Ազգային խորհուրդ ԼՂԻՄ: Մարզային ինքնակառավարման ներկայացուցչական մարմին: Ընտրվել է 1989-ի օգոստոսի 16-ին՝ Ստեփանակերտում հրավիրված ԼՂԻՄ ազգաբնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարում՝ մինչև ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի և կուսակցության մարզկոմի վերականգնումը մարզը ղեկավարելու նպատակով: Ազգային խորհուրդը ունեցել է 80 անդամ, ընտրել նախագահություն: Նախագահության նախագահ՝ Վ. Գրիգորյան, տեղակալներ՝ Վ. Աթաջանյան և Վ. Թովմասյան, անդամներ՝ Ն. Ավագիմյան, Ռ. Աղաջանյան, Ս. Բաբայան, Կ. Բաբուրյան, Գ. Բադյան, Ս. Դավթյան, Վ. Գաբրիելյան, Է. Ղուկասյան, Օ. Եսայան, Վ. Քոչարյան, Ռ. Քոչարյան, Ռ. Մանգասարյան, Մ. Միրզոյան, Ա. Մկրտչյան, Յու. Ներսիսյան, Ռ. Պետոսյան, Շ. Պետոսյան:

 Համագումարում ընդունվել են որոշում, հռչակագիր և դիմումներ՝ ուղղված հատուկ շրջանի պարետին, խորհրդային բանակի և ԽՍՀՄ ՆԳՆ ստորաբաժանումների սպաներին ու զինվորներին, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդին:

 Ազգային խորհուրդի առաջնահերթ խնդիրներն էին՝ ազգամիջյան ընդհարումների կասեցումը, իրավիճակի կայունացումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը: 1989-ի դեկտեմբերի 1-ին Ազգային խորհուրդը և ՀԽՍՀ ԳԽ համատեղ նիստում որոշում է ընդունվել ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին: Ազգային խորհուրդը գործել է մինչև ԼՂՀ անկախության հռչակումը՝ 1991-ի սեպտեմբերի 2-ը:

 

Գրականության ցանկ

 Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ազգաբնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարի նյութերը. Ս., 1989 :

 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

Մ. Հարությունյան

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am