Օգանեսով Վազգեն:  Ֆաշիզմի դեմ պայքարած հերոս հայորդիներից է Վազգեն Օգանեսովը, ով ծնվել է 1920 թ-ի փետրվարի 10-ին՝ Հայաստանի Հանրապետության Արթիկի մարզի Օրոմ գյուղում:
Վազգեն Օգանեսովն իր հայտնի ճանապարհը սկսել է Բաքվի ավիաակումբում՝ աստիճանաբար տիրապետելով ավիացիոն տեխնիկային: 1940 թվականից ծառայել է Կարմիր բանակում, 1941 թ.-ին ավարտել է Թբիլիսիի ռազմական ավիացիոն օդաչուների դպրոցը: 1941 թ.-ի դեկտեմբերից կրտսեր լեյտենանտ Օգանեսովը Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում ծառայել է 347-րդ օդային գնդում: Ռազմական թռիչքների մեծ մասը կատարել է Յակ-9-ով, բայց նաև կռվել է Ի-153, Յակ-1 և Յակ-3-ով: Հրամանատարությունը նրան համարում էր 16-րդ Օդային բանակի լավագույն հետախույզ:
 Ողջ պատերազմի ընթացքում Օգանեսովը կատարել է 324 հաջողված մարտական թռիչք, 75 օդային մարտերում անձամբ խոցել է 23 ինքնաթիռ: Նա մտնում էր «Ստալինյան բազեներ» սիմվոլիկ խմբի կազմում, ինչպես ավանդաբար կոչում էին Խորհրդային օդուժի հերոսներին: Նրա ինքնաթիռը խոցվեց միայն մեկ անգամ՝ պատերազմի վերջում՝ 1945 թ. ապրիլի 28-ին: Սակայն, օդաչուն, անգամ լրջորեն վիրավորված զենիթային հրթիռի բեկորներից,  իր մեջ ուժ գտավ իջեցնել խոցված ինքնաթիռն օդանավակայանում:
 Վազգեն Օգանեսովն իր վերջին մարտական թռիչքը կատարել է Բեռլինի մարտերի ժամանակ: Հաղթանակի նախօրեին պետք էր կանխել պաշարված Բեռլինից հիտլերյան ռեյխի գերմանական ղեկավարության թռիչքն՝ անձամբ Հիտլերի գլխավորությամբ, գրում է Defacto.am-ը:
 Ապրիլի 27-ի երեկոյան հայտնի դարձավ, որ, կորցնելով բոլոր օդանավակայանները Բեռլինում և նրա շրջակայքում, գերմանական բարձրագույն հրամանատարությունը  թռիչքի և վայրէջքի համար պատրաստվում է օգտագործել Տիերգարդեն այգու գլխավոր պողոտան: Այս լուրը հաստատեց 3-րդ ԻԱԿ-ի գլխավոր հրամանատար գեներալ Սավիցկին:
 Օդուժի Մարշալ Ռուդենկոյի պատմություններից. «Սավիցկիի զեկույցից անմիջապես հետո ես կանչեցի իմ տեղակալ գեներալ Սենատորովին և բանակի գլխավոր շտաբի պետ՝ գեներալ Բրայկոյին: Միասին որոշեցինք, որ անհրաժեշտ է ձեռնարկել արտակարգ միջոցառումներ: Առաջին հերթին ուշադիր հետախուզենք տարածքն՝ օդակայանի ճշգրիտ դիրքը, եղած օդանավերի քանակը, զենիթային միջոցները ճշտելու համար: Կատարել նման հանձնարարություն կարող էին միայն փորձառու հետախույզները: Չեմ հիշում, թե ով, կարծես Բրայկոն էր, որ տվեց ավագ լեյտենանտ Օգանեսովի անունը: Ես լավ գիտեի այդ անվախ օդաչուին: Իր հաշվին մինչև պատերազմի ավարտը կար գրեթե երեք հարյուր մարտական թռիչք, նա անցկացրել էր ավելի քան 70 օդային մենամարտ, այդ թվում՝ խոցել էր թշնամու երկու տասնյակ ինքնաթիռ»:
Գեներալ Սենատորովն Օգանեսովին առաջադրանք տվեց.«Ռայխստագի տարածքում և Բրանդերբուրգյան դարպասների մոտ գտնվում է թշնամու գաղտնի օդանավակայանը: Անհրաժեշտ է գտնել այն: Քաղաքը ծխի մեջ է: Տիերգարդեն այգու կենտրոնում շատ զենիթներ կան: Պետք է գնալ ցածր բարձրության վրա...»:
 Երկու ժամ չանցած ղեկավարությունը ստացավ ճշգրիտ տեղեկություն օդային հետախուզությունից: Նրանք բացահայտել էին երկու ծածկված  թեթև տրանսպորտային ինքնաթիռ, որոնք գտնվում էին այգու մուտքի մոտ և պահպանվում էին տանկերի կողմից:
 Որոշվել էր անմիջապես ռմբակոծել և հարձակվել օդանավակայանի վրա, որը պայմանականորեն անվանեցին «կայսերական»: Իսկ ավագ լեյտենանտ Օգանեսովը կամավոր էր դարձել թիրախը ցույց տալու հարցում: Նա թռչում էր ցածր բարձրության վրա, գրեթե շենքերի տանիքների վրայով:
 Եվ ահա, ցույց տալով ինքնաթիռներն ու տանկերը, հերթը հասավ ռմբակոծիչներին, որոնք րոպեների ընթացքում վերացրին դրանք, սակայն անհանգիստ Օգանեսովը որոշեց  շրջադարձ կատարել և համոզվել, որ օդակայանը վերածվել էր մետաղի կույտի: Նա շտապեց հաղորդել ռադիոյով. «Ծրագրի նպատակը ոչնչացված է: Առաջադրանքը կատարված է..." Հանկարծ նրա ձայնը կտրվեց. Թշնամու արկերից մեկը խոցեց ինքնաթիռը, օդաչուն վիրավորվեց: Սակայն, փորձը և տոկունությունը օգնեցին նրան ապահով կերպով իջեցնել ինքնաթիռը: Ավելի ուշ, այդ հերոսության համար նրան շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում:
 Օգանեսովն իր գործունեության ողջ ընթացքում պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի (երեք անգամ) շքանշաններով, ինչպես նաև կարմիր աստղով և ուրիշ շատ մեդալներով:
 Պատերազմից հետո օդաչուն շարունակում էր ծառայել ԽՍՀՄ օդային ուժերում: 1956 թ.-ին գեներալ-լեյտենանտ Օգանեսովը թոշակի անցավ: Նա ապրում էր Ադրբեջանի մայրաքաղաքում` Բաքվի կենտրոնում: Աշխատում էր որպես հացաբուլկեղենի գործարանի գլխավոր ինժեներ: 1990 թվականին Վազգեն Միխայլովիչը ընտանիքով տեղափոխվեց Երևան՝ փախչելով Բաքվի հայկական ջարդերից: 
 Լեգենդար օդաչուն մահացել է 1993 թ.-ի մայիսի 23-ին՝ 73 տարեկան հասակում, թաղված է Երևանի Թոխմախ գերեզմանոցի պատվավոր գերեզմանատանը:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am