ԽծաբերդԽծաբերդ: Գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 25 կմ արևմուտք՝ Քիրս լեռան հարավ-արևմտյան մասում՝ Դիզափայտ լեռան հարևանությամբ՝ 900 մ բարձրության վրա: Տարածքը՝ 4816 հա: Անտառածածկ են գյուղի հարավային և հարավարևմտյան հատվածները: Բնակչությունը՝ 190 (2003): Զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և երկրագործությամբ: Ունի ակումբ, գրադարան, բուժկետ, ութամյա դպրոց (կոչվել է ազատամարտիկ Վ. Գրիգորյանի անունով):

 Խծաբերդը երեք կողմից շրջապատված լինելով ադրբեջանական գյուղերով՝ պարբերաբար ենթարկվել է հարձակումների: 1989-ին գյուղում կազմավորված կամավորական ջոկատը (հրամանատար՝ Ն. Գևորգյան) մինչև 1992-ը մասնակցել է գյուղի ինքնապաշտպանական մարտերին: Պաշտպանության բանակի կազմավորումից հետո ջոկատի ազատամարտիկներըզորամասի կազմում մասնակցել են ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ջոկատի ազատամարտիկները հատկապես աչքի են ընկել Սիրիչյաղ-Ժդանով ռազմական գործողության ժամանակ՝ ոչնչացնելով թշնամու աֆղան և այլ վարձկանների: Ջոկատից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Ն. Գևորգյանը: Գյուղից զոհվել է 7 ազատամարտիկ:

Ա. Ավանեսյան

 

Գրականություն

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am