Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Վանի թագավորությունը և Ասորեստանը

 Վանի թագավորության պետական կրոնը Վանի թագավորությունը և Ասորեստանը:Լիակատար շրջափակումից և ոչնչացումից խուսափելու նպատակով Ասորեստանը լուրջ քայլեր ձեռնարկեց: Ք..ա. 745 թ. գահ բարձրացած Թիգլաթպալասար III-ի կատարած բարեփոխումները տվեցին սպասված արդյունքը: Ք.ա. 743 թ. նա կարողացավ կասեցնել Վանի տերության` Եփրատի հովտով դեպի Բաբելոն շարժվող զորքերը: Ասորեստանում բարեփոխումները շարունակվեցին: Ութ տարի անց` Ք.ա. 735 թ., Թիգլաթպալասար III-ն ի վիճակի եղավ արշավանք ձեռնարկելու դեպի Տուշպա: Մայրաքաղաքը գրավել նրան, իհարկե, չհաջողվեց, սակայն դրանով Ասորեստանը վերականգնեց իր դիրքերը` կրկին դառնալով Վանի տերության գլխավոր մրցակիցը Առաջավոր Ասիայում:

   Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը (Ք.ա. 735 - մոտ 710-ական թթ.) գահ բարձրացավ մի դժվարին շրջանում: Դատելով փաստերից` Թիգլաթպալասար III-ն ուշիուշով հետևել էր Վանի տերությաններքին գործերին և Ք.ա. 735 թ. արշավանքից առաջ կարողացել էր ոտքի հանել Սարդուրի II-ից դժգոհ ուժերին: Արշավանքի արդյունքում աշխուժացել էին կենտրոնախույս ուժերը, որոշ ենթակա երկրներում իշխանության էին եկել ասուրամետ կամ Վանից անկախության ձգտող ուժեր:
  Այս իրադրության մեջ Ռուսա I-ը կատարեց պետական համակարգի և բանակի բարեփոխումներ: Նախկին նահանգների տրոհմամբ ձևավորվեց մարզային կառավարման մի համակարգ: Իշպուինիի և Մենուայի ստեղծած արհեստավարժ բանակի կազմում առանձնացվեց <<արքայական գունդը>>`  հեծյալ զորամիավորումներից բաղկացած ընտրյալ ուժեր: Փոխվեց զորահավաքի սկզբունքը, ձևավորվեցին <<մարզային զորքերը>>:
  Կենտրոնախույս ուժերին դիմագրավելու համար Ռուսան ձեռնարկեց արշավանքներ: Զենքն ուղղելով Սևանա լճի ավազանում գտնվող Վեդուրի Էթիունիի դեմ` նա նվաճեց <<լճի այս և այն ափի>> 23 երկրներ` նվաճված տարածքները մտցնելով ուրարտական մարզային կառավարման համակարգի մեջ: Սևանա լճի ավազանում Ռուսա I-ը վերակառուցեց երկու խոշոր ամրոց` անվանակոչելով Խալդի և Թեյշեբա գերագույն աստվածների անուններով: Դրանից հետո Ռուսան ուշադրությունը կենտրոնացրեց մերձուրմյան ավազանին, հատկապես Արդինի-Մուսասիրին: Նա գահընկեց արեց իշխանությանը տիրացած ասուրամետ դրածոյին և գահին վերահաստատեց իր վստահելի կառավարչին: Արդինի-Մուսասիրը Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնն էր, նրա <<սրբազան քաղաքը>>:
 Վերականգնվեցին Վանի տերության դիրքերը նաև Աղձնիքի տարածքում:
  Մերձուրմյան ավազանում իր դիրքերը վերականգնելուն ուղղված քայլերը հանգեցրին Ասորեստանի նոր արքա Սարգոն II-ի հետ բախմանը Ք.ա. 719 թ.: Վերջինս անհաջողություն կրեց: Զարգացնելով հաջողությունը` Ռուսա I-ն արշավեց դեպի արևելք` նվաճելով մինչև Կասպից ծով ընկած նոր տարածքներ:
 Ք.ա. 716 թ. Մանայի համար Ասորեստանի և Ուրարտուի պայքարը վերածվեց վճռական պատերազմի: Սակայն նույն տարվա աշնանը հյուսիսից անակնկալ հայտնվեցին կիմերների քոչվոր ցեղերը` ասպատակելով Վանի թագավորության տարածքները: Երկիրը հայտնվեց երկու ճակատով հարձակվող թշնամիների օղակում. Ռուսա I-ն անհաջողություններ կրեց:
 Օգտվելով դրանից` Ք.ա. 714 թ. գարնանը Սարգոն II-ն արշավեց Վանի թագավորության վրա: Նա չունեցավ առանձնապես մեծ հաջողություններ, սակայն վերադարձին մտավ Արդինի-Մուսասիր և թալանեց Խալդիի գլխավոր տաճարը: Իբրև հերոսություն ներկայացվող այս քայլը իրականում պարզ սրբապղծություն էր, քանի որ Արդինի-Մուսասիրը բաց սրբավայր էր, և ասորեստանցիները ևս գալիս էին այնտեղ պաշտամունքի: Սարգոնի հետագա տարիների արձանագրություններում նշվում է, որ Ք.ա. 713 թ. Ռուսա I-ը շարունակում էր թագավորել և Ասորեստանի դեմ ձևավորել է փոքրասիական երկրների դաշինք: Դատելով փաստերից` Ռուսա I-ին հաջողվել է հետ նվաճել նաև Արդինի-Մուսասիրը:
Ք.ա. 743-713 թթ. մղած երեսնամյա պայքարի արդյունքում Ասորեստանին հաջողվեց վերականգնել իր դիրքերը` կրկին դառնալով Առաջավոր Ասիայի տերություններից մեկը:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am