Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Մալիբեկլուի ազատագրում 1992

 Մալիբեկլուի ազատագրում 1992: Մարտական գործողություն Շուշիի շրջանում։Տեղի է ունեցել 1992-ի փետրվարի 9-11-ը, Ստեփանակերտի հարևանությամբ տեղակայված Մալիբեկլուի ռազմական հենակետը ոչնչացնելու և մայրաքաղաքի անվտանգությունն ապահովելու նպատակով։

 1992-ի սկզբներին Ադրբեջանի ժողճակատի կազմակերպած բազմահազարանոց հանրահավաքների ճնշմամբ՝ նախագահ Այազ Մութալիբովը ստիպված է եղել մեծաքանակ ուժեր ու միջոցներ հանել ԼՂՀ-ի դեմ։ Ստեփանակերտը և հարակից բնակավայրերն անընդհատ հրթիռահրետակոծվել են Շուշիի, Խոջալուի, Ջանհասանի, Մալիբեկլուի ռազմական հենակետերից։ ԼՂՀ (քարտեզ) ԻՊՈՒ հայտնվել է ծանր իրավիճակում։ Թիկունքի անվտանգության ապահովման և մայրաքաղաքն օրեցօր սեղմող հրե օղակը վերացնելու առաջին քայլերին՝ Ջամիլլուի և Կրկժանի ազատագրմանը հաջորդել է Մալիբեկլուի սպառնալիքի վերացումը։ Մալիբեկլուն Ստեփանակերտ ներխուժելու և Մարտունի տանող ճանապարհը վերահսկելու ամենահարմար հենակետ էր։ Վտանգն ահագնացել էր հատկապես փետրվարի առաջին տասնօրյակում, երբ ադրբեջանական զինված կազմավորումները բոլոր կողմերից հարձակվել են ԼՂՀ սահմանների ողջ երկայնքով։

 Փետրվարի 9-ի ժամը 21-ին ԻՊՈՒ 1-ին վաշտը (հրամանատար՝ Ա. Ղուլյան) ևԱշոտ Ղուլյան ՀՀԴ կամավորական (հրամանատարներ՝ Պետրոս Ղևոնդյան և Վարդան Ստեփանյան) ու «Արաբո» ջոկատները (հրամանատար՝ Մ. Եղիազարյան) տեղակայվել են ելման դիրքերում։ 1-ին վաշտը, ճակատային գրոհ ձեռնարկելով հակառակորդի հիմնական դիրքերի ուղղությամբ, մտել է գյուղի կենտրոն։ Սակայն Վարդան Ստեփանյանի (Դուշման) ջոկատը, հանդիպելով ուժեղ դիմադրության, չի կարողացել շրջանցել հակառակորդին և դիրքավորվել է թիկունքում։ Արյունահեղությունից խուսափելու նպատակով ադրբեջանցի բնակչությանը հեռանալու հնարավորություն է տրվել։ Ազատամարտիկները փետրվարի 10-ի առավոտյան վերսկսել են հարձակումը։ Նույն օրվա երեկոյան, նրանք հարվածներ են հասցրել նաև Ղուշչուլարում հապճեպ դիրքավորվող ադրբեջանցի զինյալներին։ Դեռևս 1991-ի դեկտեմբերի 16-ին, Ասկերանի շրջանի Բերքաձոր բնակավայրի մոտ ընդհարման ժամանակ, ազատամարտիկները, հալածելով ադրբեջանցի զինյալներին, մտել էին գյուղ՝ առանց այնտեղ հաստատվելու մտադրության։ Միայն 1992-ի փետրվարի 11-ին վնասազերծվել են Ներքին և Վերին Ղուշչուլար գյուղերի հենակետերը։ Եռօրյա մարտերի արդյունքում ազատագրվել է նաև Մալիբեկլուն։ Ստեփանակերտն ազատվել է շրջափակման շղթայի ևս մի օղակից։ Վերահաստատվել է Ստեփանակերտի և Մարտունիի շրջանի բնակավայրերի միջև հաղորդակցության ամենակարճ ճանապարհը։ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ադրբեջանական զինված կազմավորումները ևս մի ուժեղ հարված են ստացել: Վնասազերծվել է Ստեփանակերտը հրթիռահրետակոծող հակառակորդի կրակակետերից ևս մեկը։

Մ. Հարությունյան

 

Գականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am