Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Սարսանգի հիդրոհանգույցի ազատագրում

 Սարսանգի հիդրոհանգույցի ազատագրում: Տեղի է ունեցել 1993-ի մարտին։ Մարտական գործողությունն իրականացրել է Կենտրոնական պաշտպանական շրջանի 3-րդ մոտոհրաձգային գումարտակը, օժանդակել են Մեհմանա-Կուսապատ ճանապարհների խաչմերուկում տեղակայված 1-ին և 2-րդ գումարտակները, իսկ Հաթերքի ուղղությունից՝ 4-րդ ՊՇ ստորաբաժանումները։ Ադրբեջանական բանակի հրամանատարությունը հիդրոհանգույցի պաշտպանությունն ամրապնդելու նպատակով այնտեղ էր կենտրոնացրել իր զինուժի ճնշող մասը և համալրել զինտեխնիկայով։ Նպատակ ունենալով կանխարգելել ղարաբաղյան զինուժի տեխնիկայի առաջխաղացումը՝ հակառակորդը պայթեցրել և ականապատել էր դեպի հիդրոհանգույց տանող բոլոր ճանապարհները։ Ղարաբաղյան զինուժի հրամանատարությունը վճռել է թշնամուն անակնկալ հարված հասցնել թիկունքից։ Այդ առաջադրանքնՍարսանգի հիդրոհանգույց իրականացրել է 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Ա. Ղազարյանը, որը մի խումբ ազատամարտիկների հետ աննկատ շրջանցել է հակառակորդի դիրքերը և հանկարծակի գրոհել թշնամու վրա։ Միաժամանակյա համաձայնեցված հարձակումը ճակատից և թիկունքից հանկարծակիի է բերել թշնամուն, զրկել հրամանատարությանը գործողությունները վերահսկելու հնարավորությունից, հակառակորդի զինվորների մեջ խուճապ առաջացրել։ Պաշտպանությունը ճեղքվել է, ղարաբաղյան ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սարսանգի հիդրոհանգույցը։ Մարտադաշտում կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ՝ հակառակորդը զիջել է դիրքերը և սկսել նահանջել։ Սարսանգի ուղղությամբ գործող Կենտրոնական ՊՇ-ին մարտի 3-ին փոխարինել է կամավորականներից կազմված մի ստվար ջոկատ, ադրբեջանական հրամանատարությունը, օգտվելով ջոկատի անփորձությունից, անցել է հակահարձակման և վերագրավել Սարսանգի հիդրոհանգույցը վերահսկող հայկական զորքերի դիրքերը։ ԼՂՀ ղեկավարությունը, գնահատելով ստեղծված իրավիճակի լրջությունը, մարտի 4-ին Ստեփանակերտից ռազմաճակատի այդ հատված է տեղափոխել նոր ուժեր։ Ըստ մշակված հակահարձակման օպերատիվ պլանի՝ հիդրոհանգույցի վերագրավման ռազմական գործողությունը հաշված ժամերի ընթացքում իրականացրել են Կենտրոնական ՊՇ-ի հետախույզները, և դարաբաղյան ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Սարսանգի հիդրոհանգույցի դիրքերը։

Ս. Հասրաթյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ

Հասրաթյան Ս., Ղարաբաղյան պատերազմ, Ե,, 2001։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am