է Երվանդ II-ը (մոտ 404-360), որն ամուսնացած էր Աքեմենյան արքա Արտաքսերքսես II-ի (մ.թ.ա. 404-358) դստեր` Հռոդոգունեի հետ: Ք.ա. 380-ական թթ. Երվանդ II-ը գլխավորել է Փոքր Ասիայի սատրապությունների ապստամբությունը Արտաքսերքսես II-ի դեմ: Ապստամբության ընկճումից հետո հաշտվել է Արտաքսերքսես II-ի հետ և շարունակել գահակալել մինչև Ք.ա. մոտ 360 թ.: Այնուհետև նշանակվել է Միսիայի սատրապ: Ըստ հունարեն մի արձանագրության Երվանդ II-ը կյանքի վերջին տարիներին հանգրվանել է Հունաստանում, որտեղ մահացել է Ք.ա. 344 թվականին:
Ալեքսանդր Մակեդոնացու
արշավանքներից և Ք.ա. 331 թ. Աքեմենյան տիրակալության խորտակումից հետո, Ք.ա. 336 թվականին, Հայաստանում գահակալող Երվանդ III-ն իրեն հռչակեց անկախ թագավոր (331- մոտ 300) և զենքն ուղղեց հունա-մակեդոնական նվաճողների դեմ: Նրա աջակցությամբ Ք.ա. 331 թ. Փոքր Հայքի թագավոր հռչակվեց իր զորավար և թերևս մերձավոր ազգական Միթրաուստեսը: Երվանդ III արքան հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներին` հաջողությամբ պաշտպանեց Մեծ Հայքի թագավորության անկախությունը: Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանեցին նաև Փոքր Հայքի, Պոնտոսի և Կապադովկիայի թագավորությունները:

Մեծ Հայքի անբաժան տիրույթն էր կազմում նաև Ծոփքից Եփրատ գետով բաժանվող Կոմմագենե հայկական «աշխարհը»: Ք.ա. III դարի կեսին Ծոփքի և Կոմմագենեի հայոց կուսակալ Սամոս (Շամ) Երվանդունին հռչակվեց թագավոր: Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղը Մեծ Հայքի սատարմամբ մինչև Ք.ա. III դարի վերջը պահպանեց իր ինքնուրույնությունը: Սամոսի անունով հիմնվեցին Սամոսատ (Կոմմագենեում) և Սամոկրատ (Ծոփքում) հելլենիստական քաղաքները: Ք.ա. 240-ական թթ. Սամոսին հաջորդեց որդին` Արսամեսը (Արշամ), որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում) և Արսամեա անվանումներով երկու քաղաք (Կոմմագենեում):
Ք.ա. III դարի վերջին Սելևկյանների ռազմական միջամտությամբ Կոմմագենեն նվաճվեց, իսկ Ծոփքում գահակալող Քսերքսեսը նախ դարձավ Սելևկյան արքա Անտիոքոս III-ի հպատակը, ապա Ք.ա. 201 թ. դավադրությամբ սպանվեց: Անտիոքոս III-ը Կոմմագենեի կուսակալ կարգեց հույն զորավար Պտղոմեոսին, իսկ Ծոփքի կուսակալ` հայ զորավար Զարիադրեսին (Զարեհ):
Ք.ա. III դարի վերջին քսանամյակին Մեծ Հայքում գահակալում էր Երվանդ IV Վերջինը, որն Ախուրյանի և Երասխի գետախառնման մոտ հիմնադրեց Երվանդաշատ նոր մայրաքաղաքը, նրանից քիչ հյուսիս` Երվանդակերտը և Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին` Բագարան ավանը: Ք.ա. մոտ 200 թ. Սելևկյան զորքերը հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ տապալեցին Երվանդ IV-ին և նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կուսակալ կարգվեց Արտաշեսը:
Հայկազյան-Երվանդյան արքայատան, այդ թվում Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները իրենց անուններով ու պատկերներով հատել են դրամներ, խթանել երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը, մասնակցել այդ քաղաքակրթության կերտմանը:
Գրականության ցանկ
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ.,
Կատվալյան Մ.
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Քարտեզներ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
Փաստաթղթեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու

Դիտումներ - 2132
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 742
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am