Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Թուրքական արշավանքը Սյունիք։ Հայկական իշխանության գոյամարտը

 Թուրքական արշավանքը Սյունիք։ Հայկական իշխանության գոյամարտը։ Սյունիքում պարսկական տիրապետության թոթափման և Հայկական անկախ իշխանության ստեղծման ժամանակ, ինչպես արդեն ասվել է, Օսմանյան Թուրքիան սկսել էր Անդրկովկասի ռազմակալման իր ծրագրի իրականացումը։ Թուրքերր գրավել էին Թիֆլիսը, Երևանը, Գանձակը և ձգտում էին ներխուժել Արցախ ու Սյունիք։ Առաջին անգամ նրանք փորձեցին Սյունիք ներխուժել դեռևս 1725 թ. գարնանը, բայց մեծ թվով զոհեր տալով՝ հետ շպրտվեցին։ 1726 թ. ընթացքում թուրքերը, այնուամենայնիվ, կարողացան աստիճանաբար հաստատվել երկրամասի հարավից անցնող առևտրական մայրուղու երկայնքով և ռազմակալման ենթարկելով Նախիջևանը, Օրդուբադը, Ագուլիսը, Մեղրին՝ թափանցել Սյունիքի ներքին գավառները։ Տեղացի թուրքերը և պարսից խաները աջակցում էինհՀայկական իշխանությունը՝ չորս կողմից շրջապատված, օրհասական կռիվ սկսեց մի քանի անգամ թվական գերակշռություն ունեցող նվաճողների դեմ։ Հայերն ունեցան տարածքային և ռազմական նկատելի կորուստներ։ Միաժամանակ սկսեց թլատվել Սյունաց զինվորականության միասնությունը։ Ապստամբական ուժերի շարքերում նկատվեցին վհատության և հուսալքության դեպքեր։ Նման պայմաններում Մխիթար սպարապետի նախաձեռնությամբ 1726 թ. մարտի 24-ին 8 մելիքների և հարյուրապետների ստորագրությամբ մի խնդրագիր է ուղարկվում ռուսական կառավարությանը, որտեղ նշված էր, «Մնացել ենք չորս կողմից շրջապատված բերդի մեջ, ինչպես թռչունը՝ վանդակի, աղաչում ենք Ձեզ, հանուն Քրիստոսի սիրո, շուտափույթ օգնության հասնել և փրկել մեզ»։ Սակայն, ինչպես նախորդ աղերսագրերը, սա ևս մնաց անպատասխան, քանի որ Ռուսաստանը 1724 թ. Թուրքիայի հետ կնքված պայմանագրի հետևանքով ի վիճակի չէր միջամտելու։ Ուստի մնում էր ապավինել միայն սեփական ուժերին։

 1727 թ. փետրվարին թուրքական հսկայական բանակը լայնածավալ գործողություններ սկսեց հայկական իշխանության դեմ։ Հայկական զինված ուժերը ծանր կորուստներ կրելով՝ արյունալի մարտերով հետ էին նահանջում։ Նրանք ամրացան իրենց վերջին հենակետ Հալի ձորում։ Թուրքական զորաբանակները, որոնց միացան Դավիթ Բեկի կողմից ոչ վաղ անցյալում պարտություն կրած Բարկուշատի և Ղարադաղի խաների, կարաչոռլու քուրդ քոչվորների, տեղական թուրք և քուրդ մյուս ավատատերերի բազմահազար զորքերը, 1727 թ. փետրվարի 26-ին շրջապատեցին Հալիձորը։ Վեց օր շարունակ թուրքերը կատաղի գրոհներով փորձում էին գրավել ամրոցը։ Շնորհիվ բերդի անառիկության նրա պաշտպանները քիչ կորուստներ ունեցան, ինչպես գրում է ականատեսը, «օրական մեկ կամ երկու հոգի, իսկ հակառակորդի կողմից երկու հարյուր, երբեմն երեք կամ չորս հարյուր զոհ էր լինում»։ Պաշարման յոթերորդ օրը՝ մարտի 4-ի լուսադեմին, թուրքերը պարսպակործան 26 մեքենաների ու սանդուղքների օգնությամբ երեք կողմից բուռն գրոհների դիմելով՝ տեղ-տեղ բարձրացան պարիսպների վրա։ Թեև պաշտպանները կարողացան հետ շպրտել այս գրոհը, սակայն վիճակը գնալով օրհասական էր դառնում։ Նման մեկ-երկու գրոհից հետո անհնարին կդառնար հետագա դիմադրությունը։

