Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Խորհրդային Հայաստանը հետպատերազմյան ժամանակաշրջանում (1945-1985 թթ.)

 Խորհրդային Հայաստանը հետպատերազմյան ժամանակաշրջանում  (1945-1985 թթ.)

ա. Արդյունաբերությունը: Հայրենական պատերազմի հաղթական ավարտից հետո խորհրդային ժողովուրդը նոր ուժով վերսկսեց իր ընդհատված խաղաղ, ստեղծագործ աշխատանքը: Թեպետ պատերազմի տարիներին Հայաստանի տնտեսությունը ռազմական ավերածությունների չէր ենթարկվել, բայց խախտվել էր նրա տնտեսության բնականոն զարգացումը, արտադրության տարբեր ճյուղերի համամասնությունը: Պատերազմի տարիներին Հայաստանում հիմնականում զարգացել էին արդյունաբերության այն ճյուղերը, որոնք կատարում էին ռազմական պատվերներ: Պատերազմից հետո պահանջվում էր սեղմ ժամկետում` խաղաղ ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան, վերակառուցել հանրապետության ժողովրդական տնտեսությունը, բարելավել բնակչության սոցիալական պայմանները:

 Հանրապետության բուռն զարգացող տնտեսության և բնակչության էներգետիկ կարիքները բավարարելու  նպատակով սկսվեց նաև Հայկական ատոմակայանի շինարարությունը, որի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1976թ., երկրորդը` 1979թ.:

 Բարելավվեց հանրապետության ճանապարհատրանսպորտային համակարգը:

 Այսպիսով, 1946-1985 թվականներին Հայաստանը ԽՍՀՄ տնտեսական համակարգում իր արդյունաբերական զարգացման մակարդակով ու տեսակարար կշռով գրավեց առաջնակարգ տեղերից մեկը:

 բ. Գյուղատնտեսությունը: Հետպատերազմյան տարիներին ինչպես ամբողջ Խորհրդային Միության մեջ, այնպես էլ Հայաստանում գյուղատնտեսությունը տևականորեն հետ էր մնում:

 Հետպատերազմյան տարիներին աշխատանքներ կատարվեցին գյուղի էլեկտրաֆիկացման ուղղությամբ:

 Վերակառուցվեց ոռոգման ողջ համալիրը: Արարատյան դաշտում փորվեցին բազմաթիվ արտեզյան հորեր, կառուցվեցին ջրհան կայաններ: Բացի դրանից, յուրացվեցին և գյուղատնտեսական արտադրության համար պիտանի դարձան 16 հազար հեկտար ճահճուտներ: Այդ բոլորի հետևանքով 1945-1965 թթ. հանրապետության ոռոգելի հողատարածքներն ավեացան 48 հազար հեկտարով:

 Չնայած կառուցվում էին նորանոր ջրանցքներ, ընդլայնվում ոռոգելի հողատարածքները, յուրացվում էին նախկինում դուրս գրված տարածքները, բայց գյուղատնտեսության վիճակը այդպես էլ չէր բարելավվում. ամենուրեք գյուղատնտեսականմթերքների պակաս էր: Գյուղացիները դիմում էին արտագնացության, տեղափոխվում քաղաքներ կամ Խորհրդային Միության ուրիշ հանրապետություններ:

 Չնայած այդ ամենին` 1980-ական թվականների կեսերին Խորհրդային Հայաստանը տարածաշրջանում հանդիսանում էր տնտեսապես ամենազարգացած, գիտական և մտավոր հզոր ներուժ ունեցող քաղաքակիրթ հանրապետություն:

 դ. Ազգային զարթոնքի տարիներ: 1960-ական թվականների հարաբերական ազատություններ ժամանակաշրջանը նաև ազգային զարթոնքի տարիներ էին:

 Հայոց ցեղասպանության 50-ամյակը նշելու պահանջով 1965 թ. ապրիլի 24-ին Երևանում ցույց կազմակերպվեց, որը ԽՍՀՄ պատմության մեջ առաջին զանգվածային ելույթն էր:

 Համազգային պայքարի կարևոր նվաճումը եղավ 1967 թ. Երևանում` Ծիծեռնակաբերդում, 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի բացումը, որն ուխտավայր դարձավ ողջ հայության համար:

 Ազգային զարթոնքին մեծապես նպաստեց 1968 թ. Սարդարապատի ճակատամարտի հերոսներին նվիրված հուշարձան համալիրի կառուցումը:

 1980-ական թվականների համատարած ճգնաժամը, տնտեսական-քաղաքական հարաբերությունների լճացումը ինչպես ամբողջ ԽՍՀՄ-ում, այնպես էլ Հայաստանում ստեղծեցին ծայրահեղ լարված վիճակ, որից դուրս գալու ուղիներ իշխանություններն ի վիճակի չեղան գտնելու:

 է. Մշակույթը 1945-1980-ական թվականներին: Հետպատերազմյան շրջանում, հատկապես անհատի պաշտամունքի քննադատությունից հետո, նոր հորիզոններ բացվեցին ազգային մշակույթի զարգացման համար: Դեռևս պատերազմի ծանր օրերին ստեղծված Հայաստանի Գիտությունների ակադեմիան՝ միավորելով հանրապետության գիտահետազոտական ինստիտուտները: 1947 թ. Գիտությունների ակադեմիայի նախագահ ընտրվեց ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: Տեսական և կիրառական մաթեմատիկայի բնագավառում ձեռք բերված հաջողություններով վերջնականապես ձևավորվեց հայ մաթեմատիկական դպրոցը: Նրա հաջողությունների գործնական կիրառմամբ սկսեցին զարգանալ կիբեռնետիկան և էլեկտրոնային հաշվիչ մեքենաների արտադրությունը: Ֆիզիկաի բնագավառում ձեռք բերված նվաճումների շնորհիվ զարգացան ռադիոտեխնիկան և էլեկտրոնիկան:

 Մեծ աշխատանք տարվեց հայ գրականության դասական գրողների երկերի ժողովածուների և հատորաշարերի հրատարակման ուղղությամբ: Հրատարակվեցին միջնադարյան հեղինակների գրական երկերը, արևմտահայ և արևելահայ գրողների լավագույն ստեղծագործությունները: Լայն ասպարեզ բացվեց գրական նոր սերնդի ստեղծագործական զարգացման համար: Լույս տեսավ «Հայ նոր գրականության պատմություն» հինգ հատորյակը:

 Հետպատերազմյան տարիներին գրական ասպարեզ եկավ գրողների նոր սերունդ, որը թարմ շունչ բերեց: Համաժողովրդական սիրո արժանացան Հովհաննես Շիրազր, Գևորգ  Էմինը, Համո Սահյանը, Պարույր Սևակը, Սերո Խանզադյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը և ուրիշներ: Իրենց ստեղծագործական հարուստուղին էին շարունակում Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Նաիրի Զարյանը, Հրաչյա Քոչարը և ուրիշներ: Հեռավոր Սիբիրի կալանավայրերում տևական տառապանք կրելուց հետո Հայասն վերադարձան Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, Վահրամ Ալազանը, Վաղարշակ Նորենցը, Լեռ Կամսարը:

 Ստալինի մահից և ԽՄԿԿ XX համագումարից հետո խորհրդահայ գրականության զարգացումն ընթացավ նոր հունով: Սկսեցին վերականգնվել պատմականության և ժողովրդայնության սկզբունքները, ուշադրության կենտրոնում հայտնվեց մարդ-անհատն իր անձնական կյանքով, խոհերով ու ապրումներով:

 Ստեղծագործական բուռն կյանք ապրեց Պարույր Սևակը: 1960-1970-ական թթ. ծնվեց «գյուղական արձակը»: Հրանտ Մաթևոսյանը, Վարդգես Պետրոսյանը, Մուշեղ Գալշոյանը և մյուս ները ոչ միայն արձանագրում էին գյուղի մարդու գիտակցության և բարոյականության խոր փոփոխությունները, այլև ցույց էին տալիս այդ փոփոխությունների դրամատիկ կողմերը, որոնցից էին սերունդների կապի խզումը, մարդու և բնության փոխհարաբերությունների խաթարումը և այլն:

 1980-ական թթ. երկրորդ կեսին խորհրդային հասարա կությունում և մշակույթում հակասությունների սրումն արձագանք գտավ նաև գրական ստեղծագործություններում: Վերակառուցման քաղաքականության և հրապարակայնության գաղափարների զարգացման ընթացքում գրողների մի մասը հանդես եկավ ստեղծագործական գործընթացներին կուսակցության և պետության միջամտության դեմ:

 1960-1970-ականթթ. խորհրդահայ կինոարվեստի վերելքի ժամանակաշրջանն էր: Ստեղծվեցին կինոնկարներ, որոնք այսօր էլ համաժողովրդական սեր են վայելում, և ժամանակի ընթացքում չի խամրում դրանց գեղարվեստական արժեքը: Այդ ֆիլմերից են «Բարև, ես եմ», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ», «Նռան գույնը» և այլն, որոնք ներկայացնում են հայկական կինոյի «նոր ալիքը»:

 Նկատելի տեղաշարժ եղավ ժամանակակից կատակերգության ժանրում: Սիրված կինոկատակերգություններից են Հենրիկ Մալյանի «Հայրիկ», Ներսես Հովհաննիսյանի «Հարսնացուն հյուսիսից», Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» կինոնկարները: 1950-1980-ական թվականներին հայկական մշակույթի բոլոր ճյուղերը որակական նոր փուլ էին թևակոխել

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am