Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Պետրոս I-ի պարսկական արշավանքը

  Պետրոս 1-ինՊետրոս 1-ի պարսկական արշավանքը։ Ռուսաատանի պատերազմը Բալթիկ ծովի շրջանում ավելի հաջողությամբ էր ընթանում XVIII դ. 10-ական թվականներին։ Երբ ակնհայտ դարձավ, որ հաղթանակը շվեդների դեմ ժամանակի խնդիր է, Պետրոս 1-ը սկսեց նախապատրաստվել Կասպից ծովի ափերին ամրապնդվելու խնդրի իրականացմանը։ Դրա համար նախապես անհրաժեշտ էր ապահովել տեղական ժողովուրդների՝ հատկապես հայերի ու վրացիների աջակցությունը, ինչպես ժամանակին հավաստիացրել էր Իսրայել Օրին։ Անհրաժեշտ էր նաև թարմացնել տեղեկությունները Պարսկաստանում տիրող իրավիճակի մասին։ Ահա այս նպատակներն էին հետապնդում այն զույգ դեսպանությունները, որ Պետրոս 1-ը ուղարկեց Պարսկաստան և Անդրկովկաս։ Նրա քաղաքական-ռազմական շահախնդրությունները ներդաշնակում էին տեղական ժողովուրդների ազատագրական ձգտումների հետ, որ տվյալ պահին համընկնում էին Ռուսաստանի արտաքին քաղաքականության միտումներին:

 1715 թ. Պարսկաստան ուղևորվեց Արտեմի Վոլինսկու գլխավորած դեսպանությունը։ Մասնավորապես հիմնական նպատակներից մեկը տեղի ժողովուրդների տրամադրություններին հաղորդակից լինելն էր։ Վոլինսկին հրահանգ ուներ. «Հետախուզել հայ ժողովրդի վիճակը, շա՞՚տ են արդյոք հայերը, ի՞նչ տեղերում են բնակվում, ինչպե՚՞ս են տրամադրված Ցարական մեծության նկատմամբ»։ Վոլինսկին դեռ նոր էր հասել Սպահան, երբ ցարի հրահանգով 1716 թ. Հայաստան ուղևորվեց Օրու գործընկեր Մինաս Տիգրանյանցը, որը 1716-1717 թթ. մի շարք հանդիպումներ ունեցավ հայ գործիչների, մասնավորապես Էջմիածնի և Գանձասարի կաթողիկոսների, մելիքների հետ։ Ցարին ուղղված զեկուցագրում, կրկնելով Օրուն, նա դարձյալ հավաստիացնում էր. «Եթե Նորին մեծությունը բարեհաճի ռազմական գործողություններ սկսել ընդդեմ պարսիկների, ապա բացարձակապես բոլոր հայերը կանցնեն Ցարական մեծության կողմը»։ Նույնը հավաստում էր նաև Վոլինսկին, որը մինչև 1718 թ. մանրամասն ու խորապես ուսումնասիրել էր Պարսկաստանի կացությունր։

 Այդ ժամանակ Պարսկաստանը խիստ թուլացել էր ներքին երկպառակություններից. երկրի բոլոր ծայրամասերում և անգամ կենտրոնում տեղի էին ունենում հակապետական ապստամբություններ։ Ապստամբել էին քրդերն ու արաբները, աֆղաններն ու ուզբեկները։ Թուրքիայի սադրանքով լեզգիական (դաղստանցիների) հրոսակախմրերը Դաղստանից պարբերարար ասպատակում էին Անդրկովկասը և մեծաքանակ ավարով ու գերիներով վերադառնում։ Այդ արշավանքներից մեծապես տուժում էին նաև հայերը։ Պարսկական պետությունը, տեղական պարսկական վարչակազմը անկարող էին կասեցնել ավարառու արշավանքները։ Լեզգիների հերթական արշավանքներից մեկի ժամանակ, 1721 թ. օգոստոսին, Շամախիում թալանվեցին նաև ռուս վաճառականները, նրանցից մի քանիսն էլ սպանվեցին։ Պետրոս 1-ը, որն ուշի-ուշով հետևում էր Պարսկաստանում տեղի ունեցող իրադարձություններին, անմիջապես որոշեց օգտագործել այդ առիթը։ Նա ռազմական գերատեսչություններին կարգադրեց նախապատրաստվել պարսկական ապագա արշավանքին։ Պատերազմը Շվեդիայի դեմ արդեն ավարտվել էր հաղթանակով և եռանդուն ցարն անմիջապես մտնում էր մեկ այլ պատերազմի մեջ: Ինչպես երբեք, պահը շատ հարմար էր, և եթե ռուսական կողմը հապաղեր, ապա Անդրկովկասի նկատմամբ հավակնություններ ունեցող Թուրքիան նախահարձակ կլիներ։ Հետաքրքիր է, որ պարսկական արշավանքի նախօրյակին ռուսական կողմը պաշտոնապես հայտարարել էր, թե Պետրոս 1-ը արշավանքը ձեռնարկում է միմիայն Պարսկաստանը կործանումից փրկելու նպատակով, նրան պաշտպանելու ապստամբներից և Թուրքիայի հնարավոր հարձակումից։ Այսպես, փորձ էր արվում ձեոք բերել նաև պարսիկների համակրանքը։