 Օրվա երկրորդ կեսին Դավիթ Բեկը հանդուգն ու անսպասելի որոշում ընդունեց, դուրս գալ շրջապատված ամրոցից և հանկարձակի հարձակումով հակառակորդին ստիպել հետ նահանջել։ Հակահարձակումը գլխավորում էին Մխիթար սպարապետն ու Տեր-Ավետիսը։ Դիմելով զինվորներին՝ նրանք հորդորում էին. «Արիացե՛ք, մի՛ երկնչեք, հետևեցե՚ք մեզ, եթե հասել է մեր վախճանը, քաջարար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ, մեր աչքերի առջև տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը և այլ դժնդակություններ»։

 Շփոթահար ու հանկարծակիի եկած հակառակորդը, չդիմանալով հայ զինվորների հարձակման թափին, ընկրկեց, ապա սկսեց խուճապահար նահանջել և ջախջախիչ պարտություն կրեց։ Հալիձորի ճակատամարտում թուրքերը կորցրեցին 13 հազար զինվոր, հայերի ձեռքն ընկան 143 մարտական դրոշ, հսկայական ռազմավար։ Կրնկակոխ հետապնդելով սարսափահար փախչող թշնամուն՝ հայկական ուժերն սկսեցին Սյունիքն ազատագրել օսմանյան զորքերից ու շարժվել դեպի Գողթն։

 Այս փայլուն հաղթանակը նոր ուժ և եռանդ հաղորդեց ազատագրական շարժմանը։ Վհատված, կրավորական կեցվածք ընդունած շատ մելիքներ դարձյալ վերադարձան իրենց զորավարի մոտ։ Երկրորդ տպավորիչ հաղթանակը թուրքերի դեմ հայերը շահեցին Մեղրիի ճակատամարտում։ Մխիթար սպարապետի և Տեր-Ավետիսի զորաջոկատներն ապստամբ մեղրեցիների օգնությամբ անսպասելիորեն ներխուժելով Մեղրու բերդ՝ հանկարծակիի եկած թուրքերին ստիպեցին նահանջել։ Հայերը թուրքերին քշեցին դեպի Արաքսի կիրճը, որի մյուս կողմում դարանակալել էին հայկական այլ զորաջոկատներ։ Թուրքերն ընկան թակարդը։ Երկու կողմից առնելով կրակի տակ՝ հայերը նրանց ստիպեցին անցնել Արաքսը; Գետանցի ժամանակ շատ թուրքեր խեղդվեցին գետի վարար ջրերում։ Ռազմավարից բացի հաղթողների ձեռքն էին ընկել Սյունիքի 32 հազար հարկաթղթերը, որոնք անմիջապես այրվեցին։ Հակառակորդը պարտություն կրեց նաև Բեխ գյուղում, Օրդուբադի մոտ և այլուր։

 Փաստորեն ամբողջ Սյունիքն ազատագրված էր, իսկ հայկական անկախ իշխանությունր՝ վերականգնված։

