Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Մարտակերտի ազատագրման ռազմական գործողություն 1993

  Մարտակերտի ազատագրման ռազմական գործողություն 1993: Տեղի է ունեցել հունիսի 26-27-ին։ Քելբաջարի ռազմական գործողությունից հետո, երբ ջախջախվել է ադրբեջանական զինուժի Լաչին-քելբաջարյան խմբավորումը, Պաշտպանության բանակի հրամանատարությունը ձեռնամուխ է եղել Մարտակերտի ազատագրման ռազմական գործողութ֊յան մշակմանն ու նախապատրաստմանը։ Կարճ ժամանակամիջոցում իրականացվել է ուժերի և միջոցների վերախմբավորում։ Հակառակորդի ուշադրությունը շեղելու նպատակով պլանավորվել է մի քանի ուղղություններով հարձակողական գործողություններ ձեռնարկել միաժամանակ։ Մարտակերտ քաղաքի մոտ կենտրոնացվել են Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի, Շուշիի  պաշտպանության բանակներից ընտրված հարվածային մի քանի ստորաբաժանումներ, կենտրոնական ուղղության զորամասեր և ՀՀ մի շարք կամավորական ջոկատներ։

 Հունիսի 2-րդ կեսին հաջողությամբ իրականացնելով մարտական խնդիրները՝ հայկական ուժերը գրավել են մարտավարական կարևորության մի քանի բարձունքներ ու բնագծեր։ Մարտակերտի հարավարևելյան հատվածում գործող ղարաբաղյան զորամիավորումները, հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով, Խրամորթ և Փափրավենդ գյուղերի ուղեգծում դուրս են եկել Աղդամ-Մարտակերտ ճանապարհի բնագիծը։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների գործադրվող ճնշմանը դիմագրավելու համար հակառակորդը հունիսի 26-ին մարտի մեջ է մտցրել նաև մարտական ինքնաթիռներ։ Սակայն Պաշտպանության բանակի մարտիկները խփել են մեկ ինքնաթիռ և տևական ու համառ մարտերից հետո ազատագրել հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները։ Ստանալով դիրքային առավելություն՝ հաջողվել է հակառակորդին դուրս շպրտել Մարտակերտ քաղաքից և այդ ուղղությամբ գործող հարվածային ուժերը դուրս բերել ԽրամորթԲոյահմեդլիՓափրավենդ-Մարտակերտ-Մադաղիս բնագիծ։ Հունիսի 27-ին Պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտել են Մարտակերտ և, հունիսի 28-ին ազատագրելով քաղաքը, անցել են գերիշխող բարձունքների ու հիմնական ճանապարհների պաշտպանությանը և հարակից բնակավայրերի ազատագրմանը։

Ս. Հասրաթյան

 Գականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am