 1722 թ. մայիսին սկսվեց ռուսական բանակի պարսկական արշավանքը։ Արշավանքը սկսելուց հետո ցարն Աստրախանից հատուկ դեսպան ուղարկեց վրաց Վախթանգ VI թագավորի մոտ, որը նրան հորդորում էր պատրաստ լինել պարսիկների դեմ ուղղված առաջիկա համատեղ ռազմական գործողություններին և այդ ձեռնարկի մեջ ընդգրկել նաև հայերին։ Ցարը առաջարկում էր հայ-վրացական զորքերը փոխադրել Կասպից ծովի մոտերքը՝ Դերբենդի և Բաքվի միջև գտնվող որևէ վայրում, ռուսական զորքերին միանալու համար։

 Վրաստանը Պարսկաստանին ենթակա, րայց առանձին տեղական կառավարում ունեցող, ավատական երկպառակություններով առլեցուն մի փոքրիկ երկիր էր։ Նրա թագավոր Վախթանգ VIը ուներ ռուսական կողմնորոշում, և պատահական չէր Պետրոս 1-ի ուղերձը նրան: Իր հերթին Վախթանգը հանդիպումներ էր ունենամ հայ գործիչների և մասնավորասլես Գանձասարի կաթողիկոս էսայի Հասան-Ջալալյանի հետ, որոնք քաջատեղյակ էին Պետրոս 1-ի ծրագրերին և պատրաստվում էին աջակցել դրանց իրականացմանը։ Որոշվում է միավորել հայ-վրացական ռազմական ուժերը, կենտրոնացնել Գանձակի շրթակայքում և սպասել ռուսական հետագա հրահանգներին։

 Այսպիսով, հիմք դրվեց հայ-վրացական ռազմական համագործակցությանը։ Եթե Վրաստանն ուներ քիչ թե շատ պետական մարմիններ, շուրջ 30 հազարանոց բանակ, ապա Հայաստանում այդ պահին գոյություն ունեին սոսկ փոքրաթիվ, առանձին, անկանոն մելիքական ջոկատներ, որոնք լեզգիների արշավանքների ժամանակ, երբ պարսկական անդրկովկասյան ուժերն ի վիճակի չէին հակահարված տալու Արցախի, Լոռու, Սյունիքի ինքնապաշտպանության գործը վերցնռւմ էին իրենց վրա։ Ինքնապաշտպանական այս մարտերի ժամանակ է, որ Արցախի բոլոր մելիքություններում, մասամբ նաև Սյունիքում և Լոռիում, ստեղծվում են ռազմական ամրացված շրջաններ, որոնք հայտնի են սղնախներ անվամբ։ Արցախում սղնախները կազմակերպվել են հիմնականում Հին (Ջրաբերդ, Քարագլուխ, Շոշ և այլն) կամ նոր (Գյուլիստան, Ավետարանոց և այլն) ամրոցների շրթակայքում։ 20-ական թվականների սկզբներին Արցախի սղնախներն ունեին մի քանի տասնյակ հազարի հասնող, հիմնականում հեծյալ մարտիկներ։

 Հայկական զինված ուժերի ստեղծման գործում կարևոր դեր են խաղացել Ավան Հարյուրապետը, Մելիք Հովսեփը, իսկ ընդհանուր կազմակերպիչն ու գաղափարախոսը Եսայի Հասան–Ջալալյանն էր։ Դեռևս 1717 թ. Ավան Հարյուրապետը Շոշում ստեղծեց ռազմական մի հզոր հենակետ՝ կամավորական հիմունքներով հավաքված մարտունակ կայազորով, որն իրեն փառքով պսակեց 1722 թ. գարնանը լեզգիների ասպատակությունները հետ մղելու ժամանակ։ Այսպիսով, տեղի ունեցավ պատմական չափազանց կարևորագույն իրաղարձություն՝ հայկական պետականության կորստից հետո առաջին անգամ վերականգնվում էր հայկական կանոնավոր բանակը, որը կարող էր մղել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական մարտեր։