 Թուրքերի դեմ տարած հայերի այս փայլուն հաղթանակները մեծ տպավորություն թողեցին պարսկական քաղաքական շրջանակներում: Թուրքերի կողմից ջախջախված Թահմազ II շահն ու նրան հավատարիմ մնացած խաները փոխում են իրենց թշնամական, անհանդուրժող վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Ինքը՝ Դավիթ Բեկը, ցուցաբերելով դիվանագիտական ճկունություն, շրջահայեցություն և նոր քաղաքական պայմանների համեմատ նոր կողմնորոշման իրատեսությունթ որոշում է համագործակցել պարսկական իշխանությունների հետ՝ լավ հասկանալով, որ ռուսական օգնությունը տվյալ պահին անհնարին է, իսկ ռուսների խոստումները ուղղակի քաղաքական խաղ։ Դավիթ Բեկն այժմ փորձում է ստեղծել հայ-պարսկական միացյալ ճակատ ընդդեմ ընդհանուր թշնամու՝ թուրքերի։ Շուտով Մազանդարանում ապաստանած պարսից Թահմազ շահը Դավիթ Բեկին հղում է «Քաշ Դավիթ Բեկիդ և հայոց քաջարի զորականներին» ուղերձը, նաև ուղարկում է ազնվացեղ նժույգներ ու թանկարժեք նվերներ։ Շահը դրվատում է նրանց՝ թուրքերի դեմ տարած զարմանալի հաղթանակների համար և ի նշան գնահատման հրամայում է. «Եվ ահա այսօր քեզ կարգեցի իշխան և գլուխ մեր բոլոր խաների, որ այդ կողմերում են, և Կապանի երկիրը, որ վերցրիր քաշությամբ, քեզ լինի»։ Փաստորեն շահը Դավիթ Բեկին նշանակում է տարածաշրջանի (Կապան, Ղարադաղ, Բարկուշատ, Նախիջևան և այլն) կուսակալ և այստեղ գտնվող պարսկական զորքերի գլխավոր հրամանատար։ Հատկապես տպավորիչ էր այն, որ Դավիթ Բեկին իրավունք էր տրվում հատելու սեփական դրամ, որն, անկասած, ինքնավար իշխանության կարևորագույն խորհրդանիշներից մեկն էր։

 Այսպիսով, Սյունիքի ազատագրական պատերազմներն աննախընթաց արդյունքի հանգեցին։ Հայկական իշխանության անկախությունը ճանաչվեց Պարսկաստանի կենտրոնական ղեկավարության կողմից, որը երաշխիք էր նրա հետագա ամրապնդման ու զարգացման։

 Բայց այս բախտորոշ պահին Դավիթ Բեկը ծանր հիվանդանում է և 1728 թ. կեսերին մահանում Հալիձորում։ Անփոխարինելի կորստից ընկճված՝ զորականներն իրենց առաջնորդ են ընտրում Մխիթար սպարապետին։ Մխիթարը ուժեղ անհատականություն էր, մասնակցել էր Դավիթ Բեկի բոլոր նշանավոր ճակատամարտերին, աչքի ընկել ռազմավարական հմտությամբ և հերոսական խիզախումներով։ Հավատարիմ ազատագրական շարժման մեծ ղեկավարի թողած վեհ ավանդներին՝ Մխիթար սպարապետը հաջողությամբ շարունակեց պայքարը թուրքական նվաճողների դեմ։ Սակայն գնալով ուժեղանում էին ներհակություններն ապստամբական շարժման ղեկավարների միջև։ Տեր-Ավետիսն ու նրան հետևող մյուս զորականները այլևս չհավատալով վերջնական հաղթանակին և համոզվելով, որ ռուսական օգնությունը հնարավոր չէ, հուսալքվեցին և այլ ելք չգտնելով՝ որոշեցին բանակցել թուրքերի հետ։ Այդ ժամանակ արդեն սկսվել էր թուրքական նոր արշավանքը, և նրանք երկրորդ անգամ պաշարել էին Հալիձորը։ Մխիթարը չկարողացավ համոզել զինակիցներին շարունակելու պայքարը։ Մնալով գրեթե մենակ՝ նա իր փոքրաթիվ կողմնակիցներով մի զիչեր հեռացավ պաշարված ամրոցից։ Թեև Տեր-Ավետիսը նախապես երաշխիքներ էր ստացել թուրք փաշայից, որ Հալիձորը հանձնելու դեպքում նրա բնակիչները չեն տուժելու, սակայն երդմնազանց թուրքը հրամայում է կոտորել բերդում եղած բոլոր տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին՝ գերի տանել։ Հալիձորը հիմնահատակ ավերվում է։ Այս դեպքերը տեղի են ունենում 1729 թվականի սկզբներին։ Տեղի ունեցածից ցնցված՝ Տեր-Ավետիսը հեռանում է Հայաստանից և գնում Երուսաղեմ՝ ապաշխարելու։

