Մանուկյան Ալեք Թագվորի: Ծնվել է 1901թ. հունիսի 20-ին Քասաբա ավանում (Զմյուռնիա): Անվանի ազգային-հասարակական գործիչ, բարերար, արդյունաբերող: 1920թ.-ից ապրել է ԱՄՆ-ում: 1953-1989թթ. եղել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական վարչական ժողովի նախագահ, 1970թ.-ից` ցկյանս, 1989թ.-ից` պատվավոր նախագահ: 1929թ. հիմնել է սեփական ձեռնարկություն, որը վերաճել է ավտոմասեր արտադրող «Մասկո» միջազգային ընկերության: 1968թ. 1 մլն. դոլար կանոնադիր կապիտալով հիմնել է «Ալեք Մանուկյան» մշակույթային հիմնադրամը: Մեծ գումարներ է նվիրաբերել եկեղեցիներին, դպրոցներին, մշակութային միություններին, մարզական ու երիտասարդական կազմակերպություններին, ծերանոցներին, գրադարաններին, օժանդակել տարբեր համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը և հայկական ծրագրերի իրականացմանը: Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգեբարձուների Խորհրդի պատվո անդամ` հիմնադրամին նվիրաբերել է ավելի քան 500 հզ. ամերիկյան դոլար, որի մի մասն ուղղվել է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու շինարարությանը և հիմնադրամի կողմից ԼՂՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերի: 1994թ. նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Մահացել է 1996թ. հուլիսի 11-ին Դետրոյտ քաղաքում (Միչիգանի նահանգ, ԱՄՆ): Պարգևատրվել է բազմաթիվ պատվո շքանշաններով, արժանացել մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման: Նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում, Ստեփանակերտում, Մոնրեալում: Ստեփանակերտում տաղադրված է նրա արձանը: 1994 թվականի հոկտեմբերի 14-ին ստացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր երկրորդ, Երևան,2007 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am