 Հայկական ռազմական ուժերի առկայությունը մասամբ կարող էր փոխել ազատագրական լեգենդի բուն էությունը։ Հայաստանի ազատագրման և հայկական պետականության վերականգնման գործում, արտաքին ուժերի հետ միասին, կարևոր գործոն էր դառնում նաև հայկական զինված ուժը։ Պետրոս 1-ի պարսկական արշավանքը լավագույն առիթ էր դրսևորելու, ցույց տալու, թե ինչի էր ընդունակ Հայոց զորքը։ Այսպիսով, հայերը չմնացին կողմնակի ղիտողի դերում և պատրաստ էին իրենց ջանքերը ներդնելու սեփական հայրենիքի ազատագրման գործում։ Սա էր XVIII դարի սկզբների հայ ազատագրական շարժման գլխավոր առանձնահատկությունը։

 Դեպի Կասպիականի արեմտյան ափերն արշավող ռուսական բանակի կազմում գործում էին նաև հայերից կազմված առանձին ջոկատներ։ Նշանավոր էր հատկապես հայկական էսկադրոնը՝ Պետրոս դի Սարգիս Գիլանենցի հրամանատարությամբ։ Գործում էին նաև հայկական այլ զորաջոկատներ, որոնց հրամանատարներն էին Աղազար դի Խաչիկը, Այվազ Աբրամովը, Յակով Շամիրովը ե ուրիշներ։ Այս զորամասերի կազմակերպման, զինման ու հանդերձավորման գործը գլխավորել է Մինաս վարդապետ Տիգրանյանցը։ Պետք է ենթադրել, որ Իսրայել Օրու գնած զենքի մի մասը այդ ժամանակ տրամադրվեց նորաստեղծ՝ Հայկական զորամասերին։ Մերձկասպյան տարածքներում տեղակայված ռուսական բանակի կազմում ընդգրկված հայ զինվորների թիվը կազմում էր շուրջ 2500 մարդ։

 1722 թ. ամռանը հայկական կանոնավոր 12 հազարանոց զորաբանակը՝ Ավան Հարյուրապետի և Եսայի Հասան֊ Զալալյանի հրամանաաարությամբ, դուրս եկավ Արցախից և շարժվեց վրացական 30 hազարանոց բանակին ընդառաջ։ Հանդիպման վայր էր նշանակված Գանձակից ոչ հեռու գտնվող Զոլակ գյուղը: 1722 թ. սեպտեմբերի 22-ին նշանակված վայրում «մեծավ շուքով» տեղի ունեցավ հայ-վրացական բանակների հանդիպումը, որն անասելի ոգևորություն աոաջացրեց երկու կողմերում: Միացյալ բանակի առջև ելույթներ ունեցան Վախթանգ թագավորն ու Եսայի Հասան ֊Ջալալյանը։ Նշվեց, որ այստեղից պետք է շարժվեն Շամախի և սպասեն ռուսական բանակի ժամանելուն, որը պետք է տեղ հասներ հոկտեմբերի սկզբներին: Այնուհետե վրաց, հայկական և ռուսական միացյալ ուժերով սկսելու էին ազատագրական արշավանքը դեպի Երևան, որի արդյունքում ազատագրվելու էր նաև ամբողջ Արևելյան Հայաստանը։ Հայ ազատագրական շարժումը երբեք այնքան մոտ չէր եղել իր երազանքի իրականացմանը։ Ազատագրական մեծ արշավանքին մնացել էին հաշվված օրեր, սպասվում էր ազատարար մեծ թագավորի գալուստը։ Մինչդեռ իրադարձությունները զարգանում էին հայերի համար ոչ ցանկալի հունով։

 Դեռևս 1722 թ. հուլիսին ռուսական 44 հազարանոց բանակը Պետրոս 1-ի հրամանատարությամբ դուրս գալով Աստրախանից՝ շարժվեց հարավ։ Օգոստոսի 23-ին ռուսները գրավեցին Դերբենդը։ Նախատեսված էր, որ ռուսական բանակն այստեղից թեքվելու էր դեպի հարավ-արևմուտք և հասնելու էր Շամախի, որտեղ միանալու էր հայ-վրացական բանակին։ Սակայն Դերբենդը գրավելուց հետո Պետրոս 1-ը այստեղ թողնելով գեներալ Մ. Մատյուչկինի զորամասը, հոկտեմբերի 4-ին վերադարձավ Աստրախան: Մատյուչկինին հրամայված էր ռազմական հետագա գործողությունների ժամանակ գրավել միայն մերձծովյան շրջանները։ Շամախի շարժվելու մասին որևէ հրահանգ չկար։ Այսպիսով, չիրագործվեց հայ-վրացական և ռուսական զորքերի Շամախիում միավորվելու նախագիծը։ Իսկ բանից անտեղյակ հայ-վրացական հրամանատարությունը Զոլակում ղեռ սպասում էր բաղձալի պահին։

