Օհանյանց Հրանտ Առաքելի  Օհանյանց Հրանտ Առաքելի: Ծնվել է 1918թ. Նալչիկ քաղաքում (Կաբարդինո-Բալկարիա, ՌԴ): 1933-40թթ. ապրել է Կիսլովոդսկում: 1940թ. ավարտել է Նալչիկի մանկավարժական ինստիտուտը: Զորակոչվել է զինված ուժեր 1940թ. Նալչիկի քաղաքային զինկոմիսարիատի կողմից: 1942թ. ավարտել է Սմոլենսկի ռազմա-քաղաքական ուսումնարանը և զրահատանկային զորքերի վերապատրաստման դասընթացներ: Հայրենական մեծ պետերազմին մասնակցել է 1942թ. դեկտեմբերից: Մասնակցել է Հս. Կովկասի, Դոնբասի, Հս. Տավրիայի, Ռոստովի ազատագրման մարտերին, Կորսուն-Շևչենկովյան, Ումանսկ-Բոտոշանյան և Յասսո-Քիշինևյան հարձակողական գործողություններին: 1944թ. օգոստոսի 24-ին Սերետ գետի մատույցներում հակառակորդի դզօտների և դօտերի անընդհատ կրակի տակ Օհանյանցը դուրս է եկել տանկից, անձամբ հետախուզություն կատարել, Տանկային վաշտով հաղթահարել ջրային արգելքը և գրավել պլացդարմ Աժյուդեն ավանի (ք. Ռոմանից 10 կմ հս., Ռումինիա) շրջանում: 1944թ. օգոստոսի 26-ին Կարպատների լեռնա-անտառային դժվարանցելի տեղանքում Ուզվելդ ավանից (ք. Տիրգու-Օկնայից 27 կմ հս.-արմ.) մասնակցել է հակառակորդի պաշտպանության ճեղքմանը: Զոհվել է մարտում: 5 օրվա մարտերի ընթացքում նրա Տանկային վաշտը ոչնչացրել է 4 տանկ, 31 հրանոթ, 15 ականանետ, 90 գնդացիր, 41 ավտոմեքենա, 16 մոտոցիկլ, 203 սայլ բեռով, 14 դօտ, 70 դզօտ, 105 բլինդաժ, 926 զինվոր ու սպա, գրավել 2 տանկ, 24 ավտոմեքենա, 62 հրանոթ, 15 ականանետ, 700 սայլ, գերել 1493 զինվոր ու սպա: Սերետի հաջող գետանցման, հակառակորդի պաշտպանության ճեղքման ընթացքում վաշտի մարտի հմուտ ղեկավարման, նշանակալից կորուստ հասցնելու, արիության և հերոսության համար Տանկային վաշտի հրամանատար կապիտան Հ. Ա. Օհանյանցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1945թմարտի 24-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Թաղվել է մարտի դաշտում Տիրգու-Օկնա քաղաքի շրջանում: Հայրենական մեծ պատերազմից հետո վերաթաղվել է Չերնովց քաղաքում: Նալչիկում նրա անվան փողոցում տեղադրված է հուշատախտակ: Անունը հավերժ գրանցված է Տանկային վաշտի ցուցակում, ուր կանգնեցված է հուշարձան: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով:

 

 Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am