Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը

 Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը: 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։ Երկրաշարժի գոտում շարքից դուրս եկան ջերմամատակարարման, էներգամատակարարման բոլոր համակարգերը, կապի, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունները։ Ավերվեց ավելի քան 170 արդյունաբերական ձեռնարկություն։ Ծանր վնաս կրեց գյուղատնտեսությունը, քանդվեցին անասնապահական շինությունները, ոչնչացավ անասունների մեծ մասը։ Շարքից դուրս եկավ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող 80 ձեռնարկություն; Տարերային աղետը հանրապետության ժողովրդական տնտեսությանը հասցրեց ավելի քան 13 մլրդ ռուբլու վնաս։ Պաշտոնական նվազեցված տվյալներով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, բայց իրականում այն անցնում էր 35 հազարից։ Անօթևան դարձավ 530 հազարը։

 Աղետի լուրը Հայաստանի վրա բևեռեց համայն մարդկության ուշադրությունը։ Դեկտեմբերի 8-ին երևան ժամանեց ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, իսկ երկու օր անց աղետի գոտի եկավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Մ. Գորբաչովը։

 Չխնայելով իրենց ուժերը՝ տևական ժամանակ աղետի գոտում էին գտնվում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալներ Բորիս Շչերբինը, Յուրի Բատալինը, Լև Վորոնինը, Իվան Սիլաևը և ուրիշներ։ Նրանք գիշեր ու զօր դադար չունենալով, մեկնում էին տեղեր, խորամուխ լինում բոլոր գործերի ու խնդիրների մեջ։ Նրանցից յուրաքանչյուրն արժանի է հայ ժողովրդի երախտազիտությանը։ Երկրաշարժի առաջին ժամերից Հայաստանում գտնվող Բորիս Շչերբինը գլխավորում էր Լենինական (Գյումրի) քաղաքի հատուկ շտաբը։ Ավերված քաղաքում չէին գործում ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման համակարգերը։ Իր ողջ եռանդով Շչերբինը ձեռնամուխ եղավ այդ առաջնահերթ խնդիրների լուծմանը։ Չնայած 15 աստիճան սառնամանիքին, նա կարողացավ կազմակերպել զենքերի փլատակների տակ մնացած մարդկանց փրկությունը։ Շչերբինը շուտով ցրտից ծանր հիվանդացավ։ Բժիշկները նրան առաջարկեցին շտապ մեկնել Մոսկվա՝ բուժվելու, բայց նա կտրականապես մերժեց՝ շարունակելով աջակից լինել կործանված քաղաքի աղետյալներին։ Միայն մահամերձ վիճակում նա տեղափոխվեց Մոսկվա, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն։

 Երախտապարտ լենինականցիները իրենց քաղաքում փողոցներից մեկը կոչեցին Բորիս Շչերբինի անունով, ինչպես նաև կանգնեցրին նրա կիսանդրին։

 Երկրաշարժից անմիջապես հետո տարբեր երկրներից հումանիտար օղնության բեռներով Հայաստան էին գալիս օդանավեր, գնացքներ, ավտոմեքենաների շարասյուններ։ Համակողմանի օգնությանը մասնակցում էին աշխարհի 113 երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղաղախստանից և ԽՍՀՄ մյուս Հանրապետություններից Հայաստան ժամանեցին հազարավոր փրկարարներ, բժիշկներ, շինարարներ և այլ մասնագետներ։ Նրանք աղետյալներին օգնելու համար բերում էին սննդամթերք, բժշկական սարքավորումներ, դեղորայք, վրաններ, շինարարական տեխնիկա և այլն։ 1989 թ. սկզբում աղետի գոտում աշխատում էին այլ հանրապետություններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ, որոնք ԽՍՀՄ կառավարության ընդունած որոշման համաձայն մեծ աշխատանք ծավալեցին։ Որոշվել էր ավերվածը վերականգնել երկու տարում։ Աղետի գոտուց շուրջ 170 հազար մարդ տեղավորվեց Կովկասի առողջարաններում ու հանգստյան տներում։ Հազարավոր խեղված երեխաներ բուժման նպատակով տեղափոխվեցին Խորհրդային Միության և արտասահմանի բուժարաններ։

 Սպիտակի 1988 թվականի երկրաշարժըՈղջ աշխարհն անշահախնղիր օգնություն էր ցույց տալիս ծանր կացության մեջ հայտնված հայ ժողովրդին։ 1990 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի օգնության հիմնադրամ էր փոխանցվել արտասահմանյան երկրներում հանգանակված շուրջ 35 մլն դոլար։ Շատ պետություններ ու կազմակերպություններ աղետի գոտում ձեռնարկեցին կառուցելու բնակելի թաղամասեր, հիվանդանոցներ, դպրոցներ։ 1989 թ, իտալացիները Սպիտակում կառուցեցին բնակելի թաղամաս՝ «Իտալական գյուղը», Գյումրիում թաղամաս կառուցեցին ավստրիացիները։ Նորվեգացիների կողմից Սպիտակում կառուցված ժամանակակից հիվանդանոցը կրում է մեծ մարզասեր, հայ ժողովրղի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի անունը։ Գյումրիում անգլիացիների հիմնադրած դպրոցի հանդիսավոր բացմանը ներկա էր Անգլիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։

 Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա աղետի գոտի օգնության շտապող հարավսլավացի 7 օդաչուներին, որոնք Երևանի մատույցներում զոհվեցին օդային աղետից, ինչպես նաև Գյումրիի մոտակայքում ավիավթարից զոհված խորհրդային զինծառայողներին։ Հայ ժողովուրդը երախտագիտությամբ ընդունեց աշխարհի մարդասիրական օգնությունը։

 Մայր Հայրենիքին լայն աջակցության ձեոք մեկնեց սփյուռքահայությունը։ Այդ ծանր օրերին նա համախմբվեց և ստեղծեց «ՍՕՍ Արմենիա», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ, որոնք նյութական ու բարոյական մեծ օգնություն էին ցույց տալիս հայրենաբնակ իրենց եղբայրներին ու քույրերին; Բազմաթիվ սփյուոքահայեր շտապեցին իրենց հետ մայր հայրենիք բերել դեղորայք, հագուստ, վրաններ, սննդամթերք և այլն; Նրանցից շատերը մնացին Հայաստանում և անմիջական մասնակցություն ունեցան փրկարարական ու վերականգնողական աշխատանքներին։ Նրանց թվում էր նաև Շարլ Ազնավուրը, որը հետագայում նույնպես մեծ եռանդով շարունակեց իր ազգանվեր գործունեությունը։

 Աղետի գոտում ծավալված շինարարական աշխատանքներին մեծապես արգելակում էր Ադրբեջանի կողմից իրականացվող տնտեսական շրջափակումը, որի հետևանքով անհրաժեշտ շատ շինանյութեր ու ապրանքներ տեղ չէին հասնում; Աղետի գոտու վերականգնման գործում բացասական դեր խաղացին «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարները, որոնք օգնության եկածներից պահանջում էին հեռանալ Հայաստանից։ Այդ պայմաններում ԽՍՀՄ այլ հանրապետությունների շատ կազմակերպություններ դադարեցրին իրենց աշխատանքները և հեռացան։

 Չնայած դրսից եկած անշահախնդիր մեծ օգնությանը՝ աղետի գոտու բնակչության մեծ մասը շարունակում էր մնալ անօթևան և առանց աշխատանքի։ Դա ավելի էր սրում հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am