Մոնթե ՄելքոնյանՄելքոնյան Մոնթե (Ավո) Չառլզի: Ծնվել է 1957թվականի նոյեմբերի 25-ին Վայսիլիայում (Ֆրեզնոյի մոտ, Կալիֆոռնիա, ԱՄՆ):Մահացել է 1993թվականի հունիսի 12-ին, գ. Մարզիլուում (Աղդամի մոտ): Եղել է ազգային-ազատագրական շարժման գործիչ: Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս: ՀՀ բանակի փոխգնդապետ (1994, հետմահու): Ավարտել է Բերկլիի (Կալիֆոռնիա) համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը (1978), որտեղ հիմնել է «Հայ ուսանողական միությունը»: 1978-ին ընդունվել է Օքսֆորդի համալսարան, սակայն չի ավարտել, մեկնել է Լիբանան, քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել (շուրջ 3 տարի) Բեյրութի հայկական թաղամասի պաշտպանական կռիվներին: 1980-ի մայիսից` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ` ԱՍԱԼԱ) գլխավոր ռազմական մարզիչ: 1983-ին հեռացել է ՀԱՀԳԲ-ից (քաղաքական գծի և գործելակերպի հարցում անհամաձայնության պատճառով) և հիմնել ՀԱՀԳԲ-ի հեղափոխական շարժումը:Մոնթե (Ավո)

 1985-ի նոյեմբերի 27-ին Փարիզում ձերբակալվել է կեղծ անձնագիր ու պայթուցիկ նյութեր ունենալու մեղադրանքով և բանտարկվել մինչև 1989-ը: 1990-ի հոկտեմբերից զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը: 1991-ի սկզբին հիմնել է «Հայրենասիրական ջոկատը»: 1992-ին` Մարտունիի պաշտպանական շրջանի հրամանատար:

 Մոնթեն մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 1992-ի սեպտեմբերին, 1993-ի մարտին, մայիսին, հունիսին ղեկավարել է Մարտունիի (գրավված գյուղեր), Քարվաճառի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները:
 Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք», ԼՂՀ «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով: 1994-ին Երևանում ստեղծվել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը: Մոնթեի անունով է կոչվել ՊՆ ռազմական ուսումնարանը: ԼՂՀ Մարտունի քաղաքում տեղադրված է նրա հուշարձանը (քանդակագործ` Լ. Թոքմաջյան): Թաղված է Եռաբլուրում: Նրա մասին նկարահանվել են ֆիլմեր, գրվել գրքեր, շատ քանդակագործներ կերտել են նրա կերպարը:


 

 

Գրականություն

Լուսանկարներ - Մոնթե Մելքոնյան 

  Երկ. Պատմութիւն ԱՍԱԼԱ-ի, Լոզան 1990:

 Պայքարելու իրավունքը: Հայոց ազգային հարցի մասին Մոնթե Մելքոնյանի գրվածքների ընտրանի, Ե. 2003:

 Երկ. Իրականություն, Ե. 1995:

 Գրկ. Բաղրյան Վ., Ավո, Ս., 1993:

 Քամալյան Ս.,Ավոն մեր աչքերով, Ե., 1994:

 Մովսիսյան Ն., Մարտնչող անմահություն, Ե., 1997:

 Մելքոնյան Ն., Ասք Մոնթեի մասին, Ե., 1998

 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան 1988-1994 (Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2004 թ.)

 Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան երկու հատորով), Եր. Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2007 թ.

 Տեսանյութեր`

 Գաղափարի զինվորը-Մոնթե Մելքոնյան-մաս 1

Գաղափարի զինվորը-Մոնթե Մելքոնյան-մաս 2

 

 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am