Մարտունի: (մինչև 1925-ը՝ Խոնաշեն), քաղաք ԼՂՀ Մարտունիի շրջանում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Ստեփանակերտից 41 կմ արևելք՝ 400 մ բարձրության վրա։ Վարչական տարածքը՝ 4678 հա։ Բնակչությունը՝ 4800 (2003)։ Մարտունի համայնքում ներառված են նաև Կաքավաձոր, Քաջավան, Մուղանլու գյուղերը։ Գտնվում է շրջանի արևելյան հարթավայրային մասում՝ Խոնաշեն գետի ձախ ափին։ Ունի միջնակարգ (2), արհեստագործական և երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, կենտրոնական գրադարան, պատմաերկրագիտական թանգարան, շրջանային կենտրոնական հիվանդանոց, բուժմանկաբարձական կետեր (2), հոսպիտալ, հակահամաճարակային և անասնաբուժական կայաններ, գինու գործարան, թռչնաբուծական ֆաբրիկա, կենցաղսպասարկման կոմբինատ, կապի հանգույց։ 2000-ից Մարտունիում կառուցվում է եկեղեցի։ Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ։

 1989-ին Մարտունիում կազմավորվել են կամավորական ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Արզումանյան, Վ. Խաչատրյան, Ս. Երեմյան, Մ. Օհանյան, Մ. Մոսիյան, Հ. Սարգսյան), որոնք հետագայում ներառվել են Մատունիի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների մեջ։ Ջոկատներն առանձին կամ Պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Ամիրանլարի, Մուղանլուի, Կուրապատկինոյի, Խոջավենդի, Ղարաչուխ բլուրի, «Սևան-4, 109 և 17» դիրքերի, Օմարի լեռնանցքի, Մարտակերտի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Մ. Մելքոնյանը (Ավո), Հ. Հարոյանը, Մ. Մոսիյանը, Մ. Օհանյանը, Վ. Խաչատրյանը և ուրիշներ։ Մարտունիից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Յու. Գասպարյանը, Գ. Ղարիբյանը, Հ. Ջիվանյանը, Ս. Երեմյանը, Ա. Մոսիյանը, Մ. Սուլեյմանյանը, 2-րդ աստիճանով՝ Տ. Աբրահամյանը, Գ. Գասպարյանը, Գ. Իշխանյանը, Ս. Ղահրամանյանը, Ռ. Մուսայելյանը, Ֆ. Պողոսյանը, Գ. Ստեփանյանը, Ա. Հակոբյանը, Գ. Սարգսյանը, հետմահու՝ 1-ին աստիճանով՝ Վ. Մարտունիի Առստամյանը, Կ. Ավանեսյանը, Վ. Խաչատրյանը, 2-րդ աստիճանով՝ Ա. Ավանեսյանը, Ա. Արզումանյանը, Ռ. Մարտիրոսյանը, Ս. Ազիզյանը, Ժ. Ազիզյանը, Վ. Ազիզյանը, Ա. Սարգսյանը, Կ. Ուլուբաբյանը, Մ. Մոսիյանը։ Մարտունիից զոհվել է 129 ազատամարտիկ։ Մարտունիի հաղթանակի հրապարակում կանգնեցվել է Մ. Մելքոնյանի մարմարե հուշարձանը (քանդակագործ՝ Լ. Թոքմաջյան) և կառուցվել Սպիտակի երկրաշարժի ու Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-համալիրը։

Ա. Արզումանյան

 

Գականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am