Լոնդոնի կոնֆերանս: Տեղի է ունեցել 1921 թ. փետրվարի 21-ից մարտի 14-ըընկած ժամանակահատվածում: Մասնակցել են Անտանտի մի շարք պետություններ (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Ճապոնիա, Հունաստան) և առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիան ու Թուրքիան: Լոզանի կոնֆերանսում ի թիվս այլ հարցերի (ռազմատուգանք, հույն-թուրքական պատերազմի դադարեցում և այլն) Ֆրանսիայի և Իտալիայի առաջարկով քննարկվեց նաև 1920 թ. Սևրի հաշտության պայմանագրի վերանայման հարցը: Օգտվելով Անտանտի տերությունների միջև սրված իմպերիալիստական հակասություններից՝ թուրքական միացյալ պատվիրակությունը (Ռեշիդ փաշան՝ Կ. Պոլսից և Բեքիր Սամի բեյը՝ Անկարայի կառավարությունից) պահանջեց վերականգնել նախապատերազմյան սահմանները (առանց արաբական երկրների, բայց ներառյալ 1920 թ. Ալեքսանդրապոլի պայմանագրով զավթած Կարսի մարզն ու հայկական մյուս տարածքները): Անտեսելով Սևրի պայմանագրի ստորագրումից հետո Մերձավոր Արևելքում տեղի ունեցած ռազմաքաղաքական փոփոխությունները (քեմալականների հաջող պատերազմները Հունաստանի ու Հայաստանի Հանրապետության դեմ, խորհրդաթուրքական մերձեցումը, Անկարայի հետ Անտանտի առանձին երկրների անջատ բանակցությունները և այլն)՝ հայկական զույգ պատվիրակությունները Ա. Ահարոնյանի և Պողոս Նուբարի գլխավորությամբ ապարդյուն փորձում էին Անտանտի տերություններին համոզել՝ իրագործել Սևրի պայմանագրի՝ Արևմտյան Հայաստանին վերաբերող հոդվածները և «վարչական ինքնավարություն» ստանալ ֆրանսիական ազդեցության ոլորտում գտնվող հայկական Կիլիկիայի համար:

 Անգլո-ֆրանսիական ներկայացուցիչների հետ գաղտնի գործարքի մեջ մտած (1921 թ. մարտի 9-ի ֆրանս-թուրքական համաձայնագիր, համատեղ կոնցեսիաներ և այլն) թուրքական պատվիրակությունը մերժեց հայերի բոլոր պահանջները, իսկ Լոնդոնի կոնֆերանսում բավարարվեց սոսկ Արևելյան նահանգների սահմաններում «Հայկական ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը նույնպես չընդունեց թուրքական պատվիրակությունը: Այդպիսով, Սևրի պայմանագրում նախատեսված հայկական «ազատ և անկախ» պետության գաղափարը փոխարինվեց «ազգային օջախով», որը շուտով ամենևին պետք է ջնջվեր Լոզանի պայմանագրում(տե՛ս Լոզանի կոնֆերանս 1922-23 թթ.):

Ջ. Թորոսյան

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարանԵրևան, 1996թ.: 

«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքինքաղաքականության փաստաթղթերում (1828-1923)»Երևան, 1972:  

Саакян  Р. Г., Франко-турецкие отношения и Киликия в 1918-1923 гг.. Е, 1986. 

Маndelstam A. N., La Socie'te des Nations et les Puissances devant le proble'me arme'nien, 2 e'me e'd, Beyrut, 1970, p. 195-207.  


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am