Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Խամսայի մելիքությունների իրավունքներն ու պարտականությունները

 Խամսայի մելիքությունների իրավունքներն ու պարտականությունները։ Եթե մինչև Նադիր շահը Արցախի հինգ մելիքությունները տարանջատ ավատական իշխանություններ էին, վարչաքաղաքական պատ միավորներ, ապա այժմ նրանք համախմբվեցին մեկ աոանձին զինական դաշնակցության մեջ։ Խամսայում միավորվեցին Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները։ Խամսայի սահմանները տարածվում էին Գանձակից (այժմ՝ Գյանջա) մինչև Արաքս գետի ափերը։ Հյուսիսում այն հասնում էր մինչև Գետաշեն, հարավում՝ Արաքսի վրա ձգվող Խուդափիրինի կամուրջը, արևմուտքում՝ Սողք, իսկ արևելքում՝ Հին Տիգրանակերտի ավերակները։ Մելիքություններում իշխող տները սերում էին Արցախի հինավուրց Աոանչահիկ նախարարական տոհմից։ Գյուլիստանում իշխում էին Մելիք-Բեգլարյանները (իշխանանիստը՝ Գյուլիստանի ամրոցը), Ջրաբերդում՝ Մելիք-Իսրայելյանները (նստավայրն էր Ջրաբերդ-Չարաբերդ ավանը), Խաչենում՛ Հասան-Զալալյանները (նստավայրն էր Խոխանաբերդը ), Վարանդայում՝ Մելիք-Շահնազարյանները (նստավայրը՝ Ավետարանոց ավանը), Դիզակում՝ Մելիք-Եգանյանները (Մելիք-Ավանյաններ), իշխանանիստն էր Տող ավանը։ Նորաստեղծ զինական այս դաշնակցության (Խամսայի) գերագահ ( բեկլարբեկ) նշանակվեց Դիզակի մելիք Եգանը։ Խամսայի մեջ մտնող բոլոր մելիքները պետք է անվերապահորեն ենթարկվեին նրան, իսկ ինքը՝ Ատրպատկանի փոխարքային։ Մելիք Եգանին իրավունք էր վերապահվել նաև ուղղակիորեն դիմելու շահին։ Նա նաև շահի պալատական խորհրդականն էր և, ինչպես վկայում են պարսկական սկզբնաղբյուրները, Նադիրը մեծագույն հարգանքով նրան անվանում էր «Հայրացու»։ Այս նշանավոր պետական քաղաքական գործիչը մեծ ջանքեր թափեց հայկական ինքնավար իշխանության ամրապնդման ու հետագա զարգացման ուղղությամբ։

 Խամսայի հոգևոր կենտրոնը Գանձասարի վանքն էր, որը հանդիսանում էր Աղվանից (Արցախի, Գանձասարի) կաթողիկոսության նստավայրը։ XIV դարից սկսած Գանձասարի կաթողիկոսական պահը ժառանգաբար գտնվում էր Հասան Ջալալյանների տոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցիչների ձեռքում։ Գանձասարի կաթողիկոսները կարևոր դեր են խաղացել հայ ազատագրական շարժման պատմության մեջ, որոնց ականավոր ներկայացուցիչներից էր Եսայի Հասան-Ջալալյանը։

 Խամսայի մելիքներն ունեին անսահմանափակ իրավունքներ և հանդիսանում էին իրենց գավառների տիրակալները։ Նրանց կամքը հպատակների համար օրենք էր և, ինչպես նշված է մելիքներից մեկին տրված շահական հրովարտակում, «մելիքի հպատակներն ու ստորագրյալները պարտավոր են նրան համարել լիազոր տեր, չշեղվել նրա հրամաններից և տնօրինությունից»։ Մելիքը պարսկական պաշտոնյա էր և նրա տնօրինության ներքո գտնվող գավաոը մասնավոր սեփականություն չէր։ Նա գավառի տերն էր սոսկ կառավարման իմաստով, բայց, անշուշտ, ուներ նաև իր սեփական հողային ընդարձակ տիրույթներն ու անասնահոտերը։ Մելիքը տիրապետում էր տնտեսական հզոր կարողությունների։ Գյուղական յուրաքանչյուր ընտանիք պարտավոր էր նրան տալ բերքի մեկ հինգերորդը ու գլխահարկ և իր աշխատանքային գործիքներով տարեկան մի քանի օր ձրի աշխատել նրա համար, ցանել և հավաքել բերքը։

 Մելիքական պաշտոնը ժառանգական էր։ Մահացած մելիքին փոխարինում էր ավագ որդին, իսկ ժառանգ չունենալու դեպքում՝ եղբայրը։ Յուրաքանչյուր նոր մելիք իր պաշտոնը կարող էր ստանձնել միայն շահական հրովարտակից հետո։ Մելիքները պարտավոր էին ժամանակին վճարել սահմանված պետական հարկերը, ճնշել գավառում ծայր առած խռովությունները, մելիքության սահմանները պաշտպանել արտաքին հարձակումներից, պատերազմների ժամանակ իրենց զորքով ներկայանալ շահին։ Մնացած բոլոր հարցերում նրանք ինքնուրույն էին և ոչ մի բանով հաշվետու չէին։

 Մելիքներն իրավունք ունեին պատժելու և պարգևատրելու իրենց հպատակներին։ Դատավարության իրավունքը ևս գտնվում էր նրանց ձեռքին։ Դատավարության համար օրենսգիրք չկար, և մելիքները դատում էին սովորույթի իրավունքով։ Պատիժները բազմազան էին. սովորական ծեծից ու տուգանքից մինչև մահապատիժ։

 Մելիքության կազմում գտնվող գյուղերը կառավարվում էին գյուղացիների կողմից ընտրված տանուտերների միջոցով, որոնց ընտրությունը պարտադիր վավերացվում էր մելիքի կողմից։ Առանձին դեպքերում մելիքն ինքն էր նշանակում տանուտերներին։ Տանուտերները հետևում էին գյուղի կարգ ու կանոնին, հավաքում հարկերը, դատում մանր հանցագործներին, անհրաժեշաության դեպքում՝ հարյուրապետի հետ, զինապարտներին առաջնորդում մելիքների մոտ։ Զինվորական պարտադիր ծառայություն չկար, և մելիքները մշտական ու կազմակերպված բանակ չունեին: Սակայն մելիքներից յուրաքանչյուրը իր մոտ որպես թիկնապահներ մշտապես պահում էր 300 զինվոր։ Պատերազմի ժամանակ զենք կրելու ընդունակ բոլոր չափահաս տղամարդիկ պարտավոր էին պատրաստ վիճակում (ձիով, զենքով և այլն) հավաքվել որոշված վայրում։ Տարբեր ժամանակներում մելիքներն ունեցել են տարբեր քանակի զինվորական ուժեր։ Եթե XVIII դարի 20-ական թվականների ազատագրական կռիվների շրջանում բոլոր սղնախները միասին կարող էին դուրս բերել մինչև 40 հազար զինվոր, ապա Նադիրի ժամանակ Խամսայի մելիքություններից յուրաքանչյուրն առավելագույնս կարող էր հանել 3-4 հազար զինվոր։ Այսպիսով, Խամսայի մելիքների ռազմական ուժը կարող էր հասնել 20 հազարի։ XVIII դարի երկրորդ կեսին, երբ Խամսայի մելիքները թուլանում են, նրանցից յուրաքանչյուրը կարող էր հանել 1000-ական զինվոր։ Զորքը ղեկավարում էին մելիքի կողմից նշանակված հարյուրապետներն ու հազարապետները, որոնք մելիքական ընտանիքների կրտսեր ներկայացուցիչներից էին։

 Մելիքները գործուն մասնակցություն են ունեցել նաև Արցախի հոգևոր կյանքին, երբեմն միջամտել են Գանձասարի կաթողիկոսների ընտրությանը, որը հաճախ տեղիք էր տալիս մելիքական տարբեր խմբավորումների միջև շահերի բախման ու օտար (հարևան մահմեդական) տիրակալների անցանկալի միջամտության։

 Նադիր շահի սպանությունից հետո (1747) Խամսայի մելիքների վիճակը փոխվում է, Պարսկաստանի նոր տիրակալները վերացնում են Խամսայի շատ արտոնություններ և, որ խիստ անցանկալի էր, երկրամասը դարձյալ ենթարկվում է Գանձակի խանին։ Պարսկական կենտրոնական իշխանության հետագա թուլացման, անիշխանության, անընդհատ կրկնվող միիշխանական ընդհարումների պայմաններում Խամսայի մելիքներն իրենց իրավունքների ու միասնականության պահպանման համար հուսահատ պայքար էին մղում, որոնք սակայն ավարտվեցին անհաջողությամբ։ Հիմնական պատճառը մելիքական տների միջև ծայր առած ներքին երկպառակություններն էին ու եղբայրասպան կռիվները։ Վարանդայի մելիք Հովսեփի դեմ ապրստամբեց նրա կրտսեր եղբայր Շահնազարը, որը սպանելով եղբորը՝ տիրացավ մելիքական աթոռին։ Խամսայի մյուս չորս մելիքները միացյալ ուժերով հարձակվեցին ինքնակոչի վրա։ Շահնազարը 1752 թ. զինական օգնություն խնդրեց երկրամասի արևելյան սահմանների մոտ ծվարած քոչվոր թուրք սարըջալու ցեղապետ Փանահից և նրան տրամադրեց հինավուրց Բերդաքար-Շոշ (Շուշի) ամրոցը։ Այսպես, պատմության մեջ առաջին անգամ, Արցախի սրտում բնակություն հաստատեց մի օտար թուրքական ցեղ։ Փանահը 1752-1754 թթ. արագորեն վերակառուցելով Շոշի բերդը՝ ամրացավ այնտեղ։ Շուտով շահը նրան շնորհեց խանական տիտղոս և հայ մելիքներին պարտադրեց ենթարկվել նրա գերիշխանությանը։

 Այսպիսով ստեղծվեց Ղարաբաղի խանությունը, որր կատարյալ չարիք դարձավ երկրամասի բնիկ բնակչության՝ հայերի համար և հանդիսացավ Խամսայի թուլացման հիմնական պատճառներից մեկը։ Եղբայրասպան կռիվներից հյուծված ու ջլատված Խամսայի մելիքություններն անկարող եղան դիմագրավել Ղարաբաղի խանի և Պարսկաստանի կառավարության բացահայտ թշնամական գործողություններին, որոնց միասնական ջանքերով հայ մելիքների զինական դաշնակցությունը քայքայվեց։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am