Մարտունիի շրջան: Վարչատարածքային միավոր ԼՂՀ-ում։ Կազմավորվել է 1991-ին՝ ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930-ին) հիմքի վրա։ Գտնվում է ԼՂՀ-ի հարավարևելյան մասում՝ 400 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 800 կմ2։ Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Ասկերանի, հարավում՝ Հադրութի շրջաններին։ Բնակչությունը՝ 23,6 հզ (2003)։ Ունի 36 համայնք, 40 բնակավայր։ Խոշոր բնակավայրերից են Մարտունի քաղաքը, Ճարտար, Ղուզե Ճարտար, Բերդաշեն, Գիշի, Թաղավարդ, Սոս գյուղերը։ Վարչական կենտրոնը Մարտունի քաղաքն է։

 Շրջանի արևմտյան կեսն ունի նախալեռնային, թույլ թեքության մակերեույթ։ Համեմատաբար բարձր են Ննգի, Կաղարծի, Աշան, Ճարտար, Խերխան, Թաղավարդ գյուղերի մոտակայքով ձգվող լեռնաճյուղերի գագաթները (բարձրությունը՝ 1200-1500 մ)։ Լանդշաֆտը նախալեռնային տափաստանային և անտառային է։ Ընդերքը հարուստ է կրաքարի, բազալտի, գրանիտի, կավի պաշարներով։ Գետերից համեմատաբար ջրառատ են Վարանդան՝ Ամարաս վտակով, և Խոնաշենը։ Կլիման չոր մերձարեադարձային է, մթնոլորտային տեղումները՝ սակավ, ձյան կայուն շերտ գրեթե չի լինում։

 Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ (գլխավորապես հացահատիկային բույսերի մշակությամբ), խաղողագործությամբ և անասնապահությամբ։ Գործում է Մարտունիի գինու գործարանը, թռչնաբուծական ֆաբրիկան, վերականգնվել է Կարմիր Շուկայի գինու կետը։

 2003-ին շրջանում գործել են 36 ակումբ, կենտրոնական և 35 գյուղական գրադարաններ Մարտունիի պատմաերկրագիտական թանգարանը, 25 միջնակարգ, 8 ութամյա, 6 տարրական, 1 երաժշտական, 1 արհեստագործական դպրոցներ, շրջանային կենտրոնական և Դուզե Ճարտարի գյուղական հիվանդանոցները, 5 ամբուլատորիա և 31 բուժակամանկաբարձական կետեր, 1 հակահամաճարակային կայան։

 Շրջանի տարածքում պահպանվել են շուրջ 353 պատմաճարտարապետական հուշարձաններ մարասի վանքը (IV դ.), Ճարտար գյուղի Եղիշեի (XII դ.), Հերհերի Ս. Գրիգորիս, Մավասի վանքերը և այլն]:  Շրջանի բոլոր բնակավայրերում կառուցված են Հայրենական մեծ պատերազմի, առանձին գյուղերում՝ Մեծ եղեռնի, Սումգայիթի ցեղասպանության, Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ։

 Ղարաբաղյան պատերազմի տարիներին կամավորական ջոկատներ են ստեղծվել գրեթե բոլոր բնակավայրերում, որոնք առանձին կամ 1992-ի սեպտեմբերից Մարտունիի պաշտպանական շքջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են շրջանի Ճարտար, Մաճկաշեն, Մյուրիշեն, Ավդուռ, Հացի, Նորշեն, Բերդաշեն գյուղերի ինքնապաշտպանական և Շուշիի, Մարտակերտի, Աղդամի, Ֆիզուլիի, Քելբաջարի, Ջաբրայիլի, Զանգելանի և այլ շրջանների ու ռազմավարական բարձունքների ազատագրական մարտերին։ Մարտունիի շրջանից հրամանատարներ են եղել Ա. Արզումանյանը, Վ. Խաչատրյանը, Մ. Օհանյանը, Մ. Մոսիյանը, Հ. Սարգսյանը, Ա. Ավանեսյանը, Հ. Հարոյանը, Մ. Հակոբյանը, Ն. Սողոմոնյանը, Ս. Գասպարյանը, Հ. Հակոբյանը, Ն. Քոչարյանը, Ա. Մելքումյանը, Ա. Զաքարյանը, Դ. Իշխանյանը, Ս. Սաֆարյանը, Կ. Ալավերդյանը, Ն. Սարգսյանը, Ս. Պողոսյանը, Վ. Համբարձումյանը, Մ. Հարությունյանը, Ա. Հայրապետյանը, Վ. Նասիբյանը, Կ. Վարդանյանը, Է. Ծատրյանը, Գ. Միրզոյանը, Վ. Բաղդասարյանը, Կ. Հակոբյանը և ուրիշներ։ Զոհվել է 572 ազատամարտիկ։

 

ՄՀովհաննիսյանՍՍեյրանյան

 

Գրականություն

Աբրահամյան Հ., Հարությունյան Հ., Արցախի համար զոհված վարանդացիները, Ե., 2003։

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am