Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Մեծ Հայքի թագավորությունը դրածո թագավորների օրոք

  Մեծ Հայքի թագավորությունը դրածո թագավորների օրոք


Օկտավիանոս Օգոստոս Տիգրան IV-ի մահից հետո Արտաշեսյանների արքայատոհմն այլևս շարունակություն չունեցավ:Սակայն Հռոմը չէր շտապում վերացնել հայկական թագավորությունը: Օկտավիանոս Օգոստոս կայսրը հեռատեսորեն պաշտպանում էր այն ուղեգիծը, թե տերության հետագա ընդարձակումը կարող էր անկանխատեսելի բացասական հետևանքներ ունենալ երկրի ճակատագրի համար: Նա առաջարկում էր բավարարվել կախյալ թագավորությունների համակարգի իրողությամբ: Ի թիվս այլ երկրների` Մեծ Հայքը ևս հայտնվեց նման կախյալ թագավորությունների շարքում: Առաջնորդվելով այս ուղեգծով` Հռոմը Հայաստանում գահ էր բարձրացնում Արտաշեսյան արքայատոհմի հետ հեռավոր արյունակցական կապ ունեցող անձանց, որոնց տրվում էին  «Արտաշես» կամ  «Տիգրան» դինաստիական անուններ, և որոնք հավատարմության երդում էին տալիս իրենց հովանավոր կայսրին:

 Օգոստոսի հեռագնա ծրագրի համաձայն` Հայաստանի թագավոր է նշանակվել Ատրպատական-Մարաստանի արքա Արիոբարզանեսը, որը հավանաբար մայրական կողմից ուներ Արտաշեսյանծագում: Այդ քայլով Հռոմը, ընդդեմ իր մշտական ախոյան Պարթևստանի, Արևելքում ձեռք էր բերում Հայաստան-Ատրպատական միացյալ և ուժեղ թագավորություն: Սակայն Արիոբարզանեսի`Հայաստանի թագավոր նշանակվելը տեղիք տվեց բուռն ապստամբական ելույթների, որոնք 2 թ.վերածվեցին հակահռոմեական հուժկու ապստամբության: Այն ճնշելու համար Հայաստանժամանեց Գայոս Կեսարը: Հերոսական ու համառ դիմադրությամբ հատկապես աչքի ընկավ Արտագերս ամրոցը: Իսկ այն բանից հետո, երբ վերջապես հսկայական զոհերի գնով ամրոցը գրավվեց, և կողմերի միջև սկսվեցին բանակցություններ, բերդապահ Ադդոնը անսպասելիորեն դաշունահարեց Գայոս Կեսարին, իսկ ինքն էլ ինքնասպան եղավ: Ճնշելով ապստամբությունը`հռոմեացիները Հայաստանում թագավոր հռչակեցին Արիոբարզանեսին (2-4 թթ.): Բայց սրան վիճակված չէր երկար թագավորել: Քիչ անց նա դարձավ հայոց ավագանու կազմակերպած դավադրության զոհ: Օգոստոսի կամքով Հայաստանի թագավոր հռչակվեց Արիոբարզանեսի որդին`Արտավազդ IV-ը (4-6 թթ.)Արտավազդ 4-չդ: Սա նույնպես զոհ գնաց դավադրության:

 Այս անգամ դարձյալ Օգոստոսի հանձնարարությամբ Հայաստան ժամանեց հայկական գահի նրա նոր թեկնածուն` Հրեաստանի թագավորի թոռը` Տիգրան V-ը, որ իգական գծով Արտաշեսյան շառավիղ էր: Հայոց այս «նոր թագավորը» գահակալեց ընդամենը մի քանի ամիս և գահընկեց եղավ հայերի ապստամբության հետևանքով:

 Ընդդիմանալով Հռոմի կողմից Հայաստանում թագավոր նշանակվելու կարգին` հայերը գահ բարձրացրին Տիգրան IV-ի քրոջը` Էրատոյին (6-12 թթ.), իսկ այնուհետև` Պարթևստանի եոբեմնի թագավոր Վոնոն Արշակունուն (12-16 թթ.): Ինչպես Էրատոն, այնպես էլ Վոնոնը չճանաչվեցին Հռոմի կողմից:

  18 թ. հայերի համաձայնությամբ պոնտական արքայազն Զենոնը Տիբերիոս կայսեր եղբորորդու`Գերմանիկոսի ձեռքով Արտաշատում թագադրվեց Մեծ Հայքի թագավոր (18-34 թթ.): Նոր թագավորը լայն ժողովրդականություն էր վայելում հայ ավագանու շրջանում: Նա մեծացել և դաստիարակվել էր հայկական միջավայրում, ուստի յուրացրել էր ոչ միայն հայոց լեզուն և սովորույթները, այլև վարում էր Հայաստանի պետական շահերից բխող քաղաքականություն: Եվ պատահական չէ, որ հայերը նրան տվել են դինաստիական Արտաշես անունը: Հռոմեական պատմիչ Տակիտոսի պատկերավոր արտահայտությամբ` «Զենոնի գլխին թագ դրվելուն պես արքային պաշտած հայերի բազմությունը ողջունեց նրան` իբրև Արտաշեսի»: Զենոն–Արտաշեսը միակն է I դարի սկզբներին Հայաստանում գահակալած թագավորներից, որը գահընկեց չեղավ հայերի կողմից և մահացավ իր բնական մահով:

 Զենոն-Արտաշեսից հետո Հռոմը հայոց գահը հանձնեց վրաց արքայազն Միհրդատ Իբերացուն (35-37 թթ.): Նրա գահակալումը Հայաստանում նշանավորվեց սպարապետ Գիսակ Դիմաքսյանի գլխավորած հակահռոմեական հուժկու ապստամբությամբ, որի շնորհիվ Միհրդատը դուրս վռնդվեց, իսկ երկիրն էլ մինչև 43 թ. լիովին վերականգնեց իր անկախությունը: Հայ ժողովրդի շարունակական ու հերոսական պայքարը Հռոմի դեմ, նրա ազատատենչ ոգին արտահայտվել են հռոմեական նշանավոր բանաստեղծ Վերգիլիոսի հետևյալ դիպուկ այլաբանության մեջ` «կամուրջներ չհանդուրժող Արաքս», այսինքն` օտար տիրապետությունը չհանդուրժողՀայաստան: Բայց Հռոմը շարունակեց նույն քաղաքականությունը: Այդ ընթացքում գահակալած Սանատրուկ 1-ից հետո Հռոմի համաձայնությամբ Հայաստանում կրկին թագավոր նշանակվեց Միհրդատը: 51 թ. հայոց գահը բռնազավթեց վերջինիս եղբորորդին` Հռադամիզդը` նախապես սպանելով հորեղբորը և նրա ամբողջ ընտանիքին:

 Տակիտոսը հիանալիորեն է ներկայացրել կախյալ երկրներում, տվյալ պահին` Հայաստանում,Հռոմի քաղաքականության սկզբունքները. «Բոլոր արտաքին հանցագործությունները պետք է ուրախությամբ ընդունվեն, նույնիսկ ատելության սերմեր պետք է ցանել, ինչպես հաճախ հռոմեական կայսրերը հենց նույն Հայաստանը առատաձեռնության պատրվակի տակ շնորհել են բարբարոսներին` նրանց ոգին խառնակելու նպատակով: Թող իշխի Հռադամիզդը... միայն թե լինի ատելի, փառազուրկ, որովհետև դա ավելի ձեռնտու է, քան եթե նա փառքով արտաքսված լիներՀայաստանից»:

  Նման դաժան իրականությունն է ստիպել հայերին փնտրել այլընտրանքային դաշնակցություն: Այդ ժամանակ է, որ Պարթևստանը սկսում է ձեռք բերել իր նախկին հզորությունը: Հայաստանը կանգնած էր չափազանց կարևոր երկընտրանքի առջև` Հռո՞մ, թե՞ Պարթևստան:

 

 

 

   Հովհաննիսյան Պ.

 

 

 


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am