Փախստական: Անձ, որը ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով գտնվում է իր քաղաքացիական պատկանելության պետությունից դուրս և չի կարող կամ չի կամենում օգտվել այդ պետության պաշտպանությունից կամ, չունենալով որեէ պետության քաղաքացիություն և գտնվելով իր նախկին հիմնական բնակության վայրի պետությունից դուրս, չի կարող կամ չի կամենում վերադառնալ այդ պետություն, կամ եթե անձը միաժամանակ մի քանի պետության քաղաքացի է, սակայն երկյուղ ունի, որ չի կարող օգտվել այդ պետություններից որեէ մեկի պաշտպանությունիցՓախստականների մասին» ՀՀ օրենք, ընդունված է 1999-ի մարտի 3-ին)։

 Հաճախ փախստականները դիտվում է ավելի լայն համատեքստում՝ որպես ոչ կամավոր տեղահանված։ 1996-ին ընդունվել է գործողությունների ծրագիր, որում սահմանվել է տեղահանվածների 8 խումբ (Ժնև, 1996-ի մայիսի 30-31-ին). Փախստականներ, ներքին տեղահանվածներ, ապօրինի միգրանտներ, բռնի տեղահանվածներ, հայրենադարձներ, էկոլոգիական միգրանտներ, փախստականի կարգավիճակին համապատասխան անձ, նախկինում դեպորտացվածներ։ ՀՀ-ում առկա են տեղահանվածների բոլոր կարգերը, բայց 1988-1992-ին ԼՂԻՄ-ից դեպորտացված անձինք միջազգային հանրության կողմից ճանաչված չեն որպես խումբ։ Առանձնացվել է նաև երկրի ներսում տեղահանվածների այն խումբը, ովքեր լքել են իրենց մշտական բնակավայրն իրենց քաղաքացիության կամ հիմնական բնակության պետության սահմաններում։ Սկսած 1988-ից միասնական պետության (ԽՍՀՄ) սահմաններում՝ Ադրբեջանական ԽՍՀ հայաշատ քաղաքներում ու շրջաններում (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Խանլար, Դաշքեսան, Ղազախ և այլն) կիրառված զանգվածային բռնարարքների արդյունքում տեղահանվել է մոտ 500 հզ. հայ, որոնցից 408 հզ. մազապուրծ հասել է ՀՀ (1992)։ Հայ բնակչության մի մասը տեղահանվել է նաև Միջինասիական հանրապետություններից, Աբխազիայից, Ձեչնիայից և այլն ։

 Սումգայիթի փախստականների և Հյուսիսային Արցախից բռնի տեղահանվածների (83,4 հզ.) մի մասն ապաստանել են ԼՂՀ-ում (նաև ազատագրված տարածքներում)։ 1989-ին ԼՂԻՄ տեղափոխվել են 18,5 հզ. փախստականներ, իսկ 1990-ին՝ նրանց թիվը գերազանցել է 30 հզ.։ «Օղակ» գործողության ժամանակ, ապա հակառակորդի լայնածավալ հարձակումների հետևանքով 1993-ին ԼՂՀ-ից տեղահանվել է 48 հզ., 1994-ին՝ 66 հզ. մարդ, զինադադարից հետո ԼՂՀ են վերադարձել նրանցից 60 հզ.։ 1989-ին Հայկական ԽՍՀ-ից և ԼՂԻՄ-ից հեռացել է համապատասխանաբար 155 հզ. և 40 հզ. ադրբեջանցի։ 1991-ից սկսած ԼՂ ԻՊՈՒ հիմնվելով միջազգային նորմերով ամրագրված ինքնապաշտպանության իրավունքի վրա՝ ազատագրել են ԼՂ և անցյալում Ադրբեջանական ԽՍՀ-ին բռնակցված հարակից շրջանները, որտեղից հեռացել էր շուրջ 380 հզ. մարդ։ 1994-ի վերջին ադրբեջանցի փախստականների թիվը կազմել է 615 հզ. մարդ, որոնցից 1997-ին իրենց նախկին բնակավայրերը վերադարձել է 45 հզ., 1998-ին՝ 25 հզ. ընտանիք (125 հզ. մարդ)։ 2003-ին ԱՀ-ում փախստականների թիվը կազմել է 490 հզ. մարդ (մոտ 90 հզ. ընտանիք)։

 Փախստականների հիմնահարցերով զբաղվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Միջազգային ներում (Մեծ Բրիտանիա), Քրիստոնեական միջազգային համերաշխություն, Բժիշկները հանուն մարդու իրավունքի (Մեծ Բրիտանիա), Բռնության զոհերի հոգատարության բժշկական կազմակերպությունները, Փախստականների Դանիական խորհուրդը, ՄԱԿ-ի խոշտանգումների զոհերի կամավորական հիմնադրամը և այլ կազմակերպություններ։ ՀՀ-ում և ԼՂՀ-ում գործում են ՀՀ Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների հարցերով վարչությունը, ՀՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը, ԼՂՀ անհայտ կորած հարազատների միությունը, «Ընդդեմ խավական կամայականության» հասարակական կազմակերպությունները  և այլն։

 

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am