Մարտակերտ: Քաղաք ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանի կենտրոնը՝ Ստեփանակերտից 75 կմ հյուսիս՝ Թարթառ գետի միջին հոսանքի աջ կողմում՝ 450 մ բարձրության վրա։ Մարտակերտի համայնքի կազմում ներառվել են նաև Հայկաջուր, Ջրաբերդ, Մարալյան Սարով, Լևոնարխ գյուղերը։ Վարչական տարածքը՝ 4600 հա։ Անվանումը Մատուռակերտի հնչյունափոխված ձևն է։ Մարտակերտը հիմնադրել են Կուսապատ, Մոխրաթաղ, Գյուլաթաղ (Վարդաձոր) մոտակա գյուղերից տեղափոխված բնակիչները։ Մինչև 1992-ը (բռնագաղթը) Մարտակերտը իր մեծությամբ ԼՂԻՄ-ի երրորդ քաղաքն էր (Ստեփանակերտից և Շուշիից հետո), ուներ շուրջ 13 հզ. բնակիչ (2002-ին՝ 4469)։ 1988-ին Մարտակերտը ուներ միջնակարգ (2), գիշերօթիկ (1), երաժշտական յոթնամյա (1) և սպորտային (1) դպրոցներ, մարզահրապարակ, մանկապարտեզ (5), հիվանդանոց, մշակույթի տուն, կինոկետ, կապի բաժանմունք, շինանյութերի կոմբինատ, յուղի պանրի, խաղողի նախնական վերամշակման գործարաններ և այլն։ Մարտակերտի խաղողագործական տնտեսությունը տարեկան արտադրել է շուրջ 20-25 հզ. տոննա խաղող, 1800 տ կաթ, 2000 տ հացահատիկ (1987)։

 2003-ին Մարտակերտում գործել են միջնակարգ (2), սպորտային (1) և երաժշտական (1) դպրոցներ, մշակույթի տուն, գրադարան, հիվանդանոց, «Ալրաղաց» ձեռնարկությունը և այլն։

 Շարժման սկզբին Մարտակերտի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները կազմակերպել են բողոքի ցույցեր, ստորադրահավաք և այլն։ Շրջանի տարածքը պաշտպանելու համար ստեղծվել են աշխարհազորայինների շտաբ (ընդհանուր համակարգող՝ Վ. Բեգլարյան, շտաբի պետ՝ Վ. Խոնդկարյան), ինքնապաշտպանական երեք զինված ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Բաղդասարյան, Ա. Նավթալյան, Վ. Մինասյան)։ Մարտակերտում էր նաև շրջանում կազմավորված ինքնապաշտպանական բոլոր ջոկատների մարտական գործողությունները համակարգող շտաբը (համընդհանուր ղեկավար՝ Վ. Գալստյան, շտաբի պետ՝ Հ. Բաղմանյան)։ 1988-1992-ին Մարտակերտի և Հայաստանի կամավորական ջոկատները, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը մարտեր են մղել հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ։ 1992-ի հուլիսի 4-ին ԽՍՀՄ 4-րդ բանակի աջակցությամբ հակառակորդն սկսել է լայնածավալ մարտական գործողություններ և գրավել Մարտակերտը: Մարտակերտի, Կենտրոնական, Ասկերանի, Մարտունիի պաշտպանական շրջանները, 5-րդ կամավորական բրիգադը (հրամանատար՝ Մ. Գրիգորյան) և ՀՀ կամավորական ջոկատները 1993-ի հունիսի 12-ին ձեռնարկել են Մարտակերտի և շրջանի բնակավայրերի ազատագրման խոշորամասշտաբ ռազմական գործողություն և 1993-ի հունիսի 28-ին ազատագրել են քաղաքը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են 5, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 40 ազատամարտիկ։ Զոհվել է 134 ազատամարտիկ։

Վ. Խոնդկարյան, Հ. Մանուկյան

 

Գականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am