Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Բերձորի (Լաչին) մարդասիրական միջանցքի բացում

 Բերձորի (Լաչին) մարդասիրական միջանցքի բացում: Ռազմական գործողությունը տեղի է ունեցել 1992-ի մայիսի 17-18-ին։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի և կամավորական ջոկատները ձեռնարկել են օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։ Համաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը պետք է իրականացվեր մայրուղու աջ և ձախ թևերում։ Գործողությանը մասնակցել են ինքնապաշտպանական ուժերի 2-րդ, 5-րդ, 6-րդ կամավորական վաշտերը, Այգեստանի, Խնածախի, Դահրավի, Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Սարինշենի, Քարինտակի, Շոշի, Բեդաձորի ենթաշրջանի և ՀՀ-ից կամավորական տարբեր ջոկատներ և ականանետային խումբը։ Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ են առել Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։ Մայիսի 18-ին ինքնապաշտպանական ուժերի կազմավորումները և կամավորական ջոկատները մտել են Լաչին, ապա դուրս եկել ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը»։ Միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը հոկտեմբերին ծրագրել է խոշոր հարձակում միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում։ Հակառակորդի դեմ հարավային ռազմաճակատի գծում հակահարձակման են անցել Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։ Թեժ մարտերի ընթացքում հայկական ուժերին հաջողվել է իրար հետևից գրավել կարևոր դիրքեր և թշնամուն ստիպել նահանջել Կուբաթլուի շրջանի խորքը, և հարավային ուղղությամբ ԻՊՈՒ ձեռնարկած ռազմական գործողություններն ավարտվել են հաջողությամբ։ Դրանից հետո հակառակորդն ակտիվ մարտական գործողություններ է սկսել միջանցքի հյուսիսում՝ Ղոչազ լեռան ուղղությամբ։ Հայ ազատամարտիկները հաջողությամբ հետ մղելով հակառակորդի բոլոր գրոհները և զարգացնելով իրենց առաջխաղացումն ազատագրել են Խրմանլար գյուղը, ապա վնասազերծել Մազմազակ գյուղում տեղակայված ռազմական հենակետերը։ Հայկական ուժերի կողմից ձեռնարկած վճռական մարտական գործողությունների շնորհիվ փաստորեն ապահովվել է Ստեփանակերտ-Լաչին-Գորիս երթևեկությունը:

Ս. Հասրաթյան

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am