Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Ս. Էջմիածնի և Սեբաստիայի գաղտնի խորհրդաժողովները

 Ս. Էջմիածնի և Սեբաստիայի գազտնի խորհրդաժողովները:Համոզվելով, որ սեփական ուժերով հնարավոր չէ ազատագրվել օտարի տիրապետությունից՝ հայ ազատագրական գաղափարի կրողները հրավիրում էին գաղտնի ժողովներ, որոնցում քննարկման առարկա էր դաոնում Հայաստանի ազատագրության խնդիրը:

 Նման առաջին խորհրդաժողովը հրավիրվել է 1547 թ. Ս, էշմիածնում: Նրա կազմակերպիչն ու ոգին Ամենայն Հայոց կաթողիկոս Ստեփանոս Ե. Սալմաստեցին էր: Սա մտավորական անձնավորություն էր, բանաստեղծ ու երաժիշտ, ուներ խոր և. բազմակողմանի գիտելիքներ, գիտեր մի քանի օտար լեզուներ, նախապես պաշտոնավարել էր Կ. Պոլսում, Լեհաստանում և Մոսկովյան Ռուսիայում, քաջածանոթ էր ժամանակի քաղաքական իրադարձություններին: Խորհրդաժողովը, որին մասնակցում էին արեելահայ բարձրաստիճան հոգևորականներ, մեծատուն առևտրականներ և մելիքներ, ընդունում է մի «Աղերսագիր» և որոշում կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն առաքել Վենետիկ ու Հռոմ:
 1548 թ. պատվիրակությունը Կ. Պոլսի վրայով ուղևորվում է Եվրոպա:Քաղաքական երկխոսության առաջին կենտրոնը Վենետիկն էր: Այստեղ պատվիրակությանը ընդունում է հանրապետության դոժը և մանրամասն ծանոթանում հայերի քաղաքական ակնկալիքներին: Պահպանված փաստաթղթերից հայտնի է դառնում, որ հայկական կողմն իր հույսը հիմնականում կապել էր Վենետիկի հետ:
 Այնուհետև բանակցությունները շարունակվում են Հռոմում, ուր հայկական պատվիրակությունը ժամանել էր 1549 թ. սկզբներին: Հուլիոս III պապի կողմից հանդիսավորությամբ ընդունված պատվիրակությունր այստեղ հանդիպում է լուրջդժվարությունների: Վատիկանում հայ-հռոմեական բանակցությունները հիմնականում կրում էին դավանաբանական բնույթ, իսկ ազատագրական խնդիրներր մղվել էին հետին դիրքեր: Քա֊ղաքական երկխոսության փոխարեն Հռոմի կղերապետը առաջադրեց զույգ եկեղեցիների միության հին, չարչրկված հիմնահարցը: Հանուն քաղաքական ակնկալությունների Հայոց կաթողիկոսը 1549 թ. օգոստոսի 2-ին ստիպված՜ էր գրավոր հնազանդություն հայտնել Հռոմի պապին: Անշուշտ դա դիվանագիտական զիջնում էր և շատ հեռու էր հայերի իրական քաղաքական նկրտումներից:
 Բանակցությունների հաջորդ խարսխակայանները դարձան Վիեննան, ապա՝ Վարշավան, ուր Ստեփանոս Ե-ն հանդիպումներ ունեցավ Կարլոս V կայսեր և Սիգիզմունդ II թագավորի հետ; Ավարտելով դիվանագիտական բանակցություններն արևմուտքում՝ հայկական պատվիրակությունը 1551 թ. Ռուսաստանի վրայով վերադարձավ հայրենիք:
  Եվրոպայում hայոց կաթողիկոսի վարած բանակցությունները որևէ շոշափելի, դրական արդյունք չտվեցին: Թուրքական ռազմակալման եզրին հայտնված Եվրոպան, որ մեծ դժվարությամբ պաշտպանական պատերազմներ էր մղում, չէր ցանկանում և չէր էլ կարող որևէ գործուն միջամտություն ունենալ հայերի քաղաքական ճակատագրում: Դավանաբանական ու կրոնական պայքարով առլեցուն եվրոպական միջավայրում Հռոմի պապերն այլևս չէին կատարում արևմտաեվրոպական րնդհանուր միապետի դեր և հետևաբար չէին կարող հակաթուրքական դրոշի ներքո համախմբել տարաբաժան ուժերը: Ուստի հայկական դիվանագիտության առւսշին երկխոսությունները քաղաքական իմաստով անհեռանկար էին: Այնուամենայնիվ, Ստեփանոս Սալմաստեցու առաքելությունը ավելորդ չէր. այն օրակարգի հարց դարձրեց Հայաստանի ազատագրության խնդիրը և ուղի հարթեց հետագա քաղաքական երկխոսությունների համար:
