Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Մարկով (Մարգարյան) Անատոլի

 Մարկով (Մարգարյան) Անատոլի Սերգեյի (Սարգիսի): Ծնվել է 1917թ. հուլիսի 10-ին  Օմսկ քաղաքում (ՌԴ): Հայրը Սարգիս (Սերգեյ) Խաչատուրի Մարգարյանը  Նորադուս գյուղից է (Գավառի շրջան, Գեղարքունիքի մարզ, ՀՀ): 1939թ. զորակոչվել է զինված ուժեր: 1942թ. ավարտել է բարձրագույն ռազմածովային ուսումնարան: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1942թ. մարտից: «ՍԿԱ-102» պահականավակի հրամանատար ավագ լեյտենանտ Մակարովը հատկապես աչքի է ընկել Կերչ-Էլտիգենյան դեսանտային գործողության ժամանակ 1943թ. նոյեմբերին: Մի քանի օրվա ընթացքում նրա պահականավակը մարտնչել է ափը շրջափակել փորձող հակառակորդի նավերի դեմ: Էլտիգեն ավանի (Գերոևսկոյե, ք. Կերչ, Ղրիմ) շրջանում ապահովելով դեսանտային զորքերի ափհանումը և պաշտպանությունը «ՍԿԱ-102» պահականավակի անձնակազմը Կերչի նեղուցով կատարել է 15 ռեյս, ետ մղելով հակառակորդի տորպեդային նավակների ավելի քան 20 գրոհ: Մասնակցել է Նովորոսիյսկի գործողությանը, առաջիններից մեկը ներխուժել ծովախորշ, դեսանտ ափհանել: Նովորոսիյսկ քաղաքի և նավահանգստի ու Կերչի թերակղզու ազատագրման, դեսանտի ափհանման, արիության և հերոսության համար «ՍԿԱ-102» պահականավակի (Սև ծովի պահականավակների 2-րդ դիվիզիոն) հրամանատար ավագ լեյտենանտ Ա. Ս. Մարկովին ԽՍՀՄ Գերագոււյն խորհրդի նախարարի 1944թ. հունվարի 22-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: 1947թ. ավարտել է Բարձրագույն հատուկ սպայական դասեր: Կապիտան-լեյտենանտ Մակարովը զորացրվել է 1956թ.: Աշխատել է ԴՈՍԱՖ-ի ծովային ակումբի հրահանգիչ (Օմսկ): Մահացել է 1958թ. մայիսի 14-ին: Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և «Մարտական վաստակի համար» մեդալով: Նրա անունով է անվանակոչվել № 91 դպրոցը և փողոց Օմսկում: Ապրած տան ճակատին տեղադրված է հուշատախտակ:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր» կենսագրակայն հանրագիտարան, հատոր Բ, Երևան 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am