Վահագն Վարդևանյան: Ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում։ 1985-1987 թվականներին պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել խորհրդային բանակում։ 1989 թվականին ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը (այժմ` ԵՊՃՀ)։ 1989 թվականից մասնակցել է անընդհատ թեժացող պատերազմական գործողություններին։ 1993 թվականից ՀՀ բանակի ավագ լեյտենատ էր, ազատամարտիկներից կազմված կամավորական գրոհային ջոկատի հրամանատար։

1994 թվականի ապրիլի 21-ի գիշերը նա իր ջոկատի 38 անդամների հետ դիրքավորվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մատույցներում։ Ջոկատը հայտնվում է շրջափակման վտանգի առաջ։ Վարդևանյանը և իր ջոկատի ևս 13 ազատամարտիկներ կրակն իրենց վրա են վերցնում` մյուսներին տալով նահանջի հրաման։

Շրջափակման մեջ հայտնված ջոկատի 13 ազատամարտիկների զոհվելուց հետո էլ վիրավոր հրամանատարը շարունակում է միայնակ մարտ վարել մինչև փամփուշտների վերջանալը։ Մերժելով գերի հանձնվելու հակառակորդի առաջարկը՝ իր մոտ եղած նռնակով պայթեցրել է իրեն և մոտեցող թշնամու 4 զինվորներին։

Թաղված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում: Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, իսկ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի 2006 թվականի մայիսի 8-ի հրամանագրով «ԼՂՀ պաշտպանության կազմակերպման գործում բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության և անձական արիության համար» հետմահու արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմանը և «Ոսկե Արծիվ» շքանշանին: Նրա անունն է կրում Երևանի թիվ 173 դպրոցը, որտեղ տեղադրված է նրա կիսանդրին, բացված է փառքի սենյակ։
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am