 Մի քանի տարի անց՝ 1562 թ. մայիսի 20-ին, հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացին Սեբաստիայի Ս. Աստվածածին մայր եկեղեցում հրավիրում է գաղտնի խորհրդաժողով: Ի տարբերություն կաթողիկոս Ստեփանոս Ե Սալմաստեցու կողմից 1547 թ. էջմիածնում հրավիրված ժողովի, այս ժողովին մասնակցում էին ինչպես արևելահայ, այնպես էլ արևմտահայ գործիչներ և, որ շատ կարևոր էր, բարձրացվեց բովանդակ Հայաստանի ազատագրության հարցը: Խորհրդաժողովը որոչում ընդունեց Եվրոպա ուղարկել մի նոր պատվիրակություն, որի ղեկավար նշանակվեց Աբգար Եվդոկացին (Թոխաթեցի)՝ բանիմաց մի անձնավորություն, որ սերում էր Արծրունյաց արքայական րն֊տանիքից:
 1563-1564 թթ. Աբգար Եվդոկացին բանակցություններ է վարում Վենետիկի հանրապետության դոժի` Հերոնիմոսի հետ; Պատահական չէ Աբգարի եվրոպական բանագնացության այս նպատակակետը, քանզի XVI դարի կեսերին Վենետիկի հանրապետության և Օսմանյան կայսրության առճակատումը հասել էր իր գագաթնակետին և բնական է, որ Վենետիկում հայերր կարող էին դիտվել որպես հակաթուրքական դաշնության հնա֊րավոր բարեկամներ: Այս շրջանում Վենետիկը հզորագույն ծովային տերություն էր. ուներ 3300 ռազմանավ, 36 հազար ծո֊վային հետևազոր և այլ ուժեր:
 Հայաստանի նկատմամբ Վենետիկի հովանավորության խոստումը ստանալուց հետո Աբգարը ուղևորվում է Հռոմ:1564 թ. նոյեմբերին նա րնդունվում է Պիոս IV պապի կողմից և նրան ներկայացնում Սեբաստիայի խորհրդաժողովի ընդունած ծածկագիր փաստաթղթերը: Դիմումագրում դարձյալ շեշտվում էր այն գաղափարը, թե հայերը կընդունեն պապի գերիշ֊խանությունը, եթե կաթոլիկ Եվրոպան իրենց օգնի ազատագրվելու իսլամի տիրապետությունից: Հատկանշական է, որ Հռոմի կղերապետը ապագա ազատագրված Հայաստանի թագը խոստանում է Աբգար Եվդոկացուն, որին ուղարկում է Հայաստան՝ հայ-հռոմեական հետագա բանակցությունների համար հայոց կաթողիկոսին Հռոմ առաջնորդելու: 1569 թ. Աբգար Եվդոկացին մանրամասն զեկուցագիր է ներկայացնում Միքայել Սեբաստացուն՝ իր քաղաքական առաքելության վերաբերյալ: Չնայած Աբգարի բանակցությունները Եվրոպայում որևէ դրական արդյունքի չհանգեցրին, բայց հայոց ազատագրության գաղափարակիրները չէին վհատվում և շարունակում էին ապավինել կաթոլիկ արևմուտքի օգնությանը:
 1575 թ. Հայոց կաթողիկոս Թադևոսը դարձյալ ուղևորվում է Եվրոպա և բանակցություններ վարում Հռոմի պապի, Վենետիկի դոժի և Լեհաստանի թագավորի հետ: Նույն թվականին Սսի Խաչատուր Բ Զեյթունցի կաթողիկոսը հատուկ ուղերձով դիմում է Գրիգոր XIII պապին և օգնություն հայցում նրանից: Այդպես է վարվում նաև նրա հաջորդ Ազարիա Ա Ջուղայեցի կաթոդիկոսը, որր 1584 թվականին Վատիկան ուղղած դիմումնագրում շեշտում էր, թե հայերը պատրաստ են ընդունելու կաթոլիկություն, եթե նրանց ցույց տրվի ռազմաքաղաքական օգնություն ընդդեմ թուրքերի: Հայաստանը համեմատելով անպարիսպ այգու հետ՝ կաթողիկոսը հույս էր հայտնում, թե միայն Հռոմի օգնությամբ հնարավոր կլինի պարսպապատել Հայաստանը և ազատագրել անօրենների տիրապետությունից:
 Հնազանդության վերը նշված հինգ աղերսագրերը ցույց են տալիս, որ հայոց ազատագրությանը նախանձախնդիր հայ եկեղեցական գործիչներր շրջանառության մեջ դնելով «Դաշանց թղթի» գաղափարները՝ ջանում էին ապահովել Արևմուտքի չստանձնած, չեղած, գոյություն չունեցող պարտականությունները Հայաստանի նկատմամբ: Արևմուտքն ի վիճակի չէր վեր կանգնելու դավանաբանական խճողված վեճերից և վարելու քաղաքական իրատես բանակցություններ: Իր հերթին, հայ ազատագրական միտքը չուներ Հայաստանի ազատագրության մշակված իրատես ծրագիր: Հույսը դնելով միայն արտաքին օգնության վրա Հայաստանի ազատագրությունը երազող շարժման գործիչները հստակ պատկերացում չունեին անգամ իրենց անելիքների և ընդհանրապես այդ գործում հայերի դերի մասին:
 
 Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 140-143

 

 

 

 

 
  Տե´ս նաև`

Ա. Սիմոնյան, Հայոց պատմություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.

 
 
Մովսիսյան Ա.
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am