 Իսկ աննկուն ու եռանդով լի սպարապետը մոտ երկու տարի շարունակում է պայքարը թուրք նվաճողների դեմ։ Նրան հաջողվում է հավաքել հայկական ցրված ուժերը և անգամ հասնել հաջողությունների։ Մխիթարի դրոշի ներքո համախմբված հայկական զորքը ազատագրում է բազմաթիվ բնակավայրեր, տանում փայլուն հաղթանակներ։ 1730 թ. սպարապետը թուրքերին ծանր պարտության է մատնում Օրդուբադի մոտ և մեծ ռազմավարով վերադառնում Սյունիք՝ Խնձորեսկի բերդում միառժամանակ հանգիստ առնելու մտադրությամբ։ Սակայն Մխիթարի ուղեգիծը չպաշտպանող խնձորեսկցի մի խումբ դավադիրներ վախենալով, որ իրենց ավանը ևս կարող է արժանանալ Հալիձորի ճակատագրին, դավաճանաբար սպանում են սպարապետին: Թավրիզի թուրք փաշան, որի մոտ էին ուղարկել Մխիթարի կտրած գլուխը, հրամայում է գլխատել հայոց սպարապետին սպանողներին։

 Մխիթարի սպանությունից հետո հայ ապստամբական ուժերը զենքը վայր են դնում և աստիճանաբար ցրվում։ Նրանց մի մասը ռուսների հրավերով տեղափոխվում է ռուսական տիրապետության սահմանները։ Չկար մեկը, որ շարունակեր Դավիթ Բեկի գործը։

 Թեև ապստամբությունը պարտություն կրեց, բայց Սյունիքի հայության առանձին զինված ջոկատներ, ապավինած լեռնային անմատչելի վայրերին, մինչև 30-ական թվականների կեսերը դեռ շարունակում էին պարտիզանական պայքարը, մինչև որ պարսից Նադիր խանը, ի վերջո, ջախջախեց թուրքերին և նրանց դուրս քշեց Ատրպատականից ու Անդրկովկասից։

 XVIII դարի 20-ական թվականների Արցախի և Սյունիքի ազատագրական պատերազմները հայ ազատագրական շարժման ամենանշանակալից իրադարձություններից են։ Դարեր շարունակ ազգային անկախությունից զրկված հայերն առաջին անգամ փորձեցին զենքի միջոցով հասնել իրենց ազատությանը։ Այդ փորձը պսակվեց աննախադեպ հաջողությամբ, ձևավորվեցին, ստեղծվեցին Արցախի և Սյունիքի հայկական անկախ իշխանությունները։ Սակայն, չնայած տարած հաղթանակներին և ունեցած հաջողություններին, միայնակ, զրկված դաշնակիցներից՝ այդ իշխանությունները չկարողացան շարունակել հետագա պայքարը և տեղի տվեցին Օսմանյան կայսրության ռազմական ահռելի ուժի առջև: Հայերի վերջնական ազատագրումը կարող էր տեղի ունենալ միմիայն ռուսական կողմի ռազմական գործուն միջամտության շնորհիվ, որն այդ ժամանակ չեղավ։ Հայաստանի ազատագրության խնդիրը դարձյալ անորոշ ժամանակով հետաձգվեց։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am