 Հասած լուրերը մխիթարական չէին. լեզգիները փակել էին Շամախի տանող ճանապարհը, իսկ նոյեմբերին անսպասելիորեն իմացվեց, որ ռուսական բանակի նախատեսված արշավանքը ընդհատվել է, ցարը վերադարձել է Ռուսաստան։ Որոշ ժամանակ անց մելիքներին ուղղած իր հատուկ գրության մեջ Պետրոսն այդ քայլը բացատրել է հետևյալ կերպ. 1722 թ, օգոստոսի 27-ին ուժեղ ալեկոծության հետևանքով ռուսական նավատորմը կորցրել է 12 նավ, մի քանի օր անց խորտակվել են նաև զենք, զինամթերք, պարեն ու ձիեր տեղափոխող 17 նավ։ Այսպիսի կորուստներից հետո է ինքը որոշել առժամանակ հետաձգել ղեպի Շամախի նախատեսված արշավանքը։

 Անկասկած, միայն այս կորուստները չէին, որ ստիպում էին Պետրոսին հրաժարվել Անդրկովկաս արշավելու մտքից, որը գրավելու իրական հնարավորություններ իրոք նա ուներ։ Բանն այն է, որ Անդրկովկաս արշավելու ուղղությամբ Ռուսաստանի գործուն  վճռական քայլերը Թուրքիային ստիպեցին դիմելու կտրուկ գործողությունների։ Թուրքիան հասկացնել տվեց Ռուսաստանին, որ ինքը չի հանդուրժի դեպի Անդրկովկաս ռուսական բանակների արշավանքը և բացահայտորեն Ռուսաստանին սպառնում է պատերազմով։ Թուրքիային ոգևորում էր նաև Ֆրանսիայի ե Անգլիայի ակնհայտ թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Այս պայմաններում հյուսիսային պատերազմից հետո ներքաշվել մի նոր պատերազմի մեջ Ռուսաստանը իրեն թույլ տալ չէր կարող։ Նա առայժմ ստիպված էր բավարարվել մերձկասպյան շրջանների միացմամբ, որոնք կարող էին հենակետ դառնալ ապագա մեծ արշավանքի ժամանակ։

 Այսպիսով, հայ-վրացական ապստամբական ուժերը 1722 թ. աշնան վերջերին ստիպված էին վերադառնալ իրենց տեղերը։ Պետրոս 1-ի պարսկական արշավանքը անկասկած կարևոր դեր խաղաց հայ ազատագրական շարժման հետագա ծավալման գործում, այն նպաստեց նաև հայ-վրացական ռազմական համագործակցության ստեղծմանն ու ամրապնդմանը։

 Կասպից ծովի արևմտյան ափերին ռուսական տիրապետության հաստատումով, որը միջազգային իրավունքի հիման վրա ամրագրվեց Ս. Պետերբուրգի 1723 թ. սեպտեմբերի 12-ի ռուս–պարսկական պայմանագրով, Ռուսաստանը ավելի մոտեցավ Հայաստանին, ռուսական ներկայությունը դարձավ ավելի շոշափելի։

 Հայ ազատագրական շարժման գործիչները, ապավինելով ռուսական ներկայությանը, զևնքը վայր չդրեցին, այլ շարունակեցին հետագա պայքարը նախ՝ պարսկական տիրապետության, իսկ հետագայում նաև՝ թուրքական զավթողական արշավանքների դեմ:

 Կարելի է ասել, որ հենց այդ ժամանակ էլ վերջնականապես ձևավորվեց հայ ազատագրական շարժման ռուսական կողմնորոշումը։ Ուղղակի դժվար է հստակ պատասխանել, թե պարսկական տիրապետությունից Հայաստանի հնարավոր ազատագրման դեպքում արդյո՚՞ք Պետրոս 1-ը կբավարարվեր սոսկ ազատարարի և բարեկամի բարոյական պարտականություններով, և ի վերջո Հայաստանը ձեոք կբերե, որ իր երազած ազատագրությունը, թե նոր գրավված տարածքները, թեկուզ և ինքնավարության ինչ-ինչ նշույլներով, կմիավորվեին Ռուսաստանին։ Պետրոս 1-ը տարբեր առիթներով շեշտում էր, թե իր նպատակն է Անդրկովկասում ստեղծել հայ-վրացական միացյալ թագավորություն՝ Վախթանգ VI–ի գահակալությամբ։ Ցավոք, այս ծրագրի այլ հանգամանքներ հայտնի չեն։ Իրադարձությունների հետագա ընթացքը թույլ չտվեց համոգվելու, թե որքան անկեղծ էին Պետրոս 1-ի այս մտագրությունները և որքան իրական։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am