Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Սրխավենդի և շրջակա գյուղերի ազատագրում

 Սրխավենդի և շրջակա գյուղերի ազատագրում: Ռազմական գործողություն ԼՂՀ Մարտակերտի շրջանում։ Տեղի է ունեցել 1992-ի մարտի 12-ին։ Գործողությանը (ընդհանուր հրամանատար՝ Ռ. Գզողյան) մասնակցել են «Ազատագրական բանակի» «Արցախ-ճակատ» ջոկատը (հրամանատար՝ Վ. Բալայան), Ինքնախաշտպանական  ուժերի առաջին վաշտը (հրամանատար՝ Ա. Ղուլյան), հինգերորդ վաշտը (հրամանատար՝ Դ. Առուշանյան), Ղազանչիի ինքնապաշտպանական ջոկատը (հրամանատար՝ Թ. Առուստամյան), դիվերսիոն հետախուզական խումբը, «ԶՀԿ 23-4» մարտական մեքենայի հաշվարկը (հրամանատար՝ Ա. Եսայան), հրետանային (3 հաուբից և 3 ականանետ) մարտկոցը (հրամանատար՝ Ս. Լիսենկո), ՀՀ կամավորական խմբեր և ջոկատներ։

 1988-ից Սրխավենդում և շրջակա գյուղերում տեղակայված հակառակորդի զինված կազմավորումները շրջափակել էին Մարտակերտ-Կիչան-Ստեփանակերտ ռազմավարական ավտոճանապարհը, պարբերաբար հարձակվել Կիչան, Ղազանչի, Գյուլաթաղ, Ջանյաթաղ և այլ գյուղերի վրա, իսկ 1991-ից՝ նաև պարբերաբար հրթիռահրետակոծել գյուղերը։ Մարտի 11-ի գիշերը հայկական դիվերսիոն խմբերը թափանցել են Սրխավենդ, հրդեհել հենակետերի վերածված մի քանի տներ, խուճապ առաջացրել թշնամու շարքերում, իսկ մարտի 12-ին հայկական կազմավորումները լայն ճակատով գրոհել և ճնշել են հակառակորդի կրակակետերն ու ազատագրել Սրխավենդ, Մանիքլու, Խաթունբեյլի, Բաշգյունեփայա, Օրթափայա և այլ գյուղեր։ Ռազմական գործողությունից հետո ամրապնդվել է Մարտակերտի շրջանի հարավարևելյան սահմանագիծը, ապահովվել Մարտակերտ-Ստեփանակերտ ավտոճանապարհի Կիչան-Խաչենագետի կամրջի հատվածի անվտանգությունը, առգրավվել մեծ քանակությամբ ռազմամթերք։

Մ. Հարությունյան

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am