Նիկոլ ԴումանՆիկոլ Դումանը (Տեր-Հովհաննիսյան Նիկողայոս), ծնվել է 1867, գ. Ղշլաղում (այժմ՝ գ. Ծաղկաշատ՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում), մահացել է 23.09.1914 թվականին: Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ (1891-ից): Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887): Դասավանդել է Հյուսիսային. Կովկասի հայկական դպրոցներում, 1892-1894-ին՝ Թավրիզում: Մասնակցել Է 1894-1896-ի Դերիկի վանքի (Սալմաստի գավառ) կռիվներին: 1895-ին խմբով (50 հոգի) անցել է Վան: 1896-ին հղացել է Խանասորի արշավանքի (1897, մասնակցել է  որպես հիսնապետ) գաղափարը: Հետագայում անցել է Կովկաս, ապրել Բաքվում: 1904-ին մասնակցել է Ռազիի (Վարագա լեռան մոտ) կռիվներին: 1905-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակերպել է հայերի ինքնապաշտպանությունը (Բաքվում, Երևանում և այլուր): Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցում կողմ էր կազմակերպված ընդհանուր ապստամբության: 1910-ին մասնակցել 12-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին: 1911-ին եղել է Տրապիզոնում, Կարինում, Վանում, ապա Պարսկաստանում մասնակցել է հեղափոխական շարժումներին, հետագայում վերադարձել Կովկաս: Թոքախտով հիվանդ Նիկոլ Դումանը, զգալով, որ չի կարող մասնակցել հայկական կամավորական  շարժմանը (սկսվել էր Առաջին աշխարհամարտը), ինքնասպան է եղել:

Երկեր`

 Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանութեան. Ժնև, 1907:

Գրականություն`

 Նիկոլ Դուման (գիծեր իր կեանքէն), Բուխարեստ, 1933:

 Գեվորգյան Հ., Նիկոլ Դուման (Կյանքն ու գործը), Ե., 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am