Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ (ԼՂԻՄ)

 Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ (ԼՂԻՄ): 1923-ի հուլիսի 7-ից մինչև 1991-ի սեպտեմբերի 2-ը եղել է ինքնավար մարզ Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Տարածքը՝ 4,4 հզ. կմ2։ Բնակչությունը՝ 157,2 հզ. (1989)։ Ներառում էր Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի և Շուշիի վարչական շրջանները։ Ուներ 2 քաղաք, 7 քաղաքատիպ ավան։ Կենտրոնն էր Ստեփանակերտ  քաղաքը։

 Կազմվել է ՌԿ(Բ)Կ Կովբյուրոյի 1921-ի հուլիսի 5-ի որոշմամբ և Ադրբեջանական ԽՍՀ կենտգործկոմի 1923-ի հուլիսի 7-ի «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ստեղծման մասին» դեկրետով։ Մինչև 1936-ը կոչվել է Ինքնավար Մարզ Լեռնային Ղարաբաղի։ Ադրբեջանական ԽՍՀ խախտելով Կովբյուրոյի «Լեռնային Ղարաբաղի հայկական հատվածից ստեղծել ինքնավար մարզ...» որոշումը՝ մարզի կազմում չի ներառել ԼՂ հարավային (Կուբաթլու, Զանգելան, Ֆիզուլի, Ջաբրայիլ), արևմտյան (Լաչին, Քելբաջար), կենտրոնական (Խանլար, Շահումյան) և հյուսիսային (Դաշքեսան, Գետաբեկ, Շամխոր) շրջանները, որտեղ հայերը կազմում էին բնակչության մեծամասնությունը։ 1986-ին Ադրբեջանական ԽՍՀ ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին» օրենք, որտեղ արտացոլված են ԽՍՀՄ ազգային-պետական կառուցվածքի համակարգում ԼՂԻՄ-ի պետականության բնորոշ հատկանիշները։ Օրենքում հաստատագրված է, որ ԼՂԻՄ-ի կարգավիճակը որոշվում է ԽՍՀՄ սահմանադրությամբ և «Ինքնավար մարզի տարածքը չի կարող փոփոխության ենթարկվել առանց ԼՂԻՄ-ի ժողպատգամավորների խորհրդի համաձայնության»: 1992-ի հունվարի 7-ին Ադրբեջանական ԽՍՀ ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը լուծարելու մասին» օրենքը (Բաքվի կողմից թվագրված է 23.11.1991)։ Օրենքը հակաիրավական է, քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը չի դարձել Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդը և որևէ առնչություն չունի ԼՂ-ի հետ։ Բացի այդ, դեռևս օրենքի հրապարակումից առաջ ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի միավորմամբ 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվել էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

Իշխանյան Ե., Լեռնային Ղարաբաղ 1917-1920 թթ.,«Հայաստան» հրատ., Երևան, 1999թ.: 

Մանասյան Ա., Լեռնային Ղարաբաղ.Ինչպես է դա եղել..., ԵՊՀ հրատ., Երևան, 2011 թ.:

Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղ.Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության անատոմիան, «Ազատ Արցախ» հրատ., Ստեփանակերտ, 2003 թ.:

Հարությունյան Հ., Լեռնային Ղարաբաղ (1918-1921 թթ.), ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 1996 թ.:

Ղարիբյան Ա., Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը 1918-1920 թթ. և Մեծ Բրիտանիան, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.:

Հակոբյան Տ., ԼՂՀ հռչակումը և պետական շինարարության գործընթացը (1991-1994 թթ.), Էդիտ պրինտ հրատ., Երևան, 2011 թ.:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am