Յազջյան Դավիթ ՄիսակիՅազջյան Դավիթ Միսակի: Ծնվել է 1915թ. մայիսի 15-ին գ. Լոո (Լազարևսկի շրջան, Կրասնոդարի երկրամաս, ՌԴ): Զորակոչվել է զինված ուժեր 1937թ. սեպտեմբերին Սևերսկի շրջանային զինկոմիսարիատի (Կրասնոդարի երկրամաս) կողմից: Մասնակցել է արևմտյան Ուկրաինայի և արևմտյան Բելառուսի ազատագրմանը, խորհրդա-ֆիննական պատերազմին: Զորացրվել է 1940թ. նոյեմբերին: Կրկին զորակոչվել է 1941թ. հուլիսին: Ավարտել է տանկային ուսումնարան (Ստալինգրադ): 1942թ. փետրվարին Ստալինգրադի մարտերում վիրավորվել է: 1943թ. գարնանը մասնակցել է Օրյոլի ուղղության հարձակողական մարտերին, 1944թ. գարնանը` Օստրուվ-Մալովեցկյան (Լեհաստան) ուղղության մարտերին, 1944թ. աշնանը` Վարշավայի ազատագրմանը, Վիսլայի գետանցմանը: 1945թ. մարտի 7-8-ին ք. Կյուստրինի (Լեհաստան) համար մարտերում տանկով ճանապարհ է բացել, ոչնչացրել 2 զենիթա-հրետանային մարտկոց, գնդացիր հաշվարկով և ավելի քան 20 զինվոր: Վիրավորվել է, բայց չի թողել մարտի դաշտը, փոխարինել է դասակի և վաշտի զոհված հրամանատարներին, վառվող տանկից փրկել վիրավորներին: Կյուստրինի ազատագրման մարտերում մասնակցության, արիության և հերոսության համար Տ-34 տանկի (22-րդ Տանկային գունդ, 5-րդ հարվածային Բանակ, 1-ին Բելոռուս. ռազմաճակատ) հրամանատար կրտսեր լեյտենանտ Դավիթ Յազջյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1945թ. մայիսի 31-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: 1945թ. մարտից եղել է տանկային դասակի հրամանատար: Զորացրվել է 1946թ. սեպտեմբերին: Պահեստազորի լեյտենանտ: Ապրել է Սոչիում: Մահացել է 1988թ. հուլիսի 23-ին: Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի  շքանշաններով, մեդալներով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր» կենսագրակայն հանրագիտարան, հատոր Բ, Երևան 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am