Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Մադրասի ազատագրական խմբակը: Խմբակի ստեղծումը

 Մադրասի ազատագրական խմբակը: Խմբակի ստեղծումը։ Հայ ազատագրական շարժումների պատմության մեջ կարևոր դեր են խաղացել Հնդկաստանի հայկական գադթավայրերը, մասնավորապես՝ Մադրասը։ XVIII դարի երկրորդ կեսին այդ գաղթավայրերում լայն աշխատանքներ ծավալվեցին հայ ազատագրական շարժման գաղափարախոսության հետագա մշակման ուղղությամբ։

 Հնդկահայ միջավայրում տարածված այս շարժումն ուներ ժամանակի ամենաառաջադիմական բովանդակությունը և պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Հնդկահայ առևտրական շրջանակները սերտ կապեր ունեին արևմտաեվրոպական երկրների, իսկ Հնդկաստանում՝ ամենօրյա շփումներ անգլիացիների հետ: Այս հանգամանքը նպաստել է, որ հնդկահայ գործիչները լավատեղյակ լինեին եվրոպական լուսավորիչների գաղափարներին։ Դա նաև մի ժամանակաշրջան էր, երբ տեղի անգլիական գաղութային իշխանությունները բոլոր միջոցներով փորձում էին հայերին դուրս մղել Հնդկաստանից։ Անգլիացիներն ուղղակի հաշվեհարդար սկսեցին անպաշտպան հայ առևտրականների նկատմամբ՝ բռնագրավելով նրանց նավերն ու յուրացնելով ապրանքները։ Դրա հետևանքով հնդկահայ վաճառականները դուրս մղվեցին արտաքին վաճաոահանման շուկաներից և կամա թե ակամա իրենց հայացքն ուղղեցին դեպի հեռավոր հայրենիքը՝ մշակելով ծրագրեր նրա ազատագրության, հայրենի պետականության վերականգնման համար և գիտակցելով, որ միայն սեփական պետությունն է ի վիճակի պաշտպան կանգնելու հայ վաճառականությանը և հետապնդելու նրա շահերը։

 Հնդկահայ վաճառականության ականավոր ներկայացուցիչներից էր Շահամիր Շահամիրյանը (1723-1797)։ Նա ծնվել է Նոր Ջուղայում, զբաղվել դերձակությամբ։ Ուրիշ շատ ջուղայեցիների նման գաղթել էր Հնդկաստան և բնակություն հաստատել Մադրասում։ Այստեղ նա դարձել էր ադամանդավաճառ և կարճ ժամանակում մեծ հարստություն կուտակել, եղել էր Հնդկաստանի ամենաունևոր մարդկանցից մեկը։ Նրան էին պատկանում բազմաթիվ խանութներ, կալվածքներ, գործարաններ, ծխախոտի պլանտացիաներ։

 Շ. Շահամիրյանը մեծ սեր ու ձգտում ուներ դեպի գիրն ու գրականությունը և ազատ ժամերին գրաղվում էր ինքնակրթությամբ։ Նա կարևոր դեր է կատարել Մադրասի հայկական համայնքի կյանքում: Եղել է Մադրասի հայոց ինքնավարության կազմակերպիչներից մեկը և ինքնավարության կանոնադրության («Նոր տետրակ, որ կոչի նշավակ», 1783) հեղինակը։ Շ. Շահամիրյանի հասարակական-քաղաքական հայացքների և ազատագրական գործունեության վրա նշանակալի ազդեցություն են ունեցել Մովսես Բաղրամյանն ու Հովսեփ Էմինը։

 Մովսես Բաղրամյանը XVIII դարի երկրորդ կեսի հայ ամենաականավոր մտածողներից ու ազատագրական շարժման գաղափարախոսներից էր։ Նա ծնունդով արցախցի էր, կրթությունը ստացել էր Նոր Ջուղայում, զբաղվել վաճառականությամբ։ Որոշ ժամանակ բնակվել է Մոսկվայում, որտեղ էլ 1762 թ. հանդիպել է իր հեռավոր ազգական Հովսեփ Էմինին։ 1762-1767 թթ. Բաղրամյանը եղել է Էմինի հավատարիմ զինակիցը և նրա հետ ջանքեր է գործադրել Հայաստանի ազատագրության խնդիրր գլուխ բերելու համար։ 1767 թ. բաժանվել է Էմինից և տեղափոխվել Հնդկաստան, բնակվել Մադրաս քաղաքում։ Այստեղ էլ ծանոթացել է Շ. Շահամիրյանի հետ ու համաձայնվել դառնալ վերջինիս որդիների՝ Հակոբի և Եղիազարի ուսուցիչը։ Բաղրամյանն իր սաներին, ինչպես նաև Շ. Շահամիրյանին ու նրա մի քանի մտերիմներին ծանոթացրել է Էմինի քաղաքական ծրագրերին և Հայաստանի ազատագրության վերաբերյալ իր տեսակետների հետ։ Շ. Շահամիրյանի մոտ միտք է հղանում գաղափարակիցների այս փոքրիկ շրջանակը համախմբել մի կազմակերպության մեջ։ 1771 թ. նրա անմիջական ջանքերով ու ղեկավարությամբ Մադրասում ստեղծվեց հայ իրականության մեջ առաջին քաղաքական խմբակը, որի կազմում. բացի իրենից, մտնում էին նաև որդիները՝ Հակոբն ու Եղիազարը, Մովես Բաղրամյանը, հարուստ առևտրական Գրիգոր Խոջաջանյանը և ուրիշներ։

 Մադրասի խմբակի նպատակների ու ծրագրերի, ինչպես նաև Հայսատանի ազատագրության հարցի շուրջ Շ. Շահամիրյանը աշխույժ նամակագրություն է սկսում Արցախի մելիքների, Ս. էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսների, վրաց Հերակլ II թագավորի և այլոց հետ։ Շ. Շահամիրյանն այն միտքն է զարգացրել, որ Հայաստանը ազատագրվելու է հայերի զանգվածային ապստամբությամբ, որը գլխավորելու են Ս. էջմիածինն ու Արցախի մելիքները։ Հայաստանի ազատագրության գործում Շ. Շահամիրյանն ակնկալում էր նաև վրաց թագավոր Հերակլ II-ի զինական օգնությունը։ Նա առաջարկում էր կնքել hայվրացական ռազմական դաշինք, որի շնորhիվ hնարավոր կլիներ ոչ միայն ազատագրել Հայաստանը, այլև ապահովել համատեղ ձեռք բերված անկախության անվտանգությունը։ Անշուշտ, Շահամիրյանն ըմբռնում էր, որ միայն հայ-վրացական ռազմական ուժերով հնարավոր չէ երկրամասում երաշխավորել երկարատև խաղաղություն, ուստի մեծ նշանակություն էր տալիս Ռուսաստանի ռազմա֊քաղաքական օգնությանը։

 Խմբակի գործունեությանն ավելի կազմակերպված բնույթ հաղորղելու և ազատագրական գաղափարները բովանդակ հայության մեջ տարածելու նպատակով Շ. Շահամիրյանը Եվրոպայամ գնում է տպագրական սարքավորումներ, պատրաստել տալիս հայկական տպատառեր, Ֆրանսիայից հրավիրում տպագրական գործի հմուտ վարպետներ և 1771 թ. Մադրասում հիմնում է Հայկական տպարան։ Որոշ ժամանակ անց այստեղ տպագրվում են հայերի ազգային ինքնաճանաչողությանն ու ազատագրական շարժման վերելքին նպաստող հրապարակախոսական-քաղաքական բնույթի մի քանի գրքեր։ Ազատագրական խմբակի գործունեությունն ավելի է աշխուժանում, երբ 1773 թ էմինը երկարատև թափառումներից հետո բնակություն է հաստատում Մադրասում։ Խմբակի անդամները, որ քաջատեղյակ էին էմինի հայացքներին ու ազատագրական ծրագրերի մանրամասներին, ոգևորվում են նրա ներկայությունից և որոշում են օգնել նրան ստեղծելու հայ ազատագրական ջոկատներ։ Խմբակը սկսում է գործնական քայլեր կատարել Հայաստանի ազատագրության իր ծրագիրն իրականացնելու ուղղությամբ։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am