Տող գյուղ: Գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 20 կմ հյուսիս-արևմուտք՝ Տողասարի արևելյան լանջին՝ 900 մ բարձրության վրա: Տարածքը՝ 1567 հա: Բնակչությունը՝ 662 (2003): Տողը հիշատակվում է VII դ-ից: XVI դ. եղել է Դիզակի մելիքության կենտրոնը, XVII դ.՝ բերդաքաղաք: X դ. ունեցել է 10 հզ. բնակիչ:

 Մինչև 1991-ի հոկտեմբերի 30-ը գյուղում ապրել են նաև ադրբեջանցիներ: Զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ: Ունի միջնակարգ դպրոց (բացվել է 1906-ին), երկհարկանի մշակույթի տուն, հիվանդանոց (կառուցվել է 1903-ին), կապի բաժանմունք: Գյուղում և շրջակայքում են Գտչավանքը (XII դ.), Ս. Հովհաննես (XVIII դ.), Ս. Վարդան (XVII դ.), Ս. Ստեփանոս Նախավկայի (XIII դ.) եկեղեցիները, կան խաչքարեր, գյուղատեղիներ:

 Տողում ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծվել են 1988-ի մարտին, երբ գյուղի ադրբեջանցիները 1988-ին ընդհարվել են հայերի հետ, իսկ Տողում է տեղակայվել ադրբեջանական ՄՀՆՋ-ի մի գումարտակ, որի մարտիկները 1991-ի հոկտեմբերի 17-ին սպանել են Դանիելյանների ընտանիքի բոլոր 5 անդամներին: Նույն թվականի հոկտեմբերի 30-ին Տողի (հրամանատար՝ Վ. Գրիգորյան) և այլ կամավորական ջոկատներ ինքնապաշտպանական ուժերի հետ (հրամանատար՝ Ա. Sեր-Թադևոսյան) ազատագրել են գյուղը:

Տողից հրամանատարներ են եղել Վ. Գրիգորյանը, Ա. Գասպարյանը, Ս. Ավագյանը, Ա. Շաբարյանը, Վ. Ավետիսյանը, Վ. Սահակյանը, Ա. Ստեփանյանը: ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Վ. Գրիգորյանը, Ա. Գասպարյանը, Կ. Միքայելյանը: Զոհվել է 25 ազատամարտիկ:

Ա. Շաբուրյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am