Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Խորհրդային Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը հայկական տարածքները մայր հայրենիքին միավորելու համար: Սոցիալ-տնտեսական և կառավարման վերափոխումների ուղիներում

 Խորհրդային Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը հայկական տարածքները մայր հայրենիքին միավորելու համար: Սոցիալ-տնտեսական և կառավարման վերափոխումների ուղիներում.

 ա. Անդրֆեդերացիայի և ԽՍՀՄ-ի կազմավորումը: Հեղկոմներն իրենց գոյության կարճատև ժամանակաշրջանում որոշակի դեր խաղացին պետականության ձևավորման ու ամրապնդման, նոր հասարակարգի կառուցման ուղղությամբ` թույլ տալով նաև կոպիտ սխալներ: Հեղկոմների առջև դրված հիմնական խնդիրներից էր խորհուրդների ընտրություն կազմակերպումը:  Ընտրվեցին 9 գավառային, 39 շրջանային և մոտ 900 գյուղական խորհուրդներ:

 Խորհուրդների ընտրություններից հետո, 1922 թ. հունվարի 30-ին, Երևանում բացվեց Հայաստանի խորհուրդների առաջին համագումարը: Համագումարը  քննարկեց և հաստատեց Հայաստանի սահմանադրությունը, որը հիմնականում Խորհրդային Ռուսաստանի սահմանադրության նմանակումն էր:

 Հայաստանի խորհուրդների առաջին համագումարը քննարկեց նաև Ալ. Մյասնիկյանի զեկուցումը` Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) ստեղծման մասին: Համագումարը հավանություն տվեց անդրկովկասյան երեք հանրապետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի պետական միավորման դաշնային ձևին, որտեղ ընդգրկված պետությունները պետք է պահպանեին իրենց ինքնիշխանությունը: 1922թ. մարտին անդրկովկասյան հանրապետությունների ներկայացուցիչների կոնֆերանսը հաստատեց դաշնային պայմանագիրը: Նույն թվականի դեկտեմբերի սկզբներին Բաքվում տեղի ունեցավ Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը քննարկեց և հաստատեց Անդրֆեդերացիայի սահմանադրությունը: Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը ընդհանրացնելով նոր դաշնության շուրջ մեկամյա փորձը` որոշեց հավանություն տալ ԽՍՀՄ կազմակերպելու գաղափարին: Նույնպիսի որոշումներ ընդունեցին Ուկրաինայի և Ռուսաստանի ֆեդերացիայի խորհուրդների համագումարները: ԽՍՀՄ-ը պիտի դառնար նոր տիպի պետություն, որի մեջ խորհրդային հանրապետությունները պահպանելու էին իրենց անկախությունը և միությունից դուրս գալու իրավունքը:

 1922թ. դեկտեմբերի 30-ին Մոսկվայում հրավիրվեց ԽՍՀՄ խորհուրդների առաջին համագումարը, որին մասնակցում էին ՌԽՖՍՀ-ի, Ուկրաինայի, Բելոռուսիայի և ԱԽՖՍՀ-ի պատվիրակները: Համագումարը հաստատեց ԽՍՀՄ կազմակերպման մասին հռչակագիրը և պայմանագիրը: Հայաստանը ԽՍՀՄ-ի մեջ մտավ ԱԽՖՍՀ-ի միջոցով:

 բ.Սոցիալ-տնտեսական կացությունը վերականգնման տարիներին: Քաղաքացիական կռիվների ավարտից հետո Հայաստանը թևակոխեց խաղաղ շինարարության շրջան: Դրան մեծապես նպաստեց 1921թ. գարնանը նոր տնտեսական քաղաքականության (ՆԷՊ) անցնելը: ՆԷՊ-ի էությունը պարենհարկ մտցնելն էր, որի հանձնումից հետո գյուղացին կարող էր ազատ տնօրինել իր ունեցվածքը: Դա նշանակում էր, որ փաստորեն անցում էր կատարվում ապրանքադրամային հարաբերություններին, որոնք նպաստում էին բնակչության նյութական շահագրգռության բարձրացմանը: Պետականացված մանր ձեռնարկությունները վերադարձվեցին տերերին, կատարելագործվեց նաև հարկային համակարգը: Չքավոր գյուղացիներն ազատվում էին հարկից, միջակը որոշ չափով էր հարկ վճարում: Հիմնական ծանրությունը դրվում էր ունևոր տնտեսությունների վրա: Շերտավորված մոտեցում էր ցուցաբերվում նաև արհեստավորների ու մանր ձեռնարկատերերի նկատմամբ: Անհրաժեշտ քայլեր արվեցին նաև արդյունաբերական փոքրաթիվ ձեռնարկությունների վերականգնման ուղղությամբ:

 1920-ական թվականների կեսերին մշակվեց կապիտալիստական շրջափակման մեջ գտնվող մեկ առանձին վերցրած երկրում սոցիալիստական հասարակարգ կառուցելու տեսությունը: Սոցիալիզմ կառուցելու համար անհրաժեշտ էր ինդուստրացնել երկիրը, կոլեկտիվացնել գյուղատնտեսությունը և կենսագործել կուլտուրական շինարարություն: Ելնելով այդ նպատակադրումից` Կոմունիստական կուսակցության XIV համագումարը (1925 թ.) առաջ քաշեց երկիրն ինդուստրացնելու ծրագիրը, որի կենսագործումը հնարավորություն պիտի տար դուրս գալ դարավոր հետամնացությունից և ստեղծել սոցիալիզմի նյութատեխնիկական բազա: Նախատեսվում էր կառուցել գործարաններ ու ֆաբրիկաներ, ծավալել խճուղային և երկաթուղային շինարարություն, վերազինել բանակը, հասնել տնտեսության հաշվեկշռում արդյունաբերական արտադրանքի առաջնայնությանը: Արդյունաբերական ձեռնարկությունների կառուցումը պլանավորելու և դրանց ֆինանսական ու նյութական մատակարարումն ապահովելու նպատակով մշակվեց տնտեսության զարգացման հնգամյա պլան, որով էլ ավելի ամրապնդվեց ղեկավարման վարչահրամայական համակարգը: Ինդուստրացման քաղաքականությունը հաջող իրականացնելու նպատակով ծանր հարկեր դրվեցին բնակչության և, առաջին հերթին, գյուղացիության վրա:

 Ինդուստրացման քաղաքականությամբ ծրագրվում էր սեղմ ժամկետում նոր տեխնիկայի հիման վրա վերակառուցել ամբողջ ժողովրդական տնտեսությունը, ապահովել երկրի ինքնուրույնությունն ու անկախությունը: Նրա հիմնական առանձնահատկությունն այն էր, որ անհրաժեշտ էր սկսել ծանր արդյունաբերության զարգացումից, որը խոշոր կապիտալ ներդրումներ էր ենթադրում: Բայց չկային անհրաժեշտ կադրեր, փորձառու բարձրորակ մասնագետներ: Այսպիսի ծանր պայմաններում սկսվեց ԽՍՀՄ ինդուստրացումը: 1920-ական թվականներին Հայաստանում վերականգնվեցին և վերակառուցվեցին մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ:

 Երկրի ինդուստրացման ծրագրում մեծ տեղ էր հատկացվում էլեկտրիֆիկացմանը: 1926թ. շահագործման հանձնվեց Երևանի հիդրոէլեկտրակայանը, որը ինդուստրացման առաջնեկներից էր: 1927 թ. հիմնադրվեց Ձորագէսի հիդրոկայանը, որն իր տեխնիկական բարդ կառուցվածքով և բարձր ճնշումային հզորությամբ ԽՍՀՄ-ում եզակի կառույց էր: Ծավալվեց Սևան-Հրազդան կասկադի առաջին հերթի` Քանաքեռ հէկ-ի շինարարությունը: Տեղական նշանակություն ունեցող հիդրոէլեկտրա կայններ կառուցվեցին Վանաձորում, Կամոյում, Իջևանում, Մեղրիում և այլ վայրերում:

 դ.Գյուղատնտեսության կոլեկտիվացումը: Գյուղում մանր սեփականատերերի դասակարգը վերացնելու համար և ելնելով մեկ առանձին երկրում սոցիալիզմի կառուցման տեսությունից` Կոմունիստական կուսակցության XV համագումարը (1927 թ.) որոշում ընդունեց գյուղատնտեսության կոլեկտիվացման մասին: Կոլիկտիվացումն իրականացվեց ողջ  երկրում՝ աստիճանաբար:

 ե. Կրթությունը և մշակույթը: Խորհրդային իշխանությունը հենց սկզբից մեծ հոգատարություն ցուցաբերեց ազգային մշակույթի նկատմամբ, որը կարճ ժամանակամիջոցում խոշոր նվաճումների հասավ:

 Մշակույթի զարգացման հիմնական նախադրյալը բնակչության անգրագիտության վերացումն էր:  1921 թ. Հայաստանի կառավարությունը հատուկ որոշում ընդունեց չափահաս բնակչության անգրագիտությունը վերացնելու մասին: Դպրոցն անջատվեց եկեղեցուց, փակվեցին մասնավոր դպրոցները: Սահմանվեց դպրոցների երկաստիճան համակարգ` տարրական և յոթնամյա:

 Հայաստանում մեծ աշխատանքներ կատարվեցին նաև բարձրագույն կրթության բնագավառում: Հաջողությամբ գործում էր Երևանի պետական համալսարանը` իր բնագիտական և հասարակագիտական ֆակուլտետներով:

 Մեծ վերելք էր ապրում գրական կյանքը: Գրական հին սերնդի (Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Ա. Շիրվանզադե և ուրիշներ) կողքին հանդես եկան նորերը (Ե. Չարենց, Ա. Բակունց, Գ. Մահարի, Ն. Զարյան, Դ. Դեմիրճյան, Վ. Թոթովենց, Զ. Եսայան, Ա. Վշտունի և ուրիշներ):

 Խոշոր նվաճումներ ձեռք բերվեցին երաժշտության բնագավառում: Կազմակերպվեց Պետական ֆիլհարմոնիան, բացվեց Օպերայի և բալետի պետական թատրոնը` իր հոյակապ շենքով: Մեծարժեք ստեղծագործություններ էին հեղինակում կոմպոզիտորներ Ալ. Սպենդիարյանը, Ա. Տիգրանյանը, Ա. Խաչատրյանը և ուրիշներ:

 Մեծ նվաճումներ ձեռք բերվեցին թատրոնի (Հ. Աբելյան, Վ. Փափազյան, Հ. Ներսիսյան), ճարտարապետության (Ալ.Թամանյան, Կ.Հալաբյան), քանդակագործության (Ա. Սարգսյան, Ե. Քոչար) բնագավառներում:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am