Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) և ղարաբաղյան ազատագրական պատերազմը

 Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) և ղարաբաղյան ազատագրական պատերազմը:  ՄԱԿ-ը պետությունների միջազգային կազմակերպություն է։ Հիմնադրվել է ժողովուրդների խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու, պետությունների համագործակցությունը զարգացնելու նպատակով։ ՄԱԿ-ի կանոնադրությունը սկզբնապես ստորագրել են 50 հիմնադիր պետություններ՝ 1945-ի հունիսի 26-ին, ուժի մեջ է մտել 1945-ի հոկտեմբեւի 24-ին։ ՄԱԿ-ի գործունեությունն իրականացնող գլխավոր մարմիններն են Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը (ԱԽ), Տնտեսական և սոցիալական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Միջազգային դատարանը, ՄԱԿ-ի քարտուղարությունը։ Գործունեությունն ամբողջացնում են ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություններն ու այլ հիմնարկներ։ 2004-ի հունվարի 1-ի դրությամբ ՄԱԿ-ի անդամ էր 191 պետություն։

 Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի անդամ է դարձել 1992-ի փետրվարին։ Երևանում գործում է ՄԱԿ-ի գրասենյակը (1992-ից)։ ՄԱԿ-ը Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձել է դեռևս մինչև ԽԱՀՄ-ի փլուզումը։ 1991-ի մարտի 5-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվել է ԼՂԻՄ-ում տիրող իրավիճակը և նշվել, որ Արցախում ոտնահարվում են հայ բնակչության ազատությունները, նրա ինքնորոշման իրավունքը։ ՄԱԿ-ի ԱԽ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ 1993-ին ընդունել է չորս բանաձև։ 822 բանաձևը (ընդունվել է ապրիլի 30-ին), պահանջել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, հրադադարի հաստատում և տեղական հայկական ուժերի դուրսբերում Քելբաջարի շրջանից։ Կոչ է արել բոլոր կողմերին անհապաղ վերսկսել ԵԱՀԽ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունները։

 853 բանաձեվը (հուլիսի 29) հակամարտության երկու կողմերին կոչ է արել կատարել 822 բանաձևի պահանջները, դատապարտել է Ադրբեջանին հայաբնակ շրջանների ռմբակոծման և քաղաքացիական բնակչության վրա հարձակումների համար որպես պատասխան քայլ՝ հայկական ուժերի կողմից Աղդամ քաղաքի գրավումը։

 Մինչև օգոստոսի 8-ը տևած նիստում ընդունվել է «ՄԱԿ-ի ԱԽ 822 և 853 բանաձևերի իրականացման անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը» ։

 874 բանաձևը (հոկտեմբերի 14) կոչ է արել կողմերին արդյունավետ և մշտական դարձնել ուղիղ բանակցությունների միջոցով հաստատված զինադադարը, վերահաստատել է ԱԽ-ի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին, ողջունել Մինսկի խմբի առաջարկած ԱԽ 822 և 853 բանաձևերի իրականացման անհետաձգելի միջոցառումների հարմարեցված ժամանակացույցը և կոչ արել կողմերին անհապաղ իրականացնել այդ ժամանակացույցում մատնանշված միջոցառումները։

 884 բանաձևը (նոյեմբերի 12) տագնապով նշել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումն ու ռազմական գործողությունների ծավալումը, և որպես հետևանք ու պատասխան, հայկական ուժերի կողմից Զանգելանի շրջանի և Հորադիզ քաղաքի գրավումը։

 

Գրականություն

Աբրահամյան Հ., Հարությունյան Հ., Արցախի համար զոհված վարանդացիները, Ե., 2003։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am