«Շուշիի ազատագրման համար», ԼՂՀ պետական պարգև՝ մեդալ: Սահմանվել է ԼՂՀ ԱԺ 1994-ի մայիսի 7-ի որոշմամբ: Պարգևատրվում են ՊԲ, ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչության, ՆԳՆ այն զինծառայողները, կամավորական ջոկատների ազատամարտիկները, ովքեր Շուշիի ազատագրման և այդ գործողության ընթացքում մյուս բնակավայրերի ազատագրման անմիջական մասնակիցներն են, ինչպես նաև Շուշիի ազատագրման կազմակերպիչները և ղեկավարները:

  Մեդալը 32 մմ լայնությամբ և 42 մմ երկարությամբ ութանկյուն է՝ պատրաստված հատուկ ձուլվածքից: Մեդալի երեսին՝ վերևում «Արցախ», ներքևում «Շուշի» մակագրություններն են, կենտրոնում՝ արծվի պատկերը, որի աջ թևի վերևում պատկերված է խաչ: Մեդալը երիզված է ութանիստ շրջանակով: Մեդալի դարձերեսին՝ «Շուշին ազատագրված է 1992. 9 մայիսի» մակագրությունն է, որից ներքև պատկերված է երեք խաչ: Պատկերները և մակագրություններն ուռուցիկ են:

 Ամրակալի և ուղղանկյան օղակի միջոցով մեդալին միացված է ուղղանկյունաձև շերտաձողիկ, որը պատված է 32 մմ լայնությամբ ԼՂՀ պետական դրոշի երեք գույներով, մետաքսե դափնեպսակով զարդարված ժապավենով: «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել է 1060 մարդ (2003): 

 

 Գրականության ցանկ

«Ղարաբաղյան ազատագրական պատերազմ  1988-1994» հանրագիտարան,  Երևան, 2004:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am