Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Խաչենի (Ասկերան) Պաշտպանական Շրջան

 Խաչենի (Ասկերան) Պաշտպանական Շրջան: 3-րդ պաշտպանական շրջան, կազմավորվել է ԼՂՀ Ինքնապաշտպանական կոմիտեի նախագահի 1992-ի օգոստոսի 14-ի հրամանով՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում գործող ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների հիմքի վրա (հրամանատար՝ Վ. Բալասանյան)։ 1992-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ Պաշտպանական շտաբում գործել են 4 հրաձգային գումարտակներ.

 1-ին      հրաձգային գումարտակը (հրամանատար՝ Վ. Սաֆարյան) կազմավորվել է Դահրազ, Սառնաղբյուր, Դաշուշեն, Քռասնի, Կարմիր գյուղ, Հարավ, Սզնեք, Շոշ և Մխիթարաշեն քուղերի ջոկատների հիմքի վրա։ Պաշտպանել է Դահրազ-Աղբուլաղ հատվածը։

 2-րդ      հրաձգային գումարտակը (հրամանատար՝ Ռ. Հակոբջանյան) կազմավորվել է Դահրավ, Փրջամալ, Նախիջևանիկ, Արանզամին, Քյաթուկ, Խնածախ և Հասանաբադ գյուղերի ջոկատների հիմքի վրա։ Պաշտպանել է Աղբուլաղ-Նախիջևանիկ հատվածը։

 3-րդ      հրաձգային գումարտակը (հրամանատար՝ Ա. Հարությունյան) կազմավորվել է Ասկերան քաղաքի, Նորագյուղ և Խանաբադ գյուղերի ջոկատների հիմքի վրա։ Պաշտպանել է Նախիջևանիկ-Խրամորթ հատվածը։

 4-րդ      հրաձգային գումարտակը (հրամանատար՝ Կ. Արզումանյան) կազմավորվել է Խնձրիստան, Խանցք, Հիլիս, Բադարա, Աստղաշեն, Խաչեն, Ռև, Ղշլաղ և Խրամորթ քուղերի ջոկատների հիմքի վրա։ Պաշտպանել է Քարագլխի հատվածը։

 1992-ի վերջին պաշտպանական շտաբի կազմի մեջ է մտել նաև 35-րդ առանձին գումարտակը (հրամանատար՝ Ա. Ղարամյան), որը մինչ այդ կռվել էր Լաչինի ուղղությամբ։ Կազմավորվել է Ակնաղբյուր, Ավետարանոց, Սարինշեն, Խաչմաչ, Սղնախ, Մադաթաշեն, Ջրաղացներ և Մոշխմհատ գյուղերի ջոկատների հիմքի վրա։

 Պաշտպանական շտաբի ստորաբաժանումները մասնակցել են Ասկերանի (Դահրավ, Նախիջևանիկ, Փրջամալ, Աղբուլաղ, Խնածախ, Նորագյուղ, Ասկերան, Խնձրիստան, Քարագլուխ, Ավետարանոց, Խանաբադ և այլն), Շուշիի (Քարինտակ, Շուշի), Մարտակերտի, Քելբաջարի, Աղդամի (Շելլի, Կասիմլի, Ղարադաղլու, Աղդամ և այլն) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ոչնչացրել Ջանհասանի, Քյոսալարի, Մալիբեկլուի, Ղուշչիլարի և այլ կրակակետեր։ ՊՇ-ից զոհվել է 300 ազատամարտիկ։

Ս. Բալայան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am