Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեսնոյի Ռազմական Գործողություն

 Լեսնոյի Ռազմական Գործողություն: Տարաշարժային-մարտավարական գործողություն։ Տեղի է ունեցել 1991-ի դեկտեմբերի 23-ին։ Նպատակն էր շեղել հակառակորդի ուշադրությունը Կրկժանից, միաժամանակ վնասազերծել Ասկերանի շրջանի Լեսնոյ գյուղում տեղակայված նրա կրակակետերն ու զինված կազմավորումները, որոնք պարբերաբար գնդակոծում էին Բադարա, Աստղաշեն, Դահրավ և այլ բնակավայրեր։

 ԼՂՀ սահմանամերձ ադրբեջանական գյուղերից հատկապես վտանգավոր էին Ջամիլլուն և Լեսնոյը։ Ռազմական գործողությանը մասնակցել են ՀՀԴ կամավորական ջոկատները (հրամանատարներ՝ Ժ. Սեֆիլյան, Վ. Բալայան), Սարդարաշենի, Խնձրիստանի ու Բադարայի ինքնապաշտպանական ջոկատներից առանձին կամավորներ։ Կատարվել են մեկշաբաթյա մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքներ։ Լեսնոյի աջակողմյան բլրին դիրքավորվել են Վ. Ստեփանյանի և Ն. Ղուլյանի հրամանատարությամբ գործող խմբերը, ավելի աջ՝ ուսանողների խմբին միացած Ստեփանավանի կամավորները (ընդհանուր հրամանատար՝ Ս. Ղարիբյան)։ Ձախում գործել են գնդացրային հաշվարկը և Ա. Մանուչարյանի ջոկատը։ Ժ. Սեֆիլյանի կամավորական ջոկատը պատրաստվել է Լեսնոյ մտնել կենտրոնական մասով։ Սարդարաշենի «Վարդան» ինքնապաշտպանական ջոկատից՝ 4, Խնձրիստանի ջոկատից 2 մարտիկներ, բադարացի ուղեցույցի առաջնորդությամբ, սրընթաց անցնելով մոտ 25 կմ և շրջանցելով Լեսնոյը, դարանակալել են հակառակորդի թիկունքում՝ Կարագյավից եկող ճանապարհի ուղղությամբ։ Գրոհը սկսվել է լուսադեմին։ Ռազմական հենակետի վերածված յուրաքանչյուր տուն դիմադրել է հուսահատ կատաղությամբ։ Հակառակորդի գնդացիրները լռեցվել են նռնականետներով և առաջին անգամ կիրառվող կրականետներով։ Հակառակորդը խուճապի մատնվելով՝ նահանջել է։ Կարագյավից օգնության եկած հարյուրավոր ադրբեջանցիներ հետ են մղվել ճանապարհին դարանակալած խմբի կողմից։ Մինչ ուղղաթիռներով Կարագյավ տեղափոխված հակառակորդի ուժերը գրավել են շրջակա բարձունքներից մեկը, հայ մարտիկները, մարտական առաջադրանքը կատարելով, կազմակերպված նահանջել են։ Յոթ ժամ տևած ճակատամարտն ավարտվել է Լեսնոյի կրակակետերի վնասազերծմամբ։ Հակառակորդը մարտադաշտում թողել է 80-ից ավելի սպանված, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։

 Այդ հաղթանակը բարոյահոգեբանական խթան է հանդիսացել ԻՊՈՒ-ի համար: Ջեռք է բերվել մարտավարական փորձ, կանխվել է Աղդամից՝ Ասկերանի, Խոջալուից և Լեսնոյից՝ Աստղաշենի ուղղություններով միաժամանակյա հարձակման անցնելու հակառակորդի ծրագփ իրագործումը։

 Հետագայում հակառակորդը Լեսնոյ գյուղի մոտ կայազոր է տեղակայել, շրջակա տարածքը վերահսկելու նպատակով և 1992-ի գարնանը մարտարշավ է ձեռնարկել, որի արդյունքում կորցնելով 10 զինվոր՝ թողել է զբաղեցրած դիրքերը և նահանջել։ 1992-ի մայիսի 9-ին Կարագյավի նկատմամբ հայկական ուժերի կողմից վերահսկողություն հաստատելուց հետո Լեսնոյը կորցրել է իր երբեմնի ռազմավարական նշանակությունը։

Մ. Հարությունյան

 

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am