Միքայելյան Գեդեոն Հայրապետի: Ծնվել է 1907թ. օգոստոսի 1-ին Գավառ քաղաքում (Գեղարքունիքի մարզ, ՀՀ): Զորակոչվել է Զինված ուժեր 1924թ. սեպտեմբերի 1-ին Նոր-Բայազետի շրջանային զինկոմիսարիատի կողմից: 1928թ. ավարտել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան Հայկական միացյալ ռազմական դպրոցը (Երևան), ապա  Անդրկովկասյան հետևակային դպրոցը (Թիֆլիս): Եղել է դասակի հրամանատար: Ծառայել է հայկական 2-րդ հրաձգային գնդում: 1932թ. ավարտել է Մոսկվայի ռազմական օկրուգի Համամիութենական ԿԳԿ-ի անվան դպրոցը: Եղել է 227-րդ զինվորական դպրոցի պետ (Երևան), ՀԽՍՀ Պաջավիաքիմի կենտրոնական խորհրդի նախագահ: 1941թ. հունիսի 22-ից եղել է ՀԽՍՀ աշխարհազորային շտաբի պետի տեղակալ: Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցել է 1941թ. հուլիսից: Հրաձգային գնդի հրամանատար Միքայելյանը մասնակցել է Բելառուսի պաշտպանությանը, Մոսկվայի ճակատամարտին, Եֆրեմով ու Ելեց քաղաքների ազատագրմանը: 1943թ. հուլիսին ավարտել է Միխայիլ Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիայի կարճատև դասընթացները: 1943թ. հոկտեմբերի 9-ից մինչև 1944թ. հունվարի 7-ը մասնակցել է Խարկովի և Կրասնոգրադի ազատագրմանը: 1943թ. հոկտեմբերի 13-ին կոնտուզիա է ստացել: 1943թ. սեպտեմբերի 24-ին գ. Ստարի Օրլիկի (Կոբելյանսկի շրջան, Պոլտավայի մարզ, Ուկրաինա) շրջանում մարտերով դուրս է եկել Դնեպրի ափ և գիշերով ձեռնաշեն միջոցներով այն գետանցել ու հիմնավոր ամրապնդվել պլացդարմում: Դնեպրի հաջող գետանցման, արևմտյան ափին հենակետ հաստատելու և ընդլայնելու համար 209-րդ գվարդիայի հրաձգային գնդի հրամանատար գվարդիայի փոխգնդապետ Գ. Հ. Միքայելյանին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախարարի 1943թ. հոկտեմբերի 26-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով  և «Ոսկե աստղ» մեդալով: Նրա գնդից ևս 8 մարտիկ արժանացան Խորհրդային Միության Հերոսի կոչման: Մասնակցել է Կիրովոգրադի մարզի և Աջափնյա Ուկրաինայի ազատագրմանը: 1951 ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: Եղել է ԵՊՀ ռազմական ամբիոնի պետ: Գնդապետ Միքայելյանը զորացրվել է 1953թ.: Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող: Մահացել է 1985թ. դեկտեմբերի 1-ին: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, մեդալներով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է .Հայեր» Կենսագրական հանրագիտարան,Հատոր Բ., Երևան 